Լրահոս
Օրվա լրահոսը

«Նմանություն կա, մարդիկ կընտելանան». Արեյանը՝ Նժդեհի արձանի եւ գերեզմանոցային արձանների մասին (Տեսանյութ)

Մայիս 27,2016 12:12

«Բոլոր արձանների շուրջ էլ լինում են խոսակցություններ, հետո մարդիկ ընտելանում են: Լինենք անկեղծ, ճաշակի հարց է: Շատերն ուզում են հենց դեմքը պատճենահանված տեսնել՝ այնպես, ինչպես մարդը լուսանկարում: Երբեմն քանդակագործները դնում են նաեւ իրենց ֆանտազիան, իրենց բարձր երեւակայությունը, իրենց կենսագրության ընդհանրության մեջ են տեսնում: Իհարկե, ցանկացած արձան դիմահար պետք է ասի այն մասին, թե ով է այդ անձը»,- այսօր լրագրողների հետ զրույցում Գարեգին Նժդեհի, Համազասպ Բաբաջանյանի արձանների շուրջ բարձրացված աղմուկն այսպես մեկնաբանեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Հարցին՝ խուճուճ, երկար մազերով, ո՞վ է էդպիսի Նժդեհ տեսել եւ ինչո՞ւ իր հրապարակում չկանգնեցրիք, այլ՝ Վերնիսաժի այգում՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Ամենաանհաջող տեղն է Շենգավիթի հրապարակում արձան տեղադրելը: Դա արձանի տեղ չէ: Նա էլ անհաջող տեղում է տեղադրված՝ մետրոյի կայարանի փոսի վրա, անհաղորդակից, անհասանելի մարդկանց՝ անհարմար տեղ է: Եվ հիմա Նժդեհի արձանի տեղը, կարծում եմ, շատ ճիշտ տեղ է: Նժդեհը մոնումենտալ արձան է, բավականին շքեղ, առնական: Քանդակագործն իր որոշակի երեւակայությունն է դրել, բայց, այնուամենայնիվ, նմանությունը կա»:

Մեր դիտարկմանը՝ Դուք էլ եք կարծես զգում, որ այն չի՝ Կամո Արեյանը պատասխանեց, որ արդեն սկսում է նմանություններ գտնել. «Բայց, այնուամենայնիվ, բոլորը գիտեն, որ դա Գարեգին Նժդեհն է, կընտելանան մարդիկ, կհասկանան»:

Kamo_Areyan_1

Մեր դիտարկմանը՝ դե, կարդում են վրան, կիմանան, որ Նժդեհն է՝ Կամո Արեյանն արձագանքեց. «Բացի կարդալը, կընտելանան իսկապես: Նժդեհը շատ ավելի գեղեցիկ նկարներ ուներ»:

Aravot.am-ի հարցին՝ ասում են՝ գերեզմանոցներում ավելի լավ քանդակներ, արձաններ կարող ենք տեսնել, քան դրանք, որ տեղադրում են քաղաքում, համաձա՞յն եք՝՝ փոխքաղաքապետը պատասխանեց. «Համաձայն չեմ, ի սեր Աստծո, ամենեւին համաձայն չեմ: Արվեստը երբեք չշփոթենք գերեզմանոցային արհեստի հետ»:

Երբ լրագրողներն ասացին, որ բավականին հայտնի քանդակագործներ էլ կան, որ քննադատում են Նժդեհի արձանը՝ նա պատասխանեց. «Ես դեռ չեմ տեսել մի արձան, որ բոլոր քանդակագործները ծափահարեն: Դեռ չեմ տեսել մի կտավ, որ բոլոր նկարիչները ծափահարեն: Կլինեն ընդունողներ, չընդունողներ, ժամանակը կհաղթահարի ամեն ինչ; Գարեգին Նժդեհը մոնումենտալ կիշխի այդ դիրքում, եւ բոլորը անցնելուց գիտեն, որ դա Գարեգին Նժդեհն է»:

Փոխքաղաքապետը հիշեցրեց Սասունցի Դավթի արձանից հետո ինչ էր կատարվում, երբ նույն քանդակագործը Վարդան Մամիկոնյանի արձանը պատրաստեց. «Հակասական կարծիքներ էին, ես լավ հիշում եմ: Հիմա Վարդան Մամիկոնյանը գեղեցիկ արձան է՝ իր բովանդակության, պատմական իր ասելիքի մեջ, հրաշալի իր հրապարակով: Մոռացվեցին այդ ամենը, մնաց Վարդան Մամիկոնյանը՝ հայ ժողովրդի հետ: Այդպես էլ Գարեգին Նժդեհը կշարունակվի»:

Կամո Արեյանը բոլորին հրավիրեց վաղը Նժդեհի արձանի բացմանը:

Նա ասաց, որ հաջորդը սպասվում է՝ Արարատ 73-ի ֆուտբոլիստների արձանախումբն է լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031