Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորների մուտքը «Վանաձոր-Քիմպրոմի» արտադրամաս արգելել են

Սեպտեմբեր 09,2016 16:25

Այսօր ԲՀԿ խմբակցության պատգամավորները`խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, այցելել են «Վանաձոր-Քիմպրոմ» գործարան: Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ գործարանի սնանկության ճանաչման գործընթացի կառավարչի հետ նախնական պայմանավորվածություն են ունեցել այսօր գործարանում աշխատանքային խորհրդակցություն հրավիրել` գործարանի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

«Վանաձոր-Քիմպրոմը», հիշեցնենք, սնանկ է ճանաչվել: Գործարանի աշխատակիցներն էլ տեւական ժամանակ առաջ դիմել էին ԲՀԿ խմբակցության պատգամավորներին`գործարանի հետ կապված խնդիրներով, այդ թվում՝ նաեւ կուտակված մոտ 142 միլիոն աշխատավարձի պարտքի հարցով:

Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ գործարանի վարչական շենքում իրենք հանդիպել են ղեկավար կազմից մեկ-երկու ներկայացուցիչների, որոնց հետ քննարկել են «Վանաձոր-Քիմպրոմում» ստեղծված իրավիճակը, դատական գործընթացը եւ գործարանը գոնե մասնակի գործարկելու հնարավորությունները կամ այն արդյունաբերական ուղղությունների գործարկումը, ինչը հնարավոր է անել առկա ենթակառուցվածքներով:

ԲՀԿ-ի պատգամավորներն այնուհետեւ ցանկացել են մուտք գործել գործարանի արտադրական հատված`տեսնելու համար, թե ինչ վիճակում են արտադրամասերը, ենթակառուցվածքները: Սակայն գործարանի ղեկավարությունը կտրականապես արգելել է պատգամավորների մուտքը արտադրական տարածք:

Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում դա գնահատեց բացահայտ ապօրինություն, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ, որեւէ մեկը իրավունք չունի պատգամավորին արգելել, որեւէ տարածք մուտք գործելու: «Մեր`արտադրական տարածք մուտք գործել թույլ չտալը մեկ բան է նշանակում`համապատասխանում են իրականությանն այն խոսակցությունները, որ գործարանի ամբողջ արտադրական հզորությունները թալանված եւ մաս-մաս վաճառված են: Այլապես որեւէ տրամաբանական պատճառ չկար, մեր մուտքը գործարանի արտադրական տարածք թույլ չտալու համար»,- ասաց տիկին Զոհրաբյանը:

Այս պահին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Վանաձորում հանդիպում են ժողովրդի հետ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930