Լրահոս
Օրվա լրահոսը

Երկխոսությունների համար ընտրում ենք մեզ համար անվտանգ ու ապահով տարածք` ատելությունից ու սպանդից ազատագրված տարածքները

Օգոստոս 19,2016 16:19

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ից ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՑ ՆԱՄԱԿ-ԴԻՄՈՒՄԸ  ՆԱԽԿԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ի ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ

Վերջերս հնչում են կոչեր, որոնք ուղղված են հայերին ու ադրբեջանցիներին, և առաջարկում են փոխադարձ ներել և բարի կամք ցուցաբերել Կասպից արևմուտքում խաղաղություն հաստատելու համար: Այո, ճիշտ է այն հիմնավորումը, որ երրորդ ուժերը, որքան էլ նրանք բարի կամք են հանդես բերում կողմերին տանելու դեպի խաղաղության, նրանց ոչինչ չի հաջողվում:

Անշուշտ, ներկան ու ապագան հենվելու են անցյալի վրա, ինչպե՞ս առաջանալ, ինչպե՞ս խոսել ներելուց, խաղաղ գոյակցելուց, երբ բազմաթիվ են անընդհատ բորբոքվող վերքերը, երբ մինչ օրս ոչինչ չի արվել, ոչ մի քայլ այդ նույն երրորդ ուժերից, որոնց մղումը իբրև բարի է ու անկեղծ, որ հիշատակեն այդ տարիների հիմնական զոհի ու տուժողի՝ հայ փախստականների ցավից, նրանց հետագա ճակատագրից: Հայ փախստականներս, որ մեր տունն ու տեղերը, շեները, մեր դպրոցները, եկեղեցիները, մահարձանները, գերեզմանոցները, մեր ամեն բան ստիպված էինք թողնել Նախիջևանում, Գարդմանքում, Կիրովաբադում, Սումգայիթում, Շաքիում, Շամախիում, Բաքվում, Շամքորում, ամենուր, որտեղ հայերս ապրել ենք հազարամյակներ համախումբ, ստիպված էինք մորթվելու սպառնալիքի տակ թողնել ու հեռանալ, միայն թե հասցնեինք փրկել մեր երեխաներին, ծնողներին, կանանց: Շատերին կորցրինք…կորցրինք ու չկարողացանք փրկել անասելի իր դաժանությամբ սպանդից, աննկարագրելի սպանդի ձևերից ու մարդակերությունից:
Սակայն, շատ շուտով մենք տեսանք, որ մեր հարազատներին մորթողներին որպես հերոսներ թաղեցին այնտեղ, որտեղ Բաքվի հայկական գերեզմանոցն էր, ավերեցին մեր նախնիների հանգստարանը ու տեղը դրեցին շահիդների ծառուղին ու ապա փառաբանեցին նրանց:

Իսկ ի՞նչ արեցին Ջուղայում մեր խաչքարերի, մեր հուշարձանների հետ: Մի կողմից նրանց «պատմաբանները» պնդում են, որ այդ հուշարձանները իբրև աղվանական են ու դեռ աղվանացիներն էլ իրենց նախնիներն են, ու որից հետո պետք է, որ Ջուղայի այդ հրաշքը պահպանվեր: Սակայն, պարզունակ կենդանական հոշոտողի բնազդով վերացրին Հայկական բարձրավանդակում բարձր քաղաքակրթության այդ վկաներին:

Ո՞վ է Սաֆարովը, կա՞ մի կրոն, մի՞ մարդասիրական գաղափարախոսություն, որ ընդուներ սրա ցուցաբերած քստմնելի արարքը, ու հիմա նման արարքներ ինչքա՜ն ասես իսլամական պետության ջատագովների մոտ: Սակայն, սա էլ հերոսացվեց, ու մի ժողովուրդ, որին դա ներկայացվեց որպես հերոս, ոչ միայն ընդունեց այդ, այլ նորածիններին տվեց անուններ՝ հավերժացնելու ստոր ու վախկոտ մարդասպանի արարքը: Սրա կերպարը չէ՞, որ քարոզվում է դպրոցական գրքերում, էկրաններից, սրանով չէ՞, որ աճող սերնդի մեջ ամրացնում են նողկալի զգացմունքներ հարևան ժողովուրդների դեմ, առավել՝ հայերի հանդեպ: Քանի՜-քանի՜ անգամներ պետության նախագահը, որ Կասպից արևմուտքում բնական ռեսուրսների գիշատիչ յուրացման հովանավորն ու հենց յուրացնողն է, քարոզել է այդ պետության քաղաքացիներին հաշվեհարդար տեսնել ամեն հայի հետ, թեկուզ պետության սահմաններից դուրս, և սրան այդ պետական այրը՝ մեծ մարդասպանը, պատրաստ է հերոսացնելու: Ո՞րն է այդ պետության մեջ ներկա ապրող ժողովրդի արձագանքը սրան:

Իսկ այդ երրորդ ուժերը. իրո՞ք նրանց մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատելու անկեղծ նպատակն է մղում ինչ-ինչ քայլերի, այլապես ինչո՞ւ ծնվեց Սարսանգի շուրջ ԵԽԽՎ-ի զեկույցը, որի միակ դերակատարությունը եղավ ինդուլգենցիան ալիևականներին դրանց կողմից այս տարվա ապրիլին հրահրած քառօրյա պատերազմի դիմաց: Ալիևյան ,հերոսներըե սկսեցին գործել այնպես, ինչպես քարոզել էին դասագրքերում ու հեռուստացույցի էկրանից, ինչպես մեծ մարդասպանն էր համոզել, ինչպես արվում է իսլամական պետության մոտ: Սպանեցին դպրոցական երեխայի, մորթեցին ու խեղեցին անպաշտպան ծերերի և ապա ավերեցին նրանց դիակները, գլխատեցին հակառակորդ բանակի ողջ զինվորին, կտրեցին զոհված զինվորի գլուխը ու որպես ավար, տարան բնակավայրեր ցուցադրելու սեփական պետության բնակիչներին, ու այս ամենը նպատակային տարածվեց համացանցով: Ու այդ պետության մեծ մարդասպանը իրեն ու իսլամական պետության կայացնողներին յուրահատուկ կեցվածքով, նորից իր տեղում էր՝ որպես մարդասպանության հովանավոր ու ջատագով: Որտե՞ղ է այդ պետության մեջ ներկայումս ապրող ժողովուրդը, այն սահմանի՞ն, որտեղ կա միայն սպա՞նդ, դաժանությո՞ւն, ստորություն ու մարդակերության խրախճա՞նք:

Չե՛նք ուզում հավատալ: Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի այլ վայրերում էլ այդ հրեշավոր օրերին կային մարդիկ, որոնք ծածուկ, վախվորած, բայց հաստատակամ խիզախեցին և օգնեցին իր հարևան կամ պատահական հային ու նրա ընտանիքին փրկվելու սպանդից; Այո, հավանաբար այն հանգամանքը, որ Աշխարհը, մարդն ու մարդկայնությունը դեռ կան, նաև նման խիզախության շնորհիվ է:
Մեզ հուզում է այն փաստը, որ հնչում են խաղաղություն հաստատելու համար քայլեր կատարելու առաջարկներ հենց այս երկու ժողովուրդների համար, առանց երրորդ ուժի, բայց ինչպե՞ս այս ամենից հետո, ներե՞լ, բայց որտե՞ղ են վստահություն հաստատելու երաշխիքները: Հիմա էլ ձերբակալել են Մարատ Գալուստյանին, արդեն հորինվում են տարբեր հիմքեր ձերբակալությունը հիմնավորելու համար, բայց հիմնական հիմքը եղել է Մարատի ազգային պատկանելությունը, ինչը և հնչել է հենց առաջին օրերին, ու այդ հիմքը հաստատել է Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության հյուպատոսությունը, որ չեն կարող պաշտպանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն, քանի որ նա ազգությամբ հայ է, սա ընկալելի է՞, սրա նման պատմություններ հանդիպել եք ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներո՞ւմ, թե՞ լսել եք իսլամական պետության հետ կապված:

Անշուշտ, մենք՝ հայ փախստականներս, պատրաստ ենք սկսել խաղաղության հաստատմանը նպաստող, Կասպից արևմուտքում համակեցության ձևերի ու բովանդակության մարդասիրական մոտեցումներով վերանայման համար երկխոսություններ ու քննարկումներ, որովհետև մենք, ավելի քան որևէ ժողովուրդ այս տարածաշրջանում, արժեւորել ենք խաղաղությունն ու դրան ծառայող փոխադարձ հարգանքը ժողովուրդների կողմից, հարգանքը մարդկանց ու նրանց հոգևոր արժեքներին, նրանց ընտանիքներին, աշխատանքին: Երկխոսությունների ու քննարկումների մեկնարկման ու կայացման համար ընտրում ենք մեզ համար անվտանգ ու ապահով տարածք, ու դրանք Ազատագրված տարածքներն են, ազատագրված ատելությունից ու սպանդից:

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ից ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդիկ says:

    Տեղին կլիներ մի էսպիսի հոդվածով հանդես գաք , Սերժի ապորինությունների դեմ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031