Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանը շախմատային նոր խաղ է առաջարկում

Փետրվար 08,2024 17:27

Նոր խաղը ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Խալիկյանն առաջարկում է անվանել «Լիդեր», որտեղ փոփոխվում են ինչպես կանոնները, այնպես էլ ֆիգուրների գործունեությունը եւ շախմատն, ըստ էության, դառնում է նոր խաղ:

Aravot.am-ի հետ զրույցում վաստակավոր մարզիչն ասաց, որ անցած ուղով եւ փորձառությամբ ինքը, թերեւս, նման առաջարկություն անելու իրավունք ունի:

«Փաստորեն հիմնովին փոխվում է արքայի դերը: Արքան, որ շախմատում ամբողջ խաղի ընթացքում որեւէ անկյունում ծվարած թիրախ է, մոտավորապես, Անգլիայի թագուհու կարգավիճակով, նոր խաղում ձեռք է բերում իր իմաստը: Արքան դառնում է արքա եւ ոչ միայն տեղաշարժվում ու իրեն պաշտպանում է, այլեւ կազմակերպում է ֆիգուրների գործունեությունը: Այս առումով խաղի ամբողջ հոգեբանությունը փոխվում է: Դրանից բացի, երբ մենք արհեստական հասկացությունները՝ փոխատեղությունը եւ պատային վիճակը, հանում ենք եւ խաղի վերջում արքան մնում է արքայի դիմաց, խաղը շարունակվում է եւ հաղթում է նա, ով մյուսի համար անելանելի վիճակ է ստեղծում: Այսինքն, մոտավորապես մատն ու պատը հավասարվում են ու դառնում անելանելի վիճակ: Հակառակորդը խաղի կանոնների համաձայն քայլ չի կարողանում կատարել, ինչը պարտություն է:

Փոփոխվող կանոններով, երբ զինվորը հասնում է վերջին հորիզոնական, փոխարկվում է այն ֆիգուրով, որը խաղատախտակից դուրս է, այսինքն, արսենալն է համալրվում եւ ոչ թե խաղատախտակին նոր թագուհիներ են հայտնվում: Սա հոգեւոր իմաստ ունի, այն, որ լիդերը՝ արքան, իրավունք չունի երկու եւ ավելի թագուհի ունենալ:

Այսպես, նոր խաղը շատ ավելի դինամիկ ու հետաքրքիր է դառնում: Նոր խաղի կարեւոր էություններից մեկն այն է, որ շախմատը իր հին տեսքով զարգացնում է ինտուիտիվ մտածելակերպն ու վերլուծական ունակությունները, իսկ նոր տեսքով շախմատը՝ եւ ինտուիտիվ մտածելակերպը եւ դասական մտածելակերպը:

Այս առաջ քայլը համահունչ է այսօրվա մարտահրավերներին, որովհետեւ շախմատը, որ արհեստական բանականության կողմից պարտված է, այս նոր տրամաբանության մեջ դեռ պայքարում է: Խաղը դառնում է ավելի հետաքրքիր. ոչ-ոքիներն են պակասում, մտածելակերպի դաշտը ավելի է լայնանում: Օրինակ, հին կանոններով խաղի պարագայում արդեն 30-35 քայլ անգիր արած գալիս՝ խաղում են ու որպես ստեղծագործություն մնում է պարտիայի մի շատ փոքր՝ 10 տոկոսը: Իսկ այս խաղի դեպքում խաղն առաջին քայլից ստեղծագործություն է մինչեւ վերջ, խաղը զարգանում է բնական պայմաններում՝ արքան ամբողջ խաղի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունենում բոլոր գործողություններին: Քայլելով արդեն նաեւ ձիու նման, արդեն տիրապետում է բոլոր գործիքակազմերին»:

Ըստ Հովիկ Խալիկյանի, «Լիդեր» նոր խաղը նաեւ համապատասխանում է այսօրվա արժեհամակարգին ու մարտահրավերներին: Օրինակ, երբ մարզիչը երեխաներին ասում է՝ սկսում ենք շախմատ խաղալ, իսկ «շախմատ» թարգմանաբար նշանակում է մահ արքային, դա արդեն ագրեսիա է պարունակում: Մյուս կողմից, երեխան տեսնում է, որ շախմատում արքան խաղատախտակի, թերեւս, ամենաթույլ ֆիգուրն է ու չի ուզում նմանվել նրան: Իսկ այս նոր խաղով լիդերը՝ արքան, մասնակցում է բոլոր պրոցեսներին: Ցանկացած արքա իր ողջ գործիքակազմով պիտի լինի լիդեր եւ պաշտպանի իր երկիրը, հողն ու ջուրը, մշակույթն ու իր ժողովրդին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ռաֆայել says:

    Կներեք որտեղ կարելի է գտնել այս նոր խաղի բոլոր կանոնները։ Եթե ցանկանում ենք խաղալ այս խաղը պետք է խաղալ իմանանք։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829