Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016թ. համար ցածր գնաճին

Մայիս 05,2016 15:58

Հավանության է արժանացել ՀՀ կենտրոնական բանկի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը: Համաձայն եզրակացության՝ ԿԲ-ի 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի մակրոտնտեսական միջավայրի զարգացումների գնահատականներն ընդհանուր առմամբ համահունչ են կառավարության մակրոտնտեսական ծրագրերով նախատեսվող ուղղություններին:

Ըստ եզրակացության՝ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրում նկարագրված իրական հատվածի ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտների զարգացումներն ունեն որոշակի հավակնոտություն, իսկ ցածր գնաճի նպատակադրման միջոցով ներկայացվում է, որ մի կողմից` հնարավոր կլինի նվազեցնել գնաճային սպասումները, իսկ մյուս կողմից` կբարձրանա երկրի արտաքին մրցունակությունը, իրեն հաջորդող դրական հետևանքներով: Այսինքն` ՀՀ ԿԲ 2016թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմնական ուղղությունը հանգում է 2016թ. համար ցածր գնաճ խարսխելով գնաճային սպասումները նվազեցնելուն:

Այսպիսով՝ կառավարությունը, կարևորելով մակրոտնտեսական արդյունավետ քաղաքականության իրականացումը, հարկաբյուջետային կարճաժամկետ և միջնաժամկետ ծրագրերում նպատակադրում է ԿԲ-ի ընդունած գնաճի երկարաժամկետ կայուն՝ 4±1.5 տոկոս ցուցանիշ, ինչը երկարաժամկետ հատվածում կկայունացնի նաև գնաճային սպասումները և կնպաստի ներդրումների ու բարեկեցության աճին: Կառավարությունը գտնում է, որ ԿԲ-ը դրամավարկային քաղաքականության ծրագրերում պետք է շարունակի հետամուտ լինել գների կայունության ապահովմանը և նկարագրի դրամավարկային պայմանների այնպիսի գործիքներ, քայլեր և հաճախականություն, որոնք ուղղված կլինեն թե՛ կարճաժամկետ և թե՛ միջնաժամկետ հատվածում գնաճի նպատակից շեղման ռիսկերի չեզոքացմանը:

Հավանության է արժանացել նաև ՀՀ կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը, որի համաձայն ՀՀ-ում անցած տարի նվազող համախառն պահանջարկի պայմաններում, իրականացվել է առավել խթանող հարկաբյուջետային քաղաքականություն, իսկ ՀՀ կենտրոնական բանկն, ընդհանուր առմամբ, իրականացրել է դրամավարկային պայմանների թուլացման քաղաքականություն:

Տարվա ընթացքում նախ ՀՀ ԿԲ կողմից ակնկալվում էր գների ընդլայնման միջավայր` հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ պայմանավորված, այնուհետև գյուղմթերքների գների ավելի ցածր մակարդակի ձևավորմամբ պայմանավորված` գնաճի նվազող վարքագիծ: Արդյունքում, 2015թ. դեկտեմբերին ամսական գնաճը կազմել է` 1.7 տոկոս, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ արտահայտվել 0.1 տոկոս գնանկում: Այս ժամանակահատվածում, ՀՀ ԿԲ-ն, իհարկե, թուլացրել է դրամավարկային քաղաքականության պայմանները: Առաջին կիսամյակի վերջում ՀՀ ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 10.5 տոկոս մակարդակում և իրականացրել մակրոպրուդենցիալ մի շարք միջոցառումներ:

Գործադիրն ընդունել է նաև «ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2015թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվության մասին» որոշում:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031