Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ-ն իրենով կանի Կարեն Կարապետյանի՞ն, թե՞՝ Կարապետյանը ՀՀԿ-ին»

Հոկտեմբեր 31,2016 13:00

Պրոհայկականության պակասից մինչեւ Կարեն Կարապետյանի գործողությունների հետագիծ

Եվրասիական բանկի հետազոտական կենտրոնի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքներով` Ռուսաստանի նկատմամբ հայ հասարակության դրական վերաբերմունքը եւ Ռուսաստանի՝ որպես գլխավոր գործընկերոջ ընկալումը 17%-ով նվազել է:
Պատճառների շարքում ռուս հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովն առանձնացրել էր ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի`Բաքվում արված հայտարարություններն այն մասին, թե Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին:

«Առավոտի» հետ զրույցում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը վստահեցրեց, թե պատճառները ոչ թե պետք է փնտրել ռուսական կողմում, այլ՝ հայկական: Փորձագետը նկատեց, թե ռուսները շարունակում են լինել այնպիսին, ինչպես եղել են միշտ, այլ բան է, որ հակառուսական տրամադրությունների տարածումը հայկական քաղաքական վերնախավի որոշ շրջանակների համար ձեռնտու է. «Դա այնքան էլ հակառուսականություն չէ, այլ ընդդեմ Ռուսաստանի տրամադրություններ` սկսած Պերմյակովի դեպքից, հետո «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ մեդիա դաշտում ռուսների անհասկանալի պահվածքը, ռուս պաշտոնյաների պահվածքը ապրիլյան իրադարձություններում, երբ հայամետ դիրքորոշում ցույց չտվեցին, ազդեց նաեւ Ռոգոզինի ելույթը»:

Այս ամենը հաշվի առնելով` պարոն Մելիքյանը հորդորում է խնդիրը փնտրել այն հարցում, թե ինչպես է Հայաստանն իրեն դիրքավորել. «Ինչպես իրեն դիրքավորում է, այնպես էլ վերաբերվում են նրան: Ինչո՞ւ նույնը չենք տեսնում Ադրբեջանի հանդեպ Ռուսաստանի կողմից. ի վերջո Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մեր երկիրը շատ ավելի շատ է հայտնվում քննադատության եւ հայ-ռուսական խնդիրների թիրախում, քան Ադրբեջանը, որի հետ Ռուսաստանը շատ խնդիրներ ունի` սկսած 1990-ականներից. շահերի բախում, Գաբալայի կայանը հրաժարվեց Ադրբեջանը տալ ռուսներին, բայց նրանք դա մոռացան ու շարունակեցին, բայց նման ցինիկ հայտարարություններ, ինչպիսիք արվեցին ՀՀ-ի հասցեին, այդ դեպքում չլսեցինք»:

Մեր այն հստակեցմանը, թե արդյո՞ք Հայաստանի սխալ դիրքավորման հետ է կապված նաեւ ռուսների կողմից հայամետության նվազման միտումը, Գեւորգ Մելիքյանը պատասխանեց. «Դա կապում եմ ՀՀ իշխանությունների հետ, քանի որ նաեւ Կարեն Կարապետյանի հայտնվելը խոսում է այն մասին, որ ՌԴ-ն չափազանց դժգոհ է ՀՀ իշխանությունների հետ իր հարաբերություններից եւ շտկումներ մտցնելու անհրաժեշտություն է տեսնում հատկապես ֆինանսական հարցերում»:
Կարեն Կարապետյանի գործառույթը փորձագետը համեմատեց գլխավոր աուդիտորի գործառույթի հետ, որի նպատակն է վերահսկել ՀՀ տնտեսության հատկապես ֆինանսական ռեսուրսների մուտքերն ու ելքերը:

Մեր այն դիտարկմանը` Կարեն Կարապետյանի խողովակով Ռուսաստանը տեղեկություններ է ստանում ՀՀ տնտեսության մասին եւ այդպիսով ՀՀ-ն նրա համար դառնում է ավելի վերահսկելի, պարոն Մելիքյանն արձագանքեց. «Կարեն Կարապետյանը տարբեր պաշտոններում նշանակում է իր վստահելի մարդկանց, որոնք պետք է ներկայացնեն հոսքերի, եւ ատկատների ամբողջական պատկերը, վերլուծեն, թե ինչպե՞ս են կատարվել բյուջետային եւ արտաբյուջետային ծախսերը, հատկապես, ո՞ւր են գնացել ռազմական կարիքների համար նախատեսված գումարները: Հայկական կողմն անընդհատ մեղադրում է ռուսներին, նրանք էլ հայտարարում են, որ չի կարող այսպես շարունակվել, քանի որ գումարները ստանում են, մսխվում են Հայաստանի ներսում, հետո հասարակությանն ուղղում են ռուսների դեմ»:

Մեր հարցին Կարեն Կարապետյանի նշանակումը Հայաստանի համար լավագույն դիրքավորո՞ւմն էր, այդպիսով փորձ է կատարվում հարթե՞լ հայ-ռուսական հարաբերությունները, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Չգիտեմ` ուզում են հարթել, թե վերահսկողությունն ավելացնել: Որոշ հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը կոշտացել է, քանի որ իրենք պատերազմական իրավիճակում են հայտնվել մի քանի կետերում, ու հասկանալի է, որ ռուսների համար նազուտուզի ժամանակը, տրամադրությունն ու տեղը չէ»:

Գեւորգ Մելիքյանի տպավորությամբ` հակառուսականության ալիքը բարկացնում է ռուսներին եւ դա նրանք հաճախ կապում են արեւմտյան ուժերի հետ: Իսկ եթե հայկական կողմը դրա դեմը չառնի, ապա ռուսական կողմը կարող է քայլեր ձեռնարկել, որոնք կարող են ՀՀ-ի համար ցավալի լինել: Դրա մասին է վկայում այն, որ ռուսները ՀՀ-ում ` հակառուսական տրամադրությունների մասին պարբերաբար փորձում են հիշեցնել տարբեր ուսումնասիրություններ, վիճակագրական տվյալներ ներկայացնելու միջոցով:
Գեւորգ Մելիքյանը կարեւոր համարեց հետեւել Կարեն Կարապետյանի գործողություններին` որպես քաղաքական գործիչ եւ պարզել արդյոք նա հավակնություն ունի՞ դառնալու քաղաքական լիդեր, թե՞ նրա գործառույթը վերահսկողություն ապահովելն է ՀՀ-ում տարբեր տնտեսական, ֆինանսական գործընթացների վրա: Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան հարաբերությունները կլինեն այն ցուցիչը` համաձայն որի կարելի կլինի պատկերացում կազմել, թե ինչպիսի՞ն են լինելու 2017-ի խորհրդարանական ընտրությունները:

Մեր հարցին` այս դեպքում կարեւոր դերակատարություն ունի՞ այն հանգամանքը, թե Կարեն Կարապետյանը կդառնա՞ ՀՀԿ անդամ, թե՞ ոչ, պարոն Մելիքյանն ասաց. «ՀՀԿ անդամ դառնալը կարող է ունենալ երկու կողմ` ՀՀԿ-ն իրենով կանի՞ Կարեն Կարապետյանին, ինչպես Տիգրան Սարգսյանի պարագայում, եւ ՀՀԿ-ի թիմը այնուհետեւ կորոշի, թե քաղաքական ինչպիսի ապագա կունենա Կարեն Կարապետյանը 2017-ի ընտրությունից հետո, թե՞ Կարեն Կարապետյանին կհաջողվի իրենով անել հանրապետականներին, երբ ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ կսկսեն աշխատել նրա համար»:

Մեր hարցին` արդյոք վերջինն իրատեսակա՞ն սցենար է, պարոն Մելիքյանն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն բիզնես նախագիծ է, եւ ով ապահովի օգուտ, նրա կողքին էլ կլինեն. կլինի դա Սերժ Սարգսյանը, թե՝ Կարեն Կարապետյանը»:

Իսկ թե Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամության հարցն ի՞նչ ժամկետներում կհստակեցվի, պարոն Մելիքյանը դժվարացավ պատասխանել, միայն նշեց, որ հնարավոր է Կարեն Կարապետյանը չցանկանա, որ իր քայլերն ասոցացվեն ՀՀԿ-ի հետ, այն դեպքում, երբ, ինքն է ջանք, եռանդ ու ժամանակ ներդրել: Մյուս կողմից Գեւորգ Մելիքյանը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը նշանակվել է Սերժ Սարգսյանի կողմից, կամ գոնե նրա թույլտվությամբ, ուստի որոշակի թելերով կապված է նրա հետ եւ դեռ հաշվետու է նրան:

 
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31