Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ սուրը փառքով դրեցին պատյան

Հունիս 04,2016 14:30

Հարցազրույց ՀՇՖ փոխնախագահ Հովիկ Խալիկյանի հետ

-Պարոն Խալիկյան, Դուք Ռաֆայել Վահանյանի հետ մարշալ Բաբաջանյանի անձնական շախմատը նվիրեցիք հանրապետության նախագահին:

-Բա էլ ո՞ւմ, Լեգենդար զորավարի շախմատը՝ շախմատի լեգենդար գործչին, լեգենդար շախմատիստի ձեռքով: Չէ՞ որ նախագահն էլ մարդ է եւ հայրենիքի կայացման այս բարդ փուլում հոգեւոր աջակցության կարիք ունի: Այն հաջողությունները, որ անկախանալուց հետո գրանցել է Հայաստանի շախմատի հավաքականը, իրավամբ նաեւ շախմատի ֆեդերացիայի ֆենոմենալ գործունեության արդյունք է: Սա միայն ես չեմ ասում: Սա ասում են ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը եւ ազգային բազմաթիվ ֆեդերացիաների ղեկավարներ: Եվ մեր ֆեդերացիայի նախագահի կազմակերպչական ունակությունների մասին սերունդները դեռ երկար կխոսեն:

-Դուք շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եք: Ինչքանո՞վ է, կներեք, բարոյական՝ գնահատական տալ նախագահի գործունեությանը:

-Ես եղել եմ ՍՍՀՄ երիտասարդների առաջնության երկրորդ, երրորդ մրցանակակիր, ՍՍՀՄ արհմիությունների երիտասարդական առաջնության չեմպիոն, ՍՍՀՄ արհմիությունների մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիր, Հայաստանի երիտասարդների չեմպիոն, վեց տարի գլխավորել եմ Հայաստանի երիտասարդական հավաքականը, տասներկու տարի Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել եմ բազմաթիվ մրցաշարերի, ղեկավարել եմ Հայաստանի օլիմպիական հերթափոխի շախմատի մարզադպրոցը, ուր իմ սաներն են եղել Էլինա Դանիելյանը, Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Լեւոնի Պետրոսյանը, Վարուժան Հակոբյանը, Մելիքսեթ Խաչիյանը, Լեւոն Ալթունյանը, Սերգեյ Գալդունցը եւ ուրիշներ: ՍՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում, ի թիվս Անատոլի Կարպովի, Ռաֆայել Վահանյանի, Ալեքսանդր Բելյավսկու, Արշակ Պետրոսյանի, մասնակցել եմ Սովետական շախմատի նահապետ Միխայիլ Բոտվիննիկի հավաքներին, եղել եմ ՍՍՀՄ արհմիութենական երիտասարդական հավաքականի մարզիչ, հայկական բանակի սպորտային գումարտակի հրամանատար: 1975 թվականից առ այսօր Հայաստանի շախմատի ֆեդերացիայի անդամ եմ, ՀՀ վաստակավոր մարզիչ, անձամբ ճանաչում եմ շախմատի աշխարհի բոլոր չեմպիոններին, սկսած Մաքս Էյվեյից եւ, կարծում եմ, գոնե կարծիքի իրավունք ձեռք եմ բերել:

-Ձեր կարծիքով՝ արդյոք կարիքը կա՞ր Բաբաջանյանի արձանի:

-Չեմ հասկանում, մենք հայրենի՞ք ենք կերտում, թե՞ դեմոկրատիա: Իսկ ինչո՞ւ այդ հարցը չբարձրացավ, երբ մարշալ Բաբաջանյանի անվան փողոց էր բացվում Երեւանում: Ես առ այսօր ապշած եմ այն քննարկումներից, թե Անաստաս Միկոյանի արձանը կարելի՞ է տեղադրել Երեւանում: Արդյոք քննարկողները գիտե՞ն, որ Միկոյանի հրաժարականի պատճառը ՍՍՀՄ գերագույն խորհրդի նախագահության նախագահի պաշտոնից եղավ այն, որ նա հրաժարվեց ծաղկեպսակ դնել Աթաթուրքի գերեզմանին: Միկոյանի մեծության պետական քաղաքական գործիչ կերազեր ունենալ երկրագնդի վրա բնակվող ցանկացած ազգ: Առնո Բաբաջանյանի արձանը Երեւանում տեղադրելուց երկրում հիստերիա էր սկսվել: Ընկերներով զրուցում էինք եւ տղաներից մեկն ասաց, որ խայտառակ արձան է: «Իսկ քո կարծիքն ինչպիսին է», – հանկարծ հարցրեց Սերժ Սարգսյանը: Նա գիտեր, որ ես մտերմիկ հարաբերություններ եմ ունեցել կոմպոզիտորի հետ: «Արձանն ամբողջությամբ արտահայտում է մեծն կոմպոզիտորի էությունը», – պատասխանեցի ես: Բուդապեշտում (իմ սիրած քաղաքներից մեկն է) շախմատի մրցումների էի մասնակցում եւ Կամո Ուդումյանի որդին՝ Արտակը, որն այնտեղ էր ապրում, ինձ հրավիրեց համերգի: Երբ հաղորդավարը հայտարարեց՝ Բաբաջանյան, նա նույնիսկ չհասցրեց միտքն ավարտել: Դահլիճը մի մարդու նման ոտքի կանգնեց եւ դուրս եկավ: Ես համոզված եմ, որ դահլիճում գտնվողների գոնե մեծ մասը գիտեր, որ խոսքը կոմպոզիտոր Բաբաջանյանի մասին է, ոչ թե մարշալ Բաբաջանյանի: Նման «պրոպագանդայի» արդյունքը եղավ այն, որ տարիներ անց նրանց սերունդների կողմից սաֆարովի նման դահիճը հանձնվեց դահճապետերին:

-Հուզիչ է: Այնուհանդերձ, ձեզ դո՞ւր է գալիս մարշալի արձանը:

-Արձանի բացման պահին ես լսեցի Բաբաջանյանի զինակից մի վետերան կնոջ կարծիք. «Ինքն է, շատ սիրուն տղամարդ էր»: Բեռլինը գրաված մարշալը՝ բազմած Հիտլերի բազկաթոռին, դինջանում է իր երազած հայրենիքում, նա հավերժ զինվորականի համազգեստով է, միշտ պատրաստ նորից կանգնելու: Այո՛, արձանն ինձ դուր է գալիս:

 
ՄԱՐԻՆԱ ՄԵՐՈՒԺԱՆՅԱՆ

«Առավոտ»

03.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930