Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սպասելի չէ, որ ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը սկզբունքորեն կփոխվի». Գեւորգ Պետրոսյան (Տեսանյութ)

Մայիս 23,2016 16:40

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մայիսի 22-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում տեղի ունեցավ երկրի իշխող` «Արդարություն և զարգացում» կուսակցության երկրորդ արտահերթ համագումարը, որի ընթացքում էլ հայտարարվեց նոր վարչապետի` Բինալի Յըլդըրըմի անունը: Նա ղեկավարելու է կուսակցությունը եւ կազմելու է նոր կառավարություն:

«Իրականում կուսակցությունը շարունակելու է մնալ Էրդողանի ազդեցության ներքո, թեեւ թուրքական օրենքները նախագահին արգելում են առնչություն ունենալ քաղաքական կուսակցությունների հետ: Իսկ թե ինչու փոխարինեցին Դավութօղլուին, խնդիրն այն է, որ Դավութօղլուն սկսել էր հեղինակություն կուտակել, փորձում էր ԵՄ-ի հետ ինքնուրույն հարաբերություններ վարել, ինչը չէր կարող աննկատ մնալ Էրդողանի համար, որն էլ փորձում է իր իշխանությունը պահպանել: Հավանական մրցակցից ազատվելու համար նա հեռացրեց Դավութօղլուին` վերահաստատելով այն, որ կուսակցության ղեկն իր ձեռքում է»,-այսօր` մայիսի 23-ին, «Զարկերակ» մամուլի ակումբում Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի պաշտոնանկությունն այսպես մեկնաբանեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ Թուրքիայի իշխող կուսակցությունում չեն էլ թաքցրել, որ նոր վարչապետը` երկրի տրանսպորտի նախկին նախարար Բինալի Յըլդըրըմը, գործելու է Էրդողանի ստվերում, ավելի հնազանդ է լինելու նրան. «Յըլդըրըմը Էրդողանի համար ամենահարմար թեկնածուն էր եւ նրա ամենահավատարիմ մարկանցից մեկը: Նա կուսակցության նիստում Էրդողանին, այսպես ասած, հավատարմության երդում տվեց եւ հայտարարեց, որ առաջնահերթ նպաստելու է Թուրքիայի` նախագահական կառավարման ձեւին անցնելու գործընթացին: Դա այն է, ինչ Էրդողանն է ցանկանում»:

Պետրոսյանի դիտարկմամբ` վարչապետի փոփոխությունից Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ լուրջ փոփոխություններ չեն լինելու, սակայն ԵՄ-ի հետ հարաբերություններում Թուրքիան կանցնի ավելի կոշտ գործելակերպի: Բանախոսը նաեւ տեղեկացրեց, որ Թուրքիայում սպասվում է արտգործնախարարի փոփոխություն, սակայն եւ արտգործնախարարի, եւ նախկին վարչապետի պաշտոնանկության պարագայում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը նույնն է մնալու նաեւ Հայաստանի մասով. «Սպասելի չէ, որ ՀՀ-ի հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը սկզբունքորեն կփոխվի»,-ասում է Գեւորգ Պետրոսյանը:

Փորձագետը կարծում է, որ ռուս-թուրքական հարաբերություններում սկզբունքային փոփոխություններ չեն սպասվում. «Երկու կողմում էլ հակասություններ կան, որոնք թույլ չեն տալիս դրական քայլեր ձեռնարկել»:

Պետրոսյանը մեկնաբանեց նաեւ տեղեկությունները, թե Թուրքիայում հայկական կազմակերպությունների հիմնումը, եկեղեցիների վերանորոգման մասին նախաձեռնություններն  իբր պայմանավորված են հայերի հանդեպ ավելի բարյացակամ վերաբերմունքով: Իրանակում, ըստ Գեւորգ Պետրոսյանի, վերջին տարիներին Էրդողանի «բարյացակամ» քաղաքականությունը նպատակ ունի քրդերին հիշեցնել, որ քրդաբնակ տարածքներում միայն իրենք չեն բնակվում. «Այդպես փորձում են քրդական ազգայնամոլության դեմ պայքարել` ընդգծելով, որ այդ տարածքներում կան այլ էթնիկ-կրոնական խմբեր եւ պատմամշակութային ժառանգություն, որը քրդական չէ»:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031