Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ ուղեգրերի տրամադրման մասնակիցների շրջանակը պետք է որ ընդարձակ լինի

Հունիս 15,2016 19:07

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը նախկինում զբաղեցրել է պետական առողջապահության գործակալության պետի պաշտոնը, ընդ որում, նա եղել է գործակալության առաջին ղեկավարը, երբ այն ստեղծվեց: Այսինքն, այն գործակալության, որի ներկայիս ղեկավարը՝ Սարո Ծատուրյանն այժմ ձերբակալված է:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ձերբակալվել են առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանը, Երեւանի  քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանը, գործակալության բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանը։ Նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։  Ըստ քննչական կոմիտեի, շարունակվում է առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Այսինքն, ձերբակալված անձինք կասկածվում են առողջարանների ուղեգրերի կեղծման մեջ:

Aravot.am-ը Արարատ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ արդյոք ուղեգրերի կեղծման գործընթացն այդքան դյուրին էր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոնե առողջարանների ղեկավարները պետք է որ նկատեին կեղծիքը ու, եթե գործարքի չէին գնացել, ապա շատ շուտ պետք է դրա մասին հայտնեին համապատասխան մարմիններին: Մեր այս հարցին ի պատասխան, առողջապահության նախկին նախարար եւ նշված գործակալության նախկին ղեկավար Արարատ Մկրտչյանն ասաց, որ եզրակացություն անելը բավականին բարդ է, որովհետեւ տեղեկատվությունը շատ սահմանափակ է:

«Ուղեգրերի տրամադրման մասնակիցների շրջանակը ընդարձակ պիտի լինի: Ուղեգիր գրող, դիմացը ստորագրող, ուղեգրի հետեւում գտնվող մարդ, առողջարան, առողջարանից հաշվետվություն, որից հետո դրա դիմաց՝ ֆինանսավորում: Սա բարդ մեխանիզմ է, եւ ողջ գործընթացը կեղծել, դրա տակ գումարներ տեսնել, սա իրավապահ մարմինը պիտի պարզի: Բարդ մեխանիզմ է, այդ օղակը, մասնակիցների թիվն էլ բավականին շատ է»,- ասաց Մկրտչյանը:

Պարոն Մկրտչյանը նկատեց՝ «Առողջարանները մասնավոր են, կեղծման պրոցեսը ի՞նչ նպատակ է ունեցել, կեղծել են՝ գումար ստացել, սա քննությունը պետք է պարզի»:

Մեր այն հարցին էլ՝ ՀՀ վարչապետը, կառավարությունը հայտարարել են կոռուպցիայի դեմ, այսպես ասած՝ անողոք պայքար, արդյոք նախկին նախարարը առողջապահության հատկապես որ ոլորտներում է տեսնում կոռուպցիոն ռիսկեր եւ դրսեւորումներ, եւ վարչապետը հանրության համար ցանկալի արդյունքի կհասնի՞, Արարատ Մկրտչյանն ասաց, որ վարչապետի հայտարարության առումով վատատես է. «Ինչ վերաբերում է առողջապահության համակարգում կոռուպցիոն ռիսկերին եւ երեւույթներին, ապա «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը պարբերաբար իր  ուսումնասիրությունները հրապարակելիս անդրադառնում է այդ ոլորտի կոռուպցիոն ռիսկերին: Կենտրոնի ուսումնասիրությունների համաձայն, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կոռումպացվածության մակարդակով առողջապահությունը առաջին եռյակում է միշտ եղել, այո, այստեղ կոռուպցիոն ռիսկերը շատ-շատ են: Իսկ Սարո Ծատուրյանի մասով դեռ չենք կարող վստահ ասել, որ կոռուպցիա է եղել, անմեղության կանխավարկած կա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930