Լրահոս
Օրվա լրահոսը

Բուժաշխատողները շարունակում են պատանդ մնալ. կոչ՝ առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը. ԱՆ

Հուլիս 29,2016 14:49 Share
Աջակցեք aravot.am-ին

Արդեն ավելի քան 52 ժամ է, ինչ շտապ բուժօգնության երկու բժիշկը և բուժքույրը ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում պատանդի կարգավիճակում են։

Երեկ նրանց ազատ արձակելու բազում կոչերին միացան նաև Երևանի մի շարք բժշկական կազմակերպությունների բժիշկներն ու բուժքույրերը` շեշտը դնելով հատկապես իրենց գործընկերուհու` բուժքույր Մալինա Մարգարյանին ազատելուն։

Դժվար է հասկանալ հայ տղամարդկանց այն քայլը, երբ իրենց կողքին ստիպողաբար պահում են կնոջը, այն էլ բուժքրոջ, ով, եթե չասենք իր առաքելությամբ, ապա գոնե մասնագիտության և աշխատանքի բերումով մշտապես աջակցություն ու բժշկական օգնություն է ցուցաբերել դրա անհրաժեշտությունն ունեցողներին։

ՀՀ առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ դատապարտում է զինյալ խմբի կողմից բուժաշխատողներին պատանդ վերցնելու ամբողջ աշխարհում անընդունելի համարվող քայլը, կոչ է անում հային վայել մոտեցում ցուցաբերել և առաջին հերթին ազատ արձակել բուժքրոջը։ Միաժամանակ, հորդորում ենք սառը տրամաբանությամբ ընդունել առանց որևէ նախապայմանի բոլոր բուժաշխատողներին ազատ արձակելու բազում հորդորները, կոչերն ու պահանջները։

Ողջ աշխարհում գրված ու չգրված օրենքներով չընկալվող այս գործողությունը բնավ պատիվ չի բերում ոչ ձեր արժանապատվությանը և ոչ էլ ձեր կողմից ներկայացվող գաղափարներին։

 

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: