Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու անընդհատ մեջ ես ընկնում, եթե ինչ-որ բան ես ուզում ճղել՝ կասեմ ինչ ճղես». Բագրատյանը՝ Սուքիաս Ավետիսյանին

Հունիս 06,2016 15:44

«Արման Սահակյանի հայտարարությունները ոչ թե մոտիկ չէին, այլ բացարձակապես իրականության հետ կապ չունեին: Ինքը ջահել ա, մի 4 տարի առաջ են նշանակել»,-այսպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ-ում հակադարձեց Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, որը քննադատել էր այն ժամանակվա իշխանություններին՝ 90-ականներին սեփականաշնորհման գործընթացի հետ կապված:

Բագրատյանի խոսքերով՝ «Երեւի ուզում եք հետեւել Տիգրան Սարգսյանի օրինակին, որպեսզի պաշտոնի բարձրացում ստանաք: Հայտարարում էր, որ մեր օրոք 800 հազար մարդ է գնացել: Ասում էինք՝ ա՛յ տղա, 430 հազար մարդը Բաքվից եկածներն են, որոնց մուտքը չի ֆիքսվել, ելքը ֆիքսվել է: 250 հազարն էլ աղետի գոտու գնացածների վերջին մասն է: Իրականում այն ծանր տարիներին ավելի քիչ են գնացել, քան վերջին 8 տարիներին, որտեղ գնացել է 292 հազար մարդ՝ պաշտոնական տվյալներով: Ինչ վերաբերում է սեփականաշնորհման գումարներին՝ նույն պատմությունն է: Երկրորդ նախագահը, լավ հասկանալով, թե ինչ է անելու, իսկ բարի բան նա մտադիր չէր անել, որոշում կայացրեց՝ ձեռնարկությունների պարտքը սեփականաշնորհելիս մտցնել արժեքի մեջ: Այսինքն, ձեռնարկությունն ունի հարկային  պարտք կենսաթոշակային հիմնադրամին, դա մտցնում էր արժեքի մեջ ու հայտարարում էր, որ ի տարբերւթյուն նախորդի, վերջապես սկսեցինք վաճառել նորմալ գնով: Ընդամենը մեթոդի տարբերություն է»:

Նա ասաց, որ սեփականաշնորհման ընթացքում իրենք միայն խանութներ, նման բաներ են սեփականաշնորհել ու փակվել է 107 մլրդ դրամի պարտք, տվել 7 տոկոս տնտեսական աճ՝ պատերազմի ընթացքում:

Նա Արման Սահակյանին դիմեց՝ ասելով. «Հիշեք, որ եթե մենք մի բան արած լինեինք՝ հիմա մի լավ տեղում կլինեինք, բայց մի հատ կրպակ չենք վերցրել մեզ համար: Էդպես ենք աշխատել՝ հանուն պետության: Սա պետք է մտնի պատմություն, պետք է իմանան: Թե չէ դուք պատմություն եք գրում՝ մենք վաբշե չկանք: Էն, որ 3 ամիս նախարար ա եղել՝ նրա անունը կա: Ժողովուրդը պատմություն չի ստանում, էդպես էլ 5-րդ դարի, 10-րդ դարի պատմությունն է»:

Հրանտ Բագրատյանն անդրադարձավ նաեւ Հրազդան-Սեւան կասկադին՝ «970 Մգվտ կասկադ սարքելու համար ինչքա՞ն փող ա պետք՝ 4 մլրդ դոլար: Բայց դա նվիրված է ՌԴ-ին: Պղնձամոլիբդենայինը 2002-ին սեփականաշնորհել եք, ասել եք՝ որ աշխատի՝ 96 մլն կտա: Պապս էլ լիներ՝ կաշխատեր, որովհետեւ ամիսը 100 մլն-ի շահույթ էր տալիս»:

Տեղից պարբերաբար միջամտում էր ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, եւ  Բագրատյանըլ նետեց. «Դու չգիտես, դու անընդհատ մեջ ես ընկնում, քեզ լավ կլինի դիտողություն անեն: Եթե ինչ-որ բան ես ուզում ճղել՝ կասեմ ինչ ճղես»:

Հրանտ Բագրատյանն իր ելույթը սահմանափակեց՝ ասելով. «Մեզ դիտողություն անելու փոխարեն մի հատ նայեք ձեզ, բարեկամնե՛ր: Չկան այսպիսի արտառոց բաներ, սրանք բոլորը քրեական բաներ են, հասկանո՞ւմ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930