Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. Ինչո՞ւ չեն ցանկանում այդ պայմանավորվածությունները իրականացնել… «Գող, սիրտը՝ դող»

Նոյեմբեր 16,2016 21:33

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Հարգելի Անդրեյ,

Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ այսօր Երևանում հյուրընկալել իմ գործընկերոջը և լավ ընկերոջը՝ Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Անդրեյ Գալբուրին:

Այսօր իմ գործընկերոջ հետ բավականին հագեցած քննարկումներ ունեցանք երկկողմ և բազմակողմ օրակարգի տարբեր հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը։

Մենք մտքեր փոխանակեցինք մեր պետությունների միջև համագործակցության առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի շուրջ, քննարկեցինք առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորեցինք գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը:

Մենք կարևորեցինք իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը և այդ համատեքստում նշեմ, որ քիչ առաջ ստորագրեցինք չորս նոր փաստաթուղթ, մասնավորապես՝ Հայաստանի և Մոլդովայի քաղաքացիների միջև մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման, զբոսաշրջության, ինչպես նաև գիտության և կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրերը, նաև մեր ղեկավարած նախարարությունների միջև խորհրդատվությունների 2017-2018թթ. ծրագիրը:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման, արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման վերաբերյալ:

Նախարար Անդրեյ Գալբուրին ներկայացրի Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները: Իր հերթին պարոն Գալբուրը ներկայացրեց Մոլդովայի եվրոպական ինտեգրման գործընթացի վերջին զարգացումները:

Իհարկե, հանդիպման օրակարգում էր նաև տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման հարցը: Մենք համակարծիք ենք, որ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Այս համատեքստում ես մոլդովացի գործընկերոջս ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից ձեռնարկվող ջանքերը:

Այժմ խոսքը փոխանցում եմ իմ գործընկերոջը:

Խնդրեմ, Անդրեյ։

«Նյուզ.ամ» լրատվական գործակալություն: Պարոն նախարար, կարող եք պարզաբանել, թե ինչու Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներից այսքան ամիսներ անց այդ գագաթաժողովների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածություններն այդպես էլ չեն իրականացվում:

Էդվարդ Նալբանդյան. Ակնհայտ է՝ ինչու: Եվ դրա մասին մենք բազմիցս ասել ենք: Այդ պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում, մինչ այսօր չեն իրականացվել Ադրբեջանի պատճառով: Միաժամանակ, ադրբեջանական կողմը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, խեղաթյուրել իրականությունը, որպեսզի խուսափի կյանքի կոչել այն պարտավորությունները, որոնք ստանձնել էր այդ գագաթաժողովներին:

Սկզբից ադրբեջանական կողմը պնդում էր, որ այն, ինչի մասին ասում էին եռանախագահող երկրների նախարարները Վիեննայի հանդիպումից հետո հրապարակված հայտարարության մեջ, սոսկ իրենց անձնական կարծիքն է: Միգուցե Բաքվի կեղծարարները չէին պատկերացնում, որ ընդամենը մեկ ամիս անց կհայտնվեն բավական անհարմար իրավիճակում, երբ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովից հետո հրապարակվեց նոր համատեղ հայտարարություն, այս անգամ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով, որտեղ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Եթե Վիեննայում պայմանավորվածություններ ձեռք չէին բերվել, ապա Ադրբեջանի ղեկավարն այդ ի՞նչ պայմանավորվածություններ էր վերահաստատում Սանկտ Պետերբուրգում:

Հիշեցնեմ՝ ինչ պայմանավորվածությունների մասին էին ասում եռանախագահող երկրների նախարարները. հետաքննության մեխանիզմի ստեղծման, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման մասին էր խոսքը: Նույնը տեղի ունեցավ դրանից ամիսներ առաջ՝ 2015թ. դեկտեմբերին, Բեռնի գագաթաժողովի ժամանակ, որից հետո եռանախագահող երկրները հրապարակավ հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն աջակցում են եռանախագահների ջանքերին՝ ուղղված հետաքննության մեխանիզմի ստեղծմանը: Անմիջապես Բեռնից հետո Բաքվից հնչեց, որ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել, որովհետև մեխանիզմի կարիք չկա:

Ինչպե՞ս է պատահում, որ բոլորը մի բան են հասկանում և, ոչ միայն մեկ երկիր, այլ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, լավ, Հայաստանի մասին չխոսենք, իսկ Ադրբեջանն ամբողջովին այլ բան է հասկանում: Ավելին, ադրբեջանական կողմը եռանախագահների կողմից դեռ անցած տարված սեպտեմբերին, երբ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպում կայացավ արտգործնախարարների միջև, եռանախագահները կոչ արեցին Ադրբեջանին անել նույնը, ինչ Հայաստանը՝ համաձայնել մեխանիզմի ստեղծման հետ՝ նշելով, որ Հայաստանը համաձայնել է, և իրենք սպասում են, որ Ադրբեջանը կանի նույնը: Շատ հստակ էր ասված:

Մայիսի 16-ին կայացած Վիեննայի հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ավելի հեռու գնաց: Հունիսի 3-ին եռանախագահները հայտարարությամբ հանդես եկան՝ ասելով, որ իրենք մայիսի 31-ին հանդիպել են Ադրբեջանի, հունիսի 2-ին՝ Հայաստանի արտգործնախարարների հետ և նրանց փոխանցել են կայացված որոշումների, ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա իրենց կողմից մշակված երկու նախագիծ՝ մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի թիմի ընդլայնման վերաբերյալ:

Այդ ի՞նչ չեղած պայմանավորվածությունների, չընդունված որոշումների հիման վրա են եռանախագահող երկրները ինչ-որ բան մշակել և ներկայացրել արտգործնախարարներին:

Ցավոք, Ադրբեջանը հենց ամսի 3-ին մերժեց այդ առաջարկությունները: Մի քանի օր առաջ Վիեննայում, Ադրբեջանի դեսպանը պնդում էր, թե գաղտնիք է բացում։ Ինչի՞ մասին։ Թե իբր պայմանավորվածություն է ձեռք բերվել մեխանիզմը ստեղծել, իրենց ասելով, հայկական ուժերի այսպես կոչված դուրսբերումից հետո:

Բայց եթե եռանախագահներն այդպիսի առաջարկ էին անում, և իրենց փաստաթղթերի մեջ այդ ամենը կար, ինչու էր Ադրբեջանը հրաժարվում: Սա ցույց է տալիս, որ դա բացահայտ սուտ է, որն իրենք շարունակում են պնդել դեռ 2011 թվականից սկսած՝ Սոչիի 2011, 2012 թվականների գագաթաժողովներից, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն իրենց համատեղ հայտարարություններում նշեցին հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտության մասին: Հաջորդ օրը վերադառնալով Բաքու՝ ասում էին, որ որևէ պայմանավորվածություն չկա: Եվ այդպես շարունակ մինչ այսօր:

Նույնը Կասպրչիկի թիմի վերաբերյալ: Կասպրչիկի թիմի վերաբերյալ մի քանի քննարկում եղավ ԵԱՀԿ շրջանակներում՝ համապատասխան հանձնաժողովում՝ բյուջե հատկացնելու նպատակով: Ադրբեջանը միայն հունիսին առնվազն երեք անգամ՝ հունիսի 3-ին, 7-ին և 26-ին՝ հակառակվելով ԵԱՀԿ մնացած բոլոր անդամ երկրներին, մերժեց: Եվ մինչ օրս «արևելյան բազարով» է զբաղված՝ ինչ վերաբերում է այդ դիտորդների քանակին կամ իրենց տեղակայմանը։ Փորձում է դիտորդներին շփման գծից հնարավորինս հեռու տեղակայել, որպեսզի ոչինչ չտեսնեն: Իսկ երբ ցանկանան դիտարկում անցկացնել, ապա Ադրբեջանից պետք է նախապես վաղօրոք թույլտվություն ստանան։ Նախապես, որպեսզի ադրբեջանական կողմը բավական ժամանակ ունենա՝ պատրաստվի և շոու կազմակերպի: Որպեսզի դիտորները գան ոչ թե դիտարկման, այլ գան դիտելու ադրբեջանական շոուները: Ո՞ւմ են իրենք խաբում:

Սա է իրականությունը, ինչը տեղի է ունենում այս համաձայնությունների վերաբերյալ, որոնք ձեռք էին բերվել նախագահների մակարդակով թե՛ Վիեննայում, թե՛ Սանկտ Պետերբուրգում։ Հիշեցնեմ, այդ գագաթաժողովները կայացել էին ապրիլի սկզբին ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ անհրաժեշտություն առաջացավ ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի հնարավոր լինի առաջ շարժել բանակցային գործընթացը:

Ցավոք, Ադրբեջանն ամեն ձևով խոչընդոտում է այդ պայմանների ստեղծմանը: Ինչո՞ւ չեն ցանկանում այդ պայմանավորվածությունները իրականացնել: Ինչպես ասում են, «գող, սիրտը՝ դող»։ Ակնհայտ է, բոլորն էլ գիտեն, թե ով է խախտողը, բայց մեխանիզմի ստեղծման և դիտորդների առաքելության ընդլայնման պարագայում, բացահայտ և անհերքելի կերևա, թե ով է խախտում:

Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն իր մոտեցումները մշակում է հեռուստատեսային սերիալների սցենարիստների նման. որքան խճճված, այնքան ավելի երկար կարելի է ձգել: Խոսում են ստատուս քվոյից, բայց իրենք են այդ ստատուս քվոյի շարունակման գլխավոր պատճառը։ Ո՛չ Հայաստանը, ո՛չ Ղարաբաղը կողմ չեն ստատուս-քվոյի պահպանմանը, որովհետև ցանկանում են հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորում՝ միջազգային իրավունքի համապատասխան սկզբունքների և նորմերի հիման վրա: Շնորհակալություն:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930