Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևան Ջուր ՓԲԸ». ջրի անբավարարության խնդիր ամռանը Երեւանում չի լինի

Մայիս 13,2016 16:14

Երևան Ջուր ՓԲԸ գործունեության արդյունքներ, աշխատանքներ, նախագծեր, հեռանկարներ

Այսօր` Peoplemeter մամուլի սրահում կայացավ Երեւան Ջուր ՓԲԸ ներկայացուցիչների հերթական հանդիպումը ԶԼՄ-ների հետ: Հավատարիմ հրապարակային աշխատանքի իր գործելաոճին` ասուլիսի ընթացքում բանախոսները խոսեցին ընկերության գործունեության արդյունքների, ընթացիկ աշխատանքների, առաջիկա նախագծերի եւ հեռանկարների մասին:

Ջրամատակարարում

Ապրիլին Երեւանում ջրամատակարարման շարունակականությունը կազմել է 97,8%, իսկ շուրջօրյա ջուր է ունեցել սպառողների 86%-ը: Թե մեկը եւ թե մյուսը գերազանցում են 10-ամյա Վարձակալության պայմանագրով սահմանված ցուցանիշները: Երեւան Ջուրը վստահորեն մոտենում է վերջնագծին: Այնուամենայնիվ, աշխատանքների տեմպերը չեն նվազում:

Մայիսի 1-ից ուժի մեջ է Երեւանում եւ հարակից 30 համայնքներում ջրամատակարարման նոր ժամանակացույցը: Վերջին ամիսներին շուրջօրյա ջրամատակարարմամբ են ապահովվել Նորագավիթ եւ Կիլիկիա թաղամասերը, Նոր Նորքի 5-րդ, 8-րդ զանգվածները, ինչպես նաեւ մոտ 100 բազմաբնակարան շենք տարբեր թաղամասերում, որոնք սպասարկվում են նոր կառուցվող բակային պոմպակայանների միջոցով: Դրանից բացի, կանոնավորվել ու կայունացել է ջրամատակարարումը մի շարք այլ տարածքներում, մասնավորապես, Մալաթիա-Սեբաստիայի, Քանաքեռ-Զեյթունի որոշ հատվածներում:

Մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրները լուծելուն զուգահեռ, ընկերությունը ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձնում իր կողմից սպասարկվող այն համայնքներին, որտեղ ջրամատակարարումը դեռեւս ժամանակացույցով է: Մասնավորապես վերջին ամիսներին Եղվարդում, Բալահովիտում, Գետարգելում, Պտղնիում, մի շարք այլ գյուղերում բարելավվել է ջրամատակարարումը՝ հասնելով ընդհուպ մինչեւ շուրջօրյայի:

Ամռանը, խմելու ջրի պահանջարկի կտրուկ աճով պայմանավորված` Երևան Ջուր ՓԲԸ համակարգում լարվածությունն ավելանում է: Արդեն 4-րդ տարին է, ինչ լեռնային աղբյուրներից հիմնականում ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ օգտագործման շնորհիվ «Արարատյան» և «Շոր-Շորի» պոմպակայանները դարձել են պահուստային և աշխատում են միայն սպառման «պիկերին»: Անհրաժեշտության դեպքում դրանց կվերագործարկվեն նաեւ այս անգամ: Այսպիսով, ջրի անբավարարության խնդիր ամռանը Երեւանում չի լինի:

Շինարարություն

Մեկ ամիս է, ինչ մայրաքաղաքում ջրաշինարարական աշխատանքներ են ընթանում: Արդեն կնքվել է 17 պայմանագիր, որից 13-ը մեկնարկել է: Ընդհանուր առմամբ ավելի քան 600 մլն դրամ է նախատեսում ծախսել ՍԵՓԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ Երեւան Ջուրը 2016թ.-ի շինարարական ծրագրերի վրա: Սա՝ նախնական հաշվարկով, որովհետեւ ժամանակի ընթացքում որպես կանոն նորանոր խնդիրներ են առաջանում, ինչն իր հետ բերում է այդ ծավալների ավելացմանը: Սակայն նախատեսվածն էլ քիչ չէ, հատկապես եթե հաշվի առնենք, որ ընկերությունը իր գործունեության 9,5 տարիներին վարձակալության պայմանագրով ստանձնած ներդրումային պարտավորությունը արդեն իսկ գերազանցել է մոտ 4,8 միլիարդով (10,64 մլրդ-ի փոխարեն՝ 15,43 մլրդ դրամ):

Ավելին, ջրամատակարարման բարելավման նպատակով Երեւան Ջուրը սկսել է օգտագործել նաեւ ՎԱՐԿԱՅԻՆ ու ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ միջոցներ, հատկացված Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի, Եվրոպական Ներդրումների Բանկի և Եվրոպական Միության Հարևանության Ներդրումային Ծրագրի կողմից: Նախատեսված 30 բակային պոմպակայաններից արդեն վերակառուցվել է 28: Նաեւ մայրաքաղաքի 9 վարչական շրջաններում նախատեսվում է անհատական տնատիրություններով կառուցապատված թաղամասերում վերականգնել շուրջ 150 կմ ջրագծեր, փոխարինել առկա շուրջ 220կմ ընդհանուր երկարությամբ բաժանորդների անհատական միացումներ, տեղադրել 14,000 ջրաչափ եւ այլն: Արդեն առաջիկա ամիսներին կսկսվեն աշխատանքները Արաբկիր ու ՔանաքեռԶեյթուն վարչական շրջանններում:

Սմարթֆոն

Բաժանորդների կողմից սպառված ջրի ճշգրիտ քանակը գրանցելու, ջրաչափերի տեխնիկական վիճակը ստուգելու, ջրի ծախսի հաշվարկ կատարելու, մասնագետ-տեսուչների աշխատանքը վերահսկելու նպատակով համակարգում սկսվել է ՍՄԱՐԹՖՈՆՆԵՐԻ լայնածավալ կիրառությունը:

Դրանց աշխատանքի սկզբունքը հետեւյալն է: Այցելելով բաժանորդին՝ մասնագետ-տեսուչը եւ՛ գրանցում է ջրաչափի ցուցմունքը սմարթֆոնում, եւ՛ նկարահանում այն, որը համացանցով անմիջապես մուտք է գործում ընկերության տեղեկատվական բազա: Մեկ այլ ծառայությունում դրանք ստուգվում են, համեմատվում, ինչպես նաեւ նշվում ջրաչափի կամ ջրի հաշվարկի թերությունները եւ հետո միայն որպես հիմք ընդունվում՝ հետագա գործառույթների համար:

Նորամուծությանը նախորդել է մոտ մեկ տարի տեւած նախապատրաստական աշխատանքը, որի ընթացքում ընկերության մասնագետների կողմից մշակվել է համապատասխան ՏՏ ծրագիրը, որն աչքի է ընկնում իր լայն հնարավորություններով եւ ըստ էության ի վիճակի է լուծել ջրի վաճառքին ու ջրաչափությանն առնչվող բոլոր խնդիրները:

Սկզբում՝ 2015թ աշնանը, դրանք կիրառվեցին իրավաբանական բաժանորդներին սպասարկելու համար, այնուհետև՝ անհատական տնատիրություններում, իսկ առաջիկայում սմարթֆոններով կապահովվեն բազմաբնակարան շենքերը սպասարկող աշխատակիցները: Արդյունքներն ավելի քան գոհացուցիչ են: Մասնավորապես կտրուկ նվազել է անճշտությունների քանակը, փաստագրվում են ջրի ծախսի իրական ծավալները, նվազում է սպառողների դժգոհությունը, իսկ ջրի վաճառքը որոշակի ավելանում:

Սմարթֆոնները ներկայումս փաստացի դարձել են ընկերության բոլոր ծառայություններն ընդգրկող ինտերակտիվ կառավարման համակարգի բաղկացուցիչ մասը ու այլ խնդիրների թվում նպաստում են բաժանորդների սպասարկման որակի բարձրացմանը:

Մրցույթ

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից հայտարարվել է միջազգային մրցույթ հանրապետության խմելու ջրի ողջ համակարգի միասնական Օպերատորի ընտրության նպատակով: Մասնակից 4 կազմակերպությունների թվում է Երեւան Ջուր ՓԲԸ հիմնադիր ֆրանսիական Veolia Group-ը: Վերջինիս կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ընկերության մասնագետների մասնակցությամբ, որը ներկայումս զբաղված է մրցույթի մասնակցության հարցերով:

Հաշվի առնելով Երեւան Ջրի վերջին տարիների ձեռքբերումները, ինչպես նաեւ Veolia Group-ի փորձն ու կարողությունը, մենք համոզված ենք, որ ներկայացվելիք ծրագիրը լիովին կբավարարի ներկայացվող պահանջները եւ արդեն 2017թ.-ից կիրականացվի ողջ Հայաստանի տարածքում:

 

 

Հանրային կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031