Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր քաղաքական ուժը կայացման խնդիր չունի. «Հրապարակ»

Սեպտեմբեր 06,2016 12:26

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի ղեկավարն ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն է, չի մասնակցի այս ՏԻՄ ընտրություններից եւ ոչ մեկին։ Նրանք միանգամից 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեն։ Իսկ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու պատճառները «խիստ հայեցակարգային են»։ Ավելի շուտ՝ երեւի հայեցակարգն է մեղավոր, որ չեն մասնակցում։ Բայց, այ, համապետական ընտրություններում այդ գրողի տարած հայեցակարգի մեղքի բաժինը մի փոքր մեղմանում է։ Թե այդ ինչ չարաբաստիկ հայեցակարգի մասին խոսքը, որը խանգարում է իրենց մասնակցել առաջիկա ընտրություններին, եւ ինչ են մտածում Հայաստանի «ազատ դեմոկրատներն» այս հարցերի շուրջ, զրուցեցինք կուսակցության վարչության անդամ Անուշ Սեդրակյանի հետ։ Ի դեպ, վերջինս իր խոսքում ամեն ինչ կապում էր հայեցակարգերի հետ։ Արդյունքում շատ հայեցակարգային զրույց ստացվեց։

«Ես կարծում եմ՝ ՏԻՄ ընտրությունների մեխանիզմը, հայեցակարգը մի քիչ ավելի բարդ հայեցակարգ է, եւ թեկնածու առաջադրելն ու մասնակցելն էլ որոշակի պատասխանատվության հետ են կապված»,- ասաց նա։ Իսկ ի՞նչ է նշանակում «բարդ հայեցակարգ»։ Փորձեց բացատրել. «Այն, որ տեղական ընտրությունների մասնակցությունը պետք է մի քիչ, այսպես ասած, երաշխիքներ ունենա այդ ընտրությունների թափանցիկության եւ, այսպես ասած, նորմալ մասնակցության ապահովման։ Բայց Հայաստանում որեւէ ընտրական համակարգ չի ունեցել նման երաշխիք։ Ասեմ, որ այս նոր համակարգն էլ, լինելով նոր, արդեն պարզ է, որ լինելու է թերի, որովհետեւ միշտ մի բան, որ նոր է սկսվում, ներքին խոչընդոտներ է ունենում, որ մարդիկ չգիտեն։ Եվ էդ համակարգի հանդեպ անձամբ ես մի քիչ թերահավատ եմ»։ Բայց, այս թերի ընտրական համակարգով ու բարդ հայեցակարգով հանդերձ, «Ազատ դեմոկրատները» կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին, որովհետեւ Անուշ Սեդրակյանը կարծում է, որ Հայաստանում եւ տարածաշրջանում մինչեւ մյուս տարի գլոբալ փոփոխություններ տեղի կունենան, այդ թվում՝ նաեւ ընտրական համակարգում։

– Բայց այդ փոփոխություններն արդեն տեղի ունեցել են. Ընտրական նոր օրենսգիրք են ընդունել։

– Ես Ձեզ ասեմ՝ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում ինչ-որ ընտրաօրենսգրքային փոփոխություն է տեղի ունենում, դա ճակատագրական մի բան է։ Ոչ։ Մի հատ այդ մեխանիզմը պետք է աշխատի գործնականում, քանզի արդեն նույնիսկ թղթի վրա են երեւում այդ թերությունները, բայց գործողության մեջ արդեն ամեն ինչ ավելի պարզ կերեւա։

– Այսինքն՝ այս ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու հիմնական պատճառը ո՞րն է ձեր դեպքում, ընտրական մեխանիզմի հանդեպ անվստահությո՞ւնը։

– Այսպես ասենք՝ նոր ներդրված համակարգի անորոշությունը եւ թերությունը։

– Բայց մենք հին օրենսգրքով ենք անցկացնելու ՏԻՄ ընտրությունները։

– Մենք հին օրենսգրքով ենք անցկացնելու, բայց մենք պետք է հասկանանք, չէ՞, որ սահմանադրական փոփոխությունների լույսի տակ անխուսափելիորեն նաեւ էդ համակարգում են տեղի ունեցել փոփոխություններ։ Եվ հետո, ես կարծում եմ, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին կուսակցությունը քանի դեռ հայտարարություն չի արել, դեռ վաղ է այդ մասին խոսել։ Ես այս պահին կիսում եմ իմ անձնական կարծիքն այդ ընտրական համակարգի պրոբլեմատիկայի մասին, բայց դեռեւս հայտարարություն չկա կուսակցության կողմից:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930