Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբովյան» TV-ի հիմնադիրն ասում է, որ իրեն «քցել» են

Հունիս 06,2016 17:12

«Աբովյան» հեռուստաընկերության հիմնադիր Արտաշես Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ խարդախության զոհ է դարձել, ինչի  պատճառով իր հիմնադրած հեռուստաընկերությունը սնանկ է ճանաչվել: Նրա ձեւակերպմամբ, աղմկոտ պատմության մեջ իրենց «ներդրումն» ունեն «Աբովյան» հեռուստաընկերության նախկին տնօրեն Ազնիվ Չիթմեջյանը եւ «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր  Արթուր Հարությունյանը (մականունը՝ «Պալաչ»):

«Ես չգիտեմ՝ ինչու են սնանկ ճանաչել TV-ն, մի բան հստակ է՝ խաբելու միջոցով այն իմ ձեռքից  վերցրին Արթուր Հարությունյանն ու  Ազնիվ Չիթմեջյանը, զավթեցին իմ հեռուստատեսությունը, հետո մեկը  մի ուրիշին վաճառեց, ապա ուրիշին ու հիմա էլ սնանկ են ճանաչել,  իրենք էլ Հայաստանից  գնացել են: Դիմել էի դատախազություն, սակայն քննիչը վերցրել ու գործը կարճել էր՝ ասում էր քրեական գործ չի, մինչդեռ ես կարող եմ ապացուցել, որ քննիչը կաշառված է: Հիմա խոսում են, թե կոռուպցիայի դեմ պայքար է գնում,  իսկ ո՞ւր է այդ պայքարը: Քննիչը միակողմանի է վարել գործը, դատախազն էլ ինձ չի լսել, ստացվում է, որ մի բան էլ դեռ ես եմ հանցագործ, ասես դետեկտիվ ֆիլմ լինի: Հենց քննության սկզբից քննիչին ասել էի, որ  գործ են դրել Ռուսաստանում, կամ հաշվեհամարների վրա կալանք դրեք, կամ մի թողեք գնան երկրից, անգամ հանրապետության  դատախազին նամակ գրեցի, բայց ապարդյուն: Մեկ  տարվա մեջ ինչ ունեին-չունեին՝ վաճառեցին, գնացին»,-ասում է Մեհրաբյանը:

Նա լսել է, որ սնանկ ճանաչված հեռուստաընկերությունը ուզում է գնել Գագիկ Ծառուկյանը:

Ավելի վաղ «դրսում» գտնվող Ազնիվ Չիթմեջյանի փաստաբան Լիանա Գրիգորյանը մամուլում ասել էր . «Հեռուստաընկերության միակ հիմնադիրը Արտաշես Մեհրաբյանը չի եղել, իսկ երբ այն վաճառվել է Արթուր Հարությունյանին, ինքը այլեւս չի եղել բաժնետեր: 100 տոկոս բաժնետերը այդ ժամանակ եղել է Ազնիվ Չիթմեջյանը… Արթուր Հարությունյանը սկզբում գնել է այդ TV-ի 50 տոկոսը, հետո մյուս 50 տոկոսը, որոնք պատկանել են Ազնիվ Չիթմեջյանին: Հետեւապես՝ երբ ասում է՝ Արթուր Հարությունյանը իրեն է քցել, ոչ տրամաբանության սահմաններում է, ոչ օրենքի: Այլ բան է, եթե ես կարող եմ դա ընկալել, որ նա ինչ-որ ձեւով փորձում է ցեխ շպրտել, զրպարտել: Բայց օրենքի սահմաններում այդպես չէ, ընդ որում՝ հայտարարությունը ինքը տվել է ոչ թե Արթուր Հարությունյանի անունով, որ գումար ունի ստանալու, որը չի ստացել, այլ տվել է Ազնիվ Չիթմեջյանի դեմ, որ Չիթմեջյանն է խաբել իրեն, վերցրել բաժնետոմսերը»:

Aravot.am-ը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց՝  արդյոք իրականությանը  համապատասխանո՞ւմ է շրջանառվող այն տեղեկությունը, որ Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է գնել սնանկ ճանաչված «Աբովյան» TV-ն: Մամուլի խոսնակն ասաց, որ այս պահին նման տեղեկատվություն չունի եւ ավելի ուշ կարող է ճշտել ու տեղեկացնել:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Արտաշես Մեհրաբյանի լուսանկարը՝ 168.am կայքից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930