Լրահոս
Օրվա լրահոսը

Ախուրիկ գյուղի ավազակային հարձակման ենթարկված կնոջը շարունակում են ահաբեկել (Տեսանյութ)

Հունիս 20,2016 18:16

Այսօր Aravot.am-ին էր դիմել Ախուրիկ գյուղի բնակչուհի Մարո Վարդանյանը՝ դժգոհելով, որ ոստիկանությունն ու նախաքննական մարմինը ոչինչ չարեցին իր տան վրա կատարված ավազակային հարձակումը մինչեւ վերջ բացահայտելու ու գողոնը հետ վերադարձնելու ուղղությամբ:

Տիկնոջ ներկայացմամբ, 2014 թվականի սեպտեմբերի 13-ին երկու դիմակավորված անձիք գիշերով ներխուժել են իրենց տուն, գարեջրի շշով հարվածել իր գլխին, կապել աղջկան ու դանակի սպառնալիքների տակ պահանջել են ոսկեղեն ու գումար:

Տիկին Մարոյի ասելով, հանցագործները սխալվել էին իրենց հաշվարկների մեջ՝ մտածելով, որ տանը մենակ ինքը կլինի, մինչդեռ Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան սովորող իր դուստրը շաբաթ-կիրակի տուն էր վերադարձել: Մարո Վարդանյանի ամուսինն ու որդին էլ այդ ընթացքում մեկնել էին արտագնա աշխատանքի ՌԴ:

«Նրանք շատ տեղեկացված էին, պահանջում էին զարդ ու մեծ գումար: Մեծ գումար ես չունեի, ասում էին արհեստավորի կին ես, էս կոպեկնե՞րն են ձեր պայուսակի մեջ: Ընդամենը 80 հազար դրամ է եղել մեր տանը, որից 70 հազար դրամը իմ պայուսակից են վերցրել, 10 հազար դրամն էլ աղջկաս պայուսակից: Տարել են աղջկաս նոթբուքը, պլանշետը, 3 հատ բջջային հեռախոսներ: Հետո զարդերը տարան, երբ ինձ դանակի սպառնալիքի տակ ստիպեցին, թե կսպանեն, կմորթեն, նույնիսկ կայրեն, ասին՝ աղջկադ կբռնաբարենք քո աչքի առաջ, ստիպված զարդերի տեղն ասացի: Ասի՝ էրեխիս մատով չկպնեք, ինչ ունեմ տանը, կտամ: Հետո մեզ նետեցին մահճակալի մեջ, դանակը դրել էր ուսիս ու ասում էին՝ քիչ է, սա էն չէ, ինչի համար մեզ ուղարկել են, մեզ ասել են, որ ձեր տանը 400 գրամ ոսկի կա», -իր ծանր ապրումները վերհիշեց Մարո Վարդանյանը:

Հետագայում ոստիկանությունը բացահայտել է հանցագործության մեջ կասկածվող անձանց, նրանից մեկը, ըստ Մարո Վարդանյանի, եղել է իրենց համագյուղացու Ռոստովից եկած եղբայրը՝ 29-ամյա Գրիշա Մարտիրոսյանը, մյուսը՝ 35-ամյա տաքսի քշող Արթուր Էլոյանն է: Իրենք երկուսին էլ չեն ճանաչում:

Այժմ գործը քննվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն Մարո Վարդանյանը դժգոհ է նախաքննությունից, ըստ նրա, այն կատարվել է թերի: Մասնավորապես, ըստ մեր զրուցակցի, համագյուղացիները, որոնց տանը մնացել է եղբայրը, գործում չեն ներգրավել որպես վկա: Բացի այդ, գործն ուղարկվել է դատարան առանց իրենց վերջնական ծանոթացնելու գործի նյութերին, իրենց չեն հրավիրել ճանաչելու հանցագործության մեջ կասկածվող անձանց տնից հայտնաբերված գողոնը:

Ըստ Մարո Վարդանյանի, ինքը դժգոհ մնալով այս ամենից, անընդհատ բողոքարկել է, բայց երբ հերթական բողոք-նամակն է ուղարկել, սկսել են նորից ահաբեկել իրենց: Գիշերով լույս են գցել պատշգամբներին, նորից գարեջրի շշեր են շարել դռան դիմաց, փակ համարներից զանգել, ահաբեկել են: Եվ երբ իրենք դիմել են Ախուրյանի ոստիկանություն, տեսուչը եկել է կոդավորել հեռախոսը, որպեսզի փակ համարներից զանգեր չստանան ու սա համարել է հարցի լուծում:

Մարո Վարդանյանն ասում է, որ ավազակային հարձակումից առաջ թունավորել էին իրենց դռան շներից մեկին, դա կասկած է գցել իր մեջ, ու ինքը տեսախցիկներ էր տեղադրել: Իրավապահներն առգրավվել են տեսախցիկները, սակայն պնդում են, թե դրանք գիշերով չեն արձանագրել կատարվածը, մութ է եղել: «Ասեմ, որ մինչ ավազակային հարձակումը, մեր դռան մոտ կասկածելի կանաչ գույնի «Օպել» է եղել , դա էլ հո ցերեկո՞վ է, բա էդ նկարահանո՞ւմը: Ես բողոքում եմ բանդայի կիսատ բացահայտվելուց, նավոդկա տվողներն էլ են եղել: Իմ հարեւանները՝ Գայանե Մարտիրոսյաննն ու նրա ամուսինը, որոնց տանն ապրել է Գրիշա Մարտիրոսյանը, փաստացի չհրավիրվեցին որպես վկա, ինձ օգնության հասած մարդիկ նույնպես չհրավիրվեցին որպես վկաներ: Որպես վկա ներգրավվել են այն մարդիկ, որոնք ընդհանրապես իմ տունը չեմ մտել, չգիտեն ոչ մի բան: Ոչինչ չեն անում գողոնը վերադարձնելու ուղղությամբ: Ես չեմ պատկերացնում, թե իմ հսկա ոսկեղենը գողանալուն պես որտե՞ղ վաճառեցին: Վերջը ո՞վ պիտի պատասխան տա, թե իմ առողջությանն այսպես մեծ վնաս պատճառելու, իմ ծանր հոգեապրումների ու ինձ պատճառած նյութական վնասի համար: Դատարանում արդեն իսկ զգում եմ, որ հանցագործության մեջ կասկածվող անձանց ներկայացնում են ընչազուրկ, որոնք իբր չեն կարողանում փոխհատուցել ինձ պատճառած վնասը: Թող բարի լինեն վերադարձնել իմ գույքը, ես երկու տարի՝ անկողին չեմ մտնում վախից, բազմոցի վրա քնած եմ քնում:

Քննիչ Սերոբ Կիրակոսյանից շատ դժգոհ եմ, ասում է՝ զարդերը վաճառել են Մալաթիայի շուկայում, բայց էնտեղ տեսախցիկներ կան, օր ու ժամով ֆիքսում են առուվաճառքը, թող բարի լինեին, քննեին, գտնեին: Չեմ էլ պատկերացնում, որ այդքան զարդից ոչինչ չգտնվեց: 6 միլիոն 760 հազարի գույքային վնաս են հասցրել ինձ, իսկ որ ամենաահավորն է, մեր անվտանագությունն ապահովված չէ, տեսեք հիմա ես բաց նամակ եմ հղել գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի ղեկավարին. նախագահի վերահսկողության ծառայության պետին ու ազգային անվտանգության ծառայության պետին: Հենց բողոքը տեղ հասավ, նորից սկսում են սպառնալ մեզ: Ես չգիտեմ ում դիմեմ, որ արդյունքի հասնեմ»:

Նկատենք, որ նախքան Ախուրիկի գյուղի այս ընտանիքի տան վրա հարձակվելը, ավազակային հարձակում է տեղի ունեցել Ոսկեհասակ գյուղի տարեց, միայնակ մի կնոջ վրա, այնուհետ՝ Գյումրու Ավտոկայան ու Սեւերսկի թաղամասի բնակիչների վրա: Գործը չորս դրվագով է: Տիկինը իր դժգոհությունը բաց նամակով հղել էր նաեւ մեր խմբագրությանը (Տես լուսանկարներում):bac namak

bac namak (1)

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930