Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարավո՞ր է երկու մարդու միջև հաղորդակցություն պոեզիայի մակարդակով

Հուլիս 08,2016 15:40

«Մենք շարունակ ինչ-որ տարածքներ ենք փորձում գրավել հասարակության մեջ, ընտանիքում, փողոցում: Գտնում ենք աթոռը, որը հարմար է մեզ, գտնում ենք անկյունը, որտեղ կցանկանայինք նստել…

Նույն տրամաբանությունը կա գրականության մեջ, երբ ուզում ես գրել մի տեքստ, որտեղ քեզ հանգիստ կզգաս, որը քեզ կբավարարի, իր ամրության, ջրակայունության աստիճանով քեզ դուր կգա ու կլինի քո տեքստը: Հույս ունեմ՝ մի օր կգրեմ այնպիսի տեքստ, որն ամբողջապես կընդգրկի այն տարածությունները, որոնք քսան տարի շարունակ լցրել եմ իմ մեջ»,- ասում է բանաստեղծուհի Լուսինե Եղյանը:

«Ինձ համար առաջնային է կյանքի անձնական փորձառությունը: Այսինքն՝ խոսել միայն այն ամենի մասին, ինչը մաշկիդ վրա զգացել ես: Ինձ երբեք չեն հետաքրքրել փողոցում քայլող էքստրաօրդինար կերպարները, որ մտածեմ՝ հետաքրքիր է՝ ինչ մարդիկ են, սկսեմ նրանց մասին գրել: Ինձ համար հետաքրքիր են սովորական մարդիկ, իմ հարազատները, որոնք կյանքում հիմնականում մահվանն առնչվող ինչ-որ փորձառություն են ունեցել: Ուզում եմ ինձ համար կարևորել մարդու անձը, ներաշխարհը, ավելի շատ խոսել հետևանքների, քան գործողությունների մասին»,- ասում է բանաստեղծ Արամ Մամիկոնյանը:

Երիտասարդ բանաստեղծները «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում հուլիսի 7-ին ընթերցողներին ներկայացրին իրենց առաջին գրքերը՝ «Մագմա»-ն և «Ծանր ջուր»-ը:

«Մագմա»-ի հեղինակի՝ Լուսինե Եղյանի դիտարկմամբ՝ գիրքը մարդու մասին է, որը նոր ճանապարհի, նոր ընթացքի մեջ է ու շարունակ փորձում է ինչ-որ բան գտնել, ինքնաճանաչման ճանապարհով անցնել, բայց հանդիպող վախերը, հասկացվածության պակասը, ծնողների, առհասարակ մարկանց հետ հարաբերությունները նրան ստիպում են անընդհատ դանդաղեցնել այն ընթացքը, ճանապարհը, ճշմարտությունը, որը փնտրում է:

Հեղինակը համարում է, որ այս գրքով ստեղծագործական ինչ-որ փուլ ավարտում է. «Հույս ունեմ, որ «Մագմա»-ից հետո գրված բանաստեղծությունները նոր սկիզբ են, որովհետև թե´ իմ աշխարհայացքում, թե´ պատկերացումներում, թե´ ապրելակերպում մեծ փոփոխություններ են եղել: Հուսով եմ՝ նոր փուլ է, որը գեղարվեստական առումով չի զիջի նախորդին, որովհետև դա շարունակական ընթացք է: Եթե կտրվի, ուրեմն այս գիրքն ավելորդ էր»,- ասում է Լուսինեն:

Արամ Մամիկոնյանը չի կարծում, որ իր «Ծանր ջուր» գիրքն ընթերցողի սեղանին դնելով իրենն ուրիշին է «տալիս». «Ես ինձ եմ պատմում, ինչ-որ առումով դա ավելի շատ ներսուզում է, քան ուրիշներին պատմելու, նրանց հետ հաղորդակցվելու ցանկություն: Այսինքն՝ ես երբեք նկատի չեմ ունենում, որ սա կարդալու է ուրիշ մեկը, ինչ է մտածելու իմ մասին: Մի տեսակ եսակենտրոն է ստացվում, բայց կարևորն այն հանգումները, այն նուրբ միջանցքներն են, որոնք ես իմ մեջ հայտնաբերում եմ»,- նշում է նա :

Ի դեպ, գրքերում տեղ են գտել նաև համահեղինակությամբ գրված բանաստեղծություններ. «Մեզ հետաքրքրում էր՝ հնարավո՞ր է երկու մարդու միջև հաղորդակցություն պոեզիայի մակարդակով: Հետաքրքիր էր ուսումնասիրել՝ արդյո՞ք շրջակա միջավայրն ու քո ներաշխարհը հաղորդակցման մեջ են, այսինքն՝ վայրը կապ ունի՞, թե ինչ ենք գրում: Վերջում եկանք այն եզրակացության, որ կապ չունի՝ որտեղ ենք գրում: Բայց շատ հետաքրքրիր էր, որ կարողանում էինք հաղորդակցվել պոեզիայի միջոցով»,- հիշում է Արամ Մամիկոնյանը:

«Երբ Արամն ու Լուսինեն փորձեցին միասին բանաստեղծություն գրել, շատերի համար դա շոկային էր. նախ անհասկանալի էր՝ ինչպես է դա լինում (արձակի դեպքում մի քիչ հասկանալի է):

Ինձ համար դա պոեզիայի սահմանները լայնացնելու մի ձև է. այս դեպքում կարողանում ես ավելին ասել: Ձեր միախառնվածության արտաքին շերտում դուք նմանվում եք, բայց խորքում տարբերությունը զգացվում է»,- նկատում է «Մագմա» և «Ծանր ջուր» ժողովածուների խմբագիր, բանաստեղծուհի Հասմիկ Սիմոնյանը:

Այս երկու գրողներին շատ են նմանեցնում իրար, բայց նրանց գրքերի խմբագիրը վստահեցնում է, որ նաև ակնհայտ տարբերություններ կան:

«Տարբերությունները հասկանալու համար թերևս պետք է նշել, թե իրենք ոգեշնչման ինչ աղբյուր ունեն, ինչից են սնվում, իրենց արմատները մինչև որտեղ են ձգվում:

Արամի դեպքում ձգվում են դեպի խոստովանական պոեզիայի ուղղություն, որը հիմնադրել է Սիլվիա Պլատը (1950 թվական, ԱՄՆ): Խոստովանական պոեզիայում ծայրահեղության են հասցվում հույզերը, ինքնասպանությունները, կյանքի ընթացքում ստացած տրավմաները: Պոետը հայտնվում է խոստովանողի դերում:

Արամի պոեզիան հայ գրականության մեջ մի նոր շերտ է: Եթե մյուսների դեպքում պատկերը մնում է պատկերի սահմանում, այս դեպքում Արամը գալիս ասում է՝ բառն ինքնին ոչինչ է: Երբ ես տալիս եմ բառ, պատռիր այն ու տես՝ դիմակի տակ ինչ եմ դնում:

Իսկ Լուսինեի տեքստն ավելի շատ դիցաբանական հիմք ունի: Կարծես թե մոտենում է նախնիներին, փորձում ամենահին բաների, օրինակ՝ հողի մեջ ճանաչել իր նախնիներին, տեսնել բոլորին ու այդ բոլորի մեջ ճանաչել ինքն իրեն…

Արամի ու Լուսինեի պոեզիայի դեպքում շատ կարևոր է, որ հեղինակը կանգ առնի, շարունակի ընթերցողը՝ գրեթե համահեղինակ դառնալով: Ընթերցողն ինքը պետք է գործուն լինի, մտնի ընթացքի մեջ, այդ ընթացքից շարունակի, որովհետև իր ներսն էլ է մտնելու ինքը»,- ասում է Հասմիկ Սիմոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031