Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովո ջան, ախպե՛ր ջան, բա որ Գյումրիի տաքսիները գան Երեւանում տաքսավատ անե՞ն». Վարդան Այվազյան

Սեպտեմբեր 09,2016 13:24

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստին Թեւան Պողոսյանը հենց սկզբից առաջարկեց, որ հետաձգեն կառավարության ներկայացրած նախագծերի քննարկումը՝ հաշվի առնելով նոր իրողությունը: Կառավարություն է փոխվել, բնականաբար, կառավարության նոր ծրագիր է լինելու, գուցե պետք չէ մի քանի օրվա համար նախկին կառավարության առաջարկն ընդունել:

Հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ պատգամավորի սահմանադրական իրավունքն է , որ եթե առաջարկվել է օրենսդրական փոփոխություն, պետք է քննարկի:

«Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» նախագիծ էր ներկայացրել էր ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նախագծով առաջարկվում է արտոնագրային վճարների մասով Գյումրիում 50 տոկոս արտոնություն տրամադրել: Առաջարկվում է նաեւ տարբեր ներդրումների դեպքում, որոշակի աշխատատեղեր ստեղծելու պայմաններում արտոնություններ տալ: Օրինակ, 100 մլն դրամ ներդրում իրականացրած կազմակերպություններին տալ հարկային արտոնություններ շահութահարկի եւ եկամտահարկի գծով: 200-ից ավելի աշխատատեղեր ստեղծելու դեպքում 3 տարով արտոնություն տալ եւ այլն: Առաջարկվում է «Շիրակ» օդանավակայանի տարածքը սահմանել ազատ տնտեսական գոտի:

Հովհաննես Մարգարյանի խոսքերով՝ «Այն ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող օդանավակայան է, ներկայումս գրեթե չի գործում: Հիմնականում աշնանը եւ ձմռանը մառախլապատ օրերը ավելի շատ են լինում «Զվարթնոցում», քան «Շիրակում»: «Շիրակից» ավելի լավ է գնալ: Պետք է հետեւողական լինենք, որ կարողանանք արտոնությունները, որը սահմանել են «Զվարթնոցի» տարածքում գործող սպասարկող օբյեկտներին, նույն արտոնությունները տալ «Շիրակին»: Արտոնություններով Շիրակ օդանավակայանը կկարողանա վերականգնել իր չվերթները»:

ayvazyan-2

Կառավարության եզրակացությամբ, նախագիծն ընդունելի չէ, առաջարկությունները միակողմանի բնույթ են կրում, օրինակ, Լոռին էլ է աղետի գոտի ու համալիր մոտեցում է պետք:

Վարդան Այվազյանն էլ հարցրեց՝ «Էդ ասում եք ազատ տնտեսական գոտի տանք Շիրակ օդանավակայանին, ի՞նչն է խանգարում, որ սեփականատերը գա, ասի գծեք սահմանները, այսքան տարածքը դարձնենք ազատ տնտեսական գոտի, ինչի՞ օրենք ընդունենք»: Փորձագետներից մեկը պատասխանեց, որ երկուսն էլ Էռնեկյանինն են՝ ե՛ւ «Զվարթնոցը», ե՛ւ «Շիրակ» օդանավակայանը, վերջինիս կառավարումն էլ ինքն է ստանձնել ու «Զվարթնոցի» դեպքում օգտվում է ազատ գոտուց, Շիրակի դեպքում չունի մոտիվացիա, վերջին 2 ամսում 1 չվերթ է իրականացվել:

Վարդան Այվազյանը զարմացավ՝ «Շիրակն է՞լ է Էռնեկյանինը, ես գիտեի մենակ «Զվարթնոցն» եք տվել, եթե «Շիրակն» էլ եք տվել՝ էդ ուրիշ բան»:

arcvikminasyan_1

Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ճշտեց, որ «Զվարթնոցն» էլ ազատ տնտեսական գոտի չէ, իսկ «Շիրակ» օդանավակայանը կարող է, կոնկրետ ապրանքների եւ ծառայություների տեսակների շղթան պետք է ներկայացվի, որ քննարկենք՝ արժի՞, թե՞ չարժի ազատ գոտի սահմանել»:

Վարդան Այվազյանի բացատրելով՝ «Ազատ տնտեսական գոտին ենթադրում է, որ միայն եկամտահարկ ես վճարում ու ապրանքդ վերցնում, գնում ես ուղիղ արտասահման, էլ մաքսայինի հետ գործ չունես: Հիմա եթե «Շիրակում» գործող ծառայություններից մեկի ԱԱՀ-ն, հոսանքի փողը չգանձեն՝ շաբաթը 5 սամալյո՞տ է թռնելու: Ասենք, Գյումրիին հարկային արտոնություն տվեցին, ի՞նչ է, լինելու, դանակ սրողների թիվը կավելանա՞»:

Հովհաննես Մարգարյանն արձագանքեց. «Տաքսի քշողների թիվը թեկուզ ավելանա, դանակ սրողների, ի՞նչ է եղել»:

Բանը հասավ նրան, որ Վարդան Այվազյանն անցավ «ախպեր ջան, ընկեր ջան» զրույցին. «Հովո ջան, ախպեր ջան, բա որ Գյումրիի տաքսիներին արտոնություն տան, գա Երեւանում սկսի տաքսավատ անել, ի՞նչ անենք էն ժամանակ»:

Հովհաննես Մարգարյանն էլ պատասխանեց. «Վարդան ջան, ախպե՛ր ջան, էդ դեպքում սահմանամերձ բնակավայրերին էլ եք արտոնություններ տվել, այնտեղից էլ կարող են գալ Երեւան»:

Ի վերջո, նախագիծը մտավ մեծ օրակարգ եւ հայտարարվեց, որ այն բաց է, ցանկացած պատգամավոր կարող է առաջարկ ներկայացնել ու դառնալ համահեղինակ, որպեսզի այն նախընտրական նպատակներով չօգտագործվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930