Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԿՕՄ-ի Հայաստանի կոմիտեի նախագահ. «Թանգարանների զարգացման վեկտորը փոխվել է»

Մայիս 16,2016 16:15

Մայիսի 16-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Գոհար Սաիյանի և ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանի ասուլիսը: Նրանք խոսեցին Թանգարանների միջազգային օրվանից  եւ այդ շրջանակում անցկացվող Թանգարանային գիշերվա միջոցառումներից:

Խոսելով մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվանից, Գոհար Սաիյանը հայտնեց, որ այն նպատակ ունի բարձրացնել թանգարանների դերը, մշակութային արժեքների հանրահռչակումը: Նրա խոսքով` Թանգարանների միջազգային օրը 30 000-ից ավելի թանգարաններ է համախմբում՝ աշխարհի 5 մայրցամաքներից: «Ամեն տարի այդ օրվա համար յուրօրինակ խորագիր է ընտրվում, այս տարվա խորագիրն է՝ «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները»:

Նաեւ 2005 թ. սկսած անցկացվում է Թանգարանային գիշեր միջոցառումը՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ, ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ԵԽ-ի հովանավորությամբ: «Այս երկու օրերի ընթացքում թանգարանները անվճար սկզբունքով կընդունեն այցելուներին՝ մայիսի 18-ին ժամը՝ 10-18-ը, իսկ մայիսի 21-ին՝ Թանգարանների գիշերը, ժամը 18-24-ը: Հայաստանի Հանրապետությունը եւս 2005-ից է միացել միջոցառմանը, ընդ որում, սկզբում ընդամենը 9 թանգարան է մասնակցել, մինչդեռ այսօր արդեն 112 թանգարաններ՝ Հայաստանի Հանրապետությունից եւ Արցախից»,-հայտնեց մշակույթի նախարարության գլխավոր մասնագետը:

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանն էլ հավելեց, որ խորագիրը պատահական չի ընդունվում, եւ լուրջ քննարկման է դրվում ԻԿՕՄ-ի տարեկան վեհաժողովի ժամանակ:

«Այս տարվա խորագիրը եւս պատահական չի ընտրվել այն իմաստով, որ թանգարանների զարգացման վեկտորը քիչ-քիչ փոխվում է, եթե նախկինում հիմնախնդիրները դրված էր հավաքածուները հասանելի, իսկ թանգարանները՝ կրթական միջավայր դարձնելու առումով, ապա վերջին երկու տարիներին վեկտորը փոխվել է դեպի սոցիալական պատասխանատվություն»,- ասաց Հարոյանը:

Նրա ձեւակերպմամբ, «Թանգարանները եւ մշակութային լանդշաֆտները» խորագիրը հուշում է, որ թանգարանները պատասխանատու են ոչ միայն իրենց ներսում գտնվող հավաքածուների, այլեւ այն ամենի համար, ինչ կատարվում է թանգարանից դուրս՝ լինի բնական, թե քաղաքային լանդշաֆտներ եւ ընդհանրապես մշակութային լանդշաֆտներ: Նրա խոսքով, թանգարանը կարող է սոցիալական պատասխանատվության հարց լուծել, դիցուք՝ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին բերել թանգարան եւ նրանց համար տոն ստեղծել:

Բանախոսները նշեցին, որ վերջին տարիների ընթացքում միջոցառումները ավելի հագեցած են դարձել, իսկ այս տարվա միջոցառումները նվիրված են Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031