Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն Արթիկում թեկնածու չի ունենա

Օգոստոս 30,2016 10:44

«Արթիկի խնդիրը մեզ համար փակված է: ԲՀԿ-ն Արթիկում որեւէ թեկնածուի չի պաշտպանելու, ոչ էլ առաջադրելու է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն`արձագանքելով դիտարկմանը` ՀՀԿ-ն կարծես վերջնական որոշում է կայացրել Արթիկի քաղաքապետի ընտրություններում առաջադրել նախկին ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանին (լուսանկարում): Այս օրերին մամուլում էլ լուրեր շրջանառվեցին, որ չի բացառվում ԲՀԿ-ն էլ առաջադրի Արթիկի նախկին քաղաքապետի եղբորը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մխիթար Վարագյանին: Մանավանդ, որ խոսակցություններ կան, որ Վարագյանը որոշ ԲՀԿ-ականների հետ այդ թեմայով զրույց ունեցել է:

«Այո, տարբեր թեկնածուների հետ տարբեր քննարկումներ եղել են`Արթիկում ԲՀԿ-ի առաջադրմամբ հանդես գալու շուրջ: Քննարկումներն ավարտված են, մեր որոշումն էլ կայացած է`Արթիկում ԲՀԿ-ն թեկնածու չի առաջադրում եւ որեւէ թեկնածուի, այդ թվում նաեւ Մուշեղ Պետոյանին, չի սատարում»,- ասաց ԲՀԿ նախագահը`հավելելով, որ հանձնաժողովի իրենց անդամներին էլ մեկ հանձնարարական է տրվելու`ապահովել ազատ եւ արդար ընտրություններ:

Այս ընթացքում պաշտոնական հայտարարություններ եղան, որ 87 համայնքներում ԲՀԿ-ն թեկնածուներ է առաջադրում: Սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրությունների ցուցակներն արդեն հրապարակվել են եւ դրանց համաձայն ԲՀԿ-ն ընդամենը տասից ավել թեկնածուներ է առաջադրել: ԲՀԿ-ի ակտիվությունը հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններո՞ւմ կերեւա, մեր հարցին Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս օրերին որոշ լրատվամիջոցներում դա շահարկվեց ու ինքը նման մոտեցումը պարզունակ է համարում.

«Այո, 80-ից ավել համայնքներում ԲՀԿ-ն առաջադրել է համայնքապետերի`քաղաքապետերի եւ գյուղապետերի թեկնածուներ, էլ չեմ խոսում ավագանու անդամի թեկնածուների մասին: Մեր մարտավարությունը բազմաթիվ վայրերում եղել է այսպես`թեկնածուն առաջադրվում է ոչ թե կուսակցության անունից, այլ ինքնաառաջադրվում է: Օրինակ, Կապանում, ԲՀԿ տարածքային կառույցի որոշմամբ քաղաքապետի թեկնածու է առաջադրվելու կառույցի ղեկավար Արթուր Մարտիրոսյանը: Բայց մենք որոշել ենք, որ Արթուր Մարտիրոսյանն ինքնաառաջադրվում է: Նույնը`Մասիսում եւ այլ վայրերում: Բացի այդ, տարբեր տեղերում կան անկուսակցական թեկնածուներ, որոնք առաջադրվել են ԲՀԿ-ի կողմից: Օրինակ, Աշտարակում: Մամուլին հորդորում եմ`թույլ տալ մենք որոշենք մեր մարտավարությունը եւ այդ մասին այս պահին չհրապարակել: Ես չեմ պատրաստվում որեւէ լրատվամիջոցի ԲՀԿ-ական մարմաջը բավարարելու համար քննարկել մեր մարտավարությունը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031