Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» նախկին աշխատակից Կարեն Հակոբյանի աշխատավարձի պարտքը պետությունը չի փակել

Մայիս 25,2016 16:30

Քաղաքացուն այսօր-վաղն են անում,
իսկ երեխաները չեն կարողանում ուսման վարձերը վճարել

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանը տասնյակ նամակներ է հղել վարչապետ Հովիկ Աբրահամյանին, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարներին՝ քրտինքով վաստակած գումարները՝ աշխատավարձը ստանալու խնդրանքով, սակայն մինչ օրս նրա հարցն այդպես էլ չի լուծվում: Նույնիսկ այն դեպքում, երբ գործարանի՝ ամիսներ շարունակ աշխատակիցներին պարտք մնացած գումարները պետությունը մարեց, Կարեն Հակոբյանի հարցը չքննարկվեց: Նա կրկին վարչապետին դիմում է գրել՝ հույս ունենալով, որ այս անգամ Հովիկ Աբրահամյանը հարցը կվերցնի իր հսկողության ներքո:

«Մեծարգո պարոն վարչապետ, իմ ներկայացված մի շարք նամակներով ես բազմիցս խնդրել եմ Ձեր անձնական վերահսկողությունը իմ իրավունքների խախտումը վերացնելու եւ դատարանի վճռով հաստատված ինձ հասանելիք մայր գումարը (հաստատվել է թիվ ԵՇԴ/4259/02/14 քաղաքացիական գործի շրջանակներում կայացած եւ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով) վճարելու հարցում։ Այնուամենայնիվ, իմ նամակները վերահասցեագրվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, եւ ես հերթական անգամ անորոշ ժամկետով սպասելու առաջարկություն եմ ստացել։
Եվ սա այն դեպքում, երբ Մարդու իրավունքների պաշտպանի 28.12.2015թ. թիվ 01/12։12/6279-15 որոշմամբ սահմանվել է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների (անգործության) արդյունքում խախտվել են իմ իրավունքները»,- իր դիմումում ասում է Կ. Հակոբյանը։
ՄԻՊ-ը որոշել է առաջարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին հանձնարարել ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու Կ. Հակոբյանի հետ պահանջի իրավունքի զիջման պայմանագրի կնքումը դատական ակտով սահմանված գումարի չափով։
«Որպես օրինապահ քաղաքացի՝ ես պետությանը վճարել եմ հարկեր, իմ տղան ծառայել է ՀՀ զինված ուժերում, իմ ընտանիքն ամբողջությամբ տալիս Է իր պարտքերը պետությանը: Ցանկալի կլիներ, որ դա փոխադարձ լինի։

Ինձ համար անհասկանալի է, թե ինչու, տիրապետելով 01.08.2015թ. դրությամբ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներին աշխատավարձի գծով բոլոր պարտքերի մարման վերաբերալ Ձեր՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարին ուղղված հանձնարարականին, 2015թ. փետրվարին ԱԺ նիստի ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ե. Զախարյանը հայտարարեց, որ նաիրիտցիների նկատմամբ աշխատավարձի գծով պարտավորություններ չկան, մինչդեռ կա իմ հիմնական աշխատավարձի չափը արտացոլող օրինական ուժի մեջ մտած դատարանի վճիռ եւ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումը: Ինձ հասանելիք գումարների վճարումը ձգձգելու հետեւանքով իմ ընտանիքը հայտնվում է անելանելի վիճակում։ Ուսման վարձը չվճարելու պատճառով իմ 3 երեխաները զրկված են համալսարանում ուսման իրենց սահմանադրական իրավունքից, իսկ ես, որպես երկրորդ կարգի զարկերակային հիպերտենզիայով հիվանդ, դատապարտված եմ իմ առողջական վիճակի կտրուկ վատթարացման։

Ելնելով վերոգրյալից՝ կրկին անգամ դիմում եմ Ձեզ եւ խնդրում Ձեր աջակցությունը իմ խախտված իրավունքների վերականգնման եւ տարիների աշխատանքով ձեռք բերված եւ ՀՀ իրավասու դատարանի վճռով հաստատված իմ աշխատավարձի պարտքը ստանալու հարցով»։

 
Սեփ.լր.

«Առավոտ» օրաթերթ
24.05.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031