Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. Որքան ընտրական գործընթացները մոտենում են, այնքան պոպուլիզմի չափաբաժինն ավելանում է

Հունիս 17,2016 21:12

Տիկին Նաղդալյան ԱԺ գարնանային նստաշրջանից հետո հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում մեծ թվով օրենքներ ներառվեցին , կառավարության կողմից միանգամից մի քանի վարկային ծրագրեր ներկայացվեցին, որոնք, չնայած ընդդիմության ընդվզմանը, այնուամենայնիվ, ընդունվեցին: Ընդդիմությունը մեղադրանքներ հնչեցրեց հապճեպության մասին: Ինչո՞վ էր պայմանավորված այս իրավիճակը:

– Ճիշտ է, արտահերթի օրակարգը շատ ծանրաբեռնված և հագեցած է, բայց այդ կշտամբանքը «ոչ մեկի» հասցեին է, չէ՞ որ ողջ գարնանային նստաշրջանը ընթացել է չափից ավելի ծանրաբեռնված, ,,քաղաքականացված,, օրակարգով: Ողջ գարունն անցկացրել ենք արդեն նախընտրական շրջափուլ մտած քաղաքական ուժերի և գործիչների երկարաշունչ , պոպուլիստական ելույթներով, հիշեք քանի խորհրդարանական նիստ և օր նվիրված է եղել ընտրական օրենսգրքին , այլ հարցերի, որոնց պատճառով ստեղծվեց այս իրավիճակը՝ կուտակվեց հսկայական ծավալի աշխատանք՝ օրենքներ, պարտադիր քննարկման ենթակա հարցեր /նշենք, որ գարնանային նստաշրջանը նաև պարտավորված է քննարկել մի շարք կառույցների հաշվետվություններ/:

Որքան ընտրական գործընթացները մոտենում են, այնքան էլ պոպուլիզմի , անտեղի քաղաքականացվածության չափաբաժինն աճում է, շատ հաճախ՝ կրկնվող նույն ռեֆրեններով: Արդեն վաղուց բոլորը անգիր գիտեն , եթե, ասենք, վարկ է բերված կամ Ռուսաստանին ու ԵԱՏՄ-ին է առնչվում օրինագիծը ՝ ով և ինչ է ասելու, մեկ առ մեկ բոլոր շարժերին պետք է մասնակցեն, իրենց «ցուցադրեն», «ֆիքսվեն» այնտեղ, որտեղ պետք է: Նկատե՞լ եք՝  «վարման կարգերը» դարձել են «էպիդեմիայի» բնույթի, վարակը արագ տարածվում է , որպես կանոն՝ դառնում բովանդակային ելույթների շքերթ, որը վարման կարգի հետ որևէ կապ չունի: Մի խոսքով, ինչպես ասում են ՝ «շոուի» մասը շատացել է:

Երկարամյա փորձը ցույց է տվել , որ ԱԺ գումարման վերջին տարին և վերջին նստաշրջանը միշտ էլ այդպիսի բնույթ են ունենում: Սակայն, քաղաքական իրավիճակը և արդի զարգացումները իրենց ազդեցությունը թողնում են ՝ գործընթացները ավելի շուտ սկսվեցին և թեժ են ընթանում: Իսկ հետևանքը այն է, որ կուտակված հարցերը , օրինագծերը , անհետաձգելի քննարկման ենթակա օրենքները, այսինքն՝ պարտադիր աշխատանքը, այնուամենայնիվ, պետք է կատարվի և դա արվում է արտահերթի ձևաչափով: Մեկ հանգամանք ևս ՝ ամառային արձակուրդներին ընդառաջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն նախապես, քանի որ ամառային ամիսներին խորհրդարանը նիստեր չի ունենում: Օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի պատճառներ, օրինակ, պատգամավորի իրավունքն ու պարտականությունն է քննարկումներին, աշխատանքներին ակտիվ մասնակցելը, բայց շատ ավելի ակտիվ են լիագումար նիստերի դահլիճում, ոչ թե հանձնաժողովների նիստերում , որոնք պետք է լինեն գլխավոր աշխատանքային հարթակները, բայց քանի որ վերջիններս չեն նկարահանվում կամ հեռարձակվում , այդ իսկ պատճառով այդքան բուռն չեն անցնում: Կարծում եմ, բոլորն են վաղուց նկատել , որ , ասենք, օրվա վերջում ՝ ինչպես երեկ, առաջին օրը նիստերի դահլիճում ընդդիմությունից ընդամենը մի քանի մարդ կար /իշխանական թևի ներկայացուցիչներն էլ շատ-շատ չեին, բայց, համենայնդեպս, ընդդիմության ներկայացուցիչներից էապես շատ էին/, բայց քվեարկության ժամանակ տեղը հանում են՝ աշխուժորեն ներկայացնելով իրենց դիրքորոշումները:

Կամ ասենք, օրինակ, բոլոր պատգամավորները «սիրում են» նախագահողներին նկատողություն անել՝ կանոնակարգի հնարավոր խախտումների վերաբերյալ, այն դեպքում, որ շատերը այնքան էլ իրազեկ չեն կանոնակարգի դրույթներից և մեծամասամբ չեն պահպանում դրանք: Նկատի ունեմ, օրինակ, այն հանգամանքը, որ բոլոր հարց տվող պատգամավորները, հարցերը հնչեցնելուց հետո, իրենց հարցադրումները շարունակում են, այն դեպքում , որ լրացուցիչ ժամանակը, ըստ կանոնակարգի, պետք է օգտագործվի ոչ թե շարունակելու, այլ ոչ ճիշտ ընկալած արտահայտությունը ճշգրտելու համար: Մի խոսքով, սուբյեկտիվ և օբյեկտիվ բնույթի մի շարք գործոնների բերումով է, որ խորհրդարանը արտահերթ նիստեր է հրավիրում, բայց դրանք կարևոր աշխատանքներ են, և պատգամավորներիս պարտականությունը:

-Ընդդիմության ներկայացուցիչները դժգոհում են նաև, այսպես ասած, «շըփ-թըփ» կարգի պատճառով:

-Ինչ վերաբերում է օրինագծերին ծանոթանալու հնարավորության կարճ ժամանակահատվածին, պետք է ասեմ, որ,ճնշող մեծամասնությամբ, հարցերը բավական երկար ժամանակ են գտնվում խորհրդարանում, տեղադրվում են կայքում, քննարկվում հանձնաժողովներում, հատկապես այն հարցերը, որոնք կուտակվում են ժամանակային պատճառներով պայմանավորված:

Մի քանի օրինագծերի վերաբերյալ օրինակ բերեմ՝ Հարկային օրենսգիրքը ԱԺ-ում է ապրիլից, ինչպես նաև, ,,Ավելացված հարկի մասին,, օրենքի փոփոխությունը, «Քաղաքացիական օրենսգրքում» 2 փոփոխություն կա՝ մեկը 2015թ-ի հոկտեմբերից, մյուսը 2016թ-ի մարտից, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքը՝ 2013թ-ի դեկտեմբերից, Աշխատանքային օրենսգիրքը՝ 2016թ-ի մայիսից, «Պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրինագիծը՝ 2015թ-ի հուլիսից, «Մարդու վերարտադրողական առողջության մասին» ՝ 2015թ-ի հուլիսից , «Փրկարարական ծառայության մասին օրենսգիրք»-ը ՝ 2014թ-ի փետրվարից:

Միջազգային պայմանագրերը գոնե մայիսին են ներկայացվել, և ինչպես ասացի , կան նաև փաստաթղթեր, որոնք պետք է ընդունվեն հիմա, քանի որ առջևում երկարատև արձակուրդային շրջան է, իսկ երկիրը, պետությունը պետք է կենսագործեն, ուստի մենք էլ պետք է կենսագործեն , ուստի մենք էլ պետք է փոքր-ինչ ավելի ծանրաբեռնված և օպերատիվ աշխատենք, ոչ թե տրտնջանք կամ պատճառներ փնտրենք օրենսդրի և գործադիրի աշխատանքների վրա «ստվեր» գցելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930