Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորված սարիթաղցիների հարազատները խնդրում են գլխավոր դատախազին լսել իրենց

Հոկտեմբեր 06,2016 22:33

«Մենք չենք բողոքում, մենք ունենք խնդրանք, որ հոդվածները փոխվեն, որ մեղմացնեն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Սարի թաղում հուլիսի 19-ին տեղի ունեցած բախումների գործով կալանավորված Հրաչյա Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ իր ամուսինը ոստիկանության հետ որեւէ խնդիր չի ունեցել: Իրենք խնդրում են գլխավոր դատախազին իրենց լսի եւ պարզապես հոդվածները մեղմացվեն: Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Հարեւանուհի Սիլվա Ղազարյանը հավելեց, որ կալանավորվածները չեն աջակցել ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված Սասնա ծռեր խմբավորման անդամներին. «Սարի թաղցին սովորական լքված բնակչություն է, ոչ մեկ չի ճանաչում: Մենք չենք ուզում միտինգներ անել, մենք խնդրում ենք, որ այսքան չձգձգվի, չերկարի: Այստեղ քաղաքականություն չկա»:

Նա ընդգծեց, որ պետք է նաեւ հիշել, թե ինչ էր կատարվում հուլիսի 29-ին Սարի թաղում. «Ինչո՞ւ պետք է Սարի թաղում երեխան իրենց արածի համար՝ խաղաղ ցուցարարներին պատժելու համար վախից գլուխները մտցնեն բարձերի տակ: Մենք այդ օրն այնպիսի բաներ ենք տեսել, որ ես չէի ցանկանա, որ ինչ-որ մի տեղ նույն բաները կրկնվեին: Եթե ասում են, որ մեր տղաները խուլիգանություն են արել, իրենք խաղաղ ցուցարարների նկատմամբ այնպիսի բաներ են արել, որ պետք է ամբողջ համակարգին բռնեն ու ձերբակալեն»:

Իսկ Էդուարդ Զեյթունյանի կին Լալա Բերնեցյանը հավելեց, որ իր ամուսնու գործով քննիչն իրեն որպես վկա է ներգրավել եւ շփոթված ստորագրել է իրեն ներկայացված բոլոր փաստաթղթերը: Նա նաեւ նշեց, որ կալանավորվածներին պատշաճ բուժօգնություն չի տրամադրվում. «Դեղ են տալիս ընդհանրապես այլ հիվանդության դեմ: Այդ պատճառով ես բարձրաձայնել եմ, որ նրանք խոշտանգման են ենթարկվում ամեն մի կալանավոր մի ձեւով: Ես դիմել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինձ ասել են, որ իմ հարցը քննում է Խոշտանգումների բաժինը»:

Հիշեցնենք՝ «Սիվիլնեթ»-ի տեսանյութում երեւում է, թե ինչպես են Սարի թաղի բնակիչները անվադողեր վառում: Նրանք, մասնավորապես խնդրում են իրենց ճանապարհը բացել եւ զինված հարձակում իրականացրած անձանց ահաբեկիչ չանվանել: «Կրակը վառել ենք, որ մոտիկ չգան ու չեն եկել, բայց որ մոտիկ էլ գային, մենք պատրաստել էինք շշերը, որ գցեինք մեջները ու կանեինք: Մեզ մոտ ո՛չ զենք է եղել, ո՛չ բան, մենք ոչ մի բան չենք արել նրան»,- ասում էին սարիթաղցիները՝ հավելելով, որ ոստիկանության հետ բախման արդյունքում իրենք վիրավորներ չունեն:

«Էս չստիկներով ու հացի դանակով կհաղթենք իրանց»,- ասում էին բնակիչները՝ պահանջելով իրենց ճանապարհը բացեն, որպեսզի կարողանան միանալ պայքարին. «Մեր հաջորդ քայլը լինելու ա «գռուզավիկ» մեքենաները բաց թողելը՝ ակերի տեղը էդ ամբոխի մեջ: Մեքենաները չենք ափսոսի, Սարի թաղում լիքը հին բան կա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31