Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն դեռ չի թակե՞լ շիրակցի պաշտոնյաների դռները

Նոյեմբեր 25,2016 23:23

Aravot.am-ը ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանից հետաքրքրվեց, թե այս մարզո՞ւմ էլ են սկսել համատարած անդամակցել իշխող կուսակցությանը, ինչպես որ այս օրերին մայրաքաղաքում է։

Հիշեցնենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ու չորս նախարարներ՝ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը անդամակցեցին իշխող կուսակցությանը։

Վարչապետի անդամակցումից հետո մամուլում հայտնվեցին տեղեկություններ, որ մեկ օրում ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել 7000 քաղաքացի և որ նրանք «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցներ են։ Ավելին, այս ընկերությունը հենց այդքան աշխատող ունի, որոնց հարկադրում են դառնալ ՀՀԿ-ականներ։

«Համատարածի մասին չեմ կարող ասել, բայց դինամիզը, ինչպես միշտ, կա, այսինքն` ամեն ամիս էլ կուսակցության անդամների թիվն ավելանում է, հատուկ ընդգծած անդամագրում չկա, սովորական տեմպերով աճ կա, մի քիչ շատ, մի քիչ քիչ, նայած որ ամիս ինչպես է եղել»,-ասաց Սահակ Մինասյանը

Մեր հարցին, իսկ «Գազպրոմ-Արմենիայի» 7000 աշխատողների շարքում չկա՞ն գյումրեցիներ կամ շիրակցիներ, Սահակ Մինասյանը պատասխանեց․«Նման ինֆորմացիայի, անկեղծ ասած, ես չեմ տիրապետում, մենք սովորական մեր աճը ունենք ու ամփոփում ենք ամսվա վերջում»։

Հարցին՝ իսկ ամեն ամիս մոտավորապես քանի՞ հոգի են անդամագրվում ու ովքե՞ր են անդամագրվողները, ՀՀԿ կառույցի ղեկավարն ասաց․«Ամեն ամսի վերջին մեր շրջանային կազմակերպությունները ներկայացնում են տվյալները,թող այս ամիսն անցնի, 3-4 օրում կամփոփենք, կասենք նոյեմբերին քանի հոգի են անդամակցել։Անդամագրվողներն էլ թե՛ երիտասարդներ են, թե՛ մեծահասակներ, թեև ասեմ, որ երիտասարդներն ավելի շատ են»։ Ինչո՞վ կբացատրեք դա, ի՞նչն է այդպես հրապուրում երիտասարդներին, մեր հարցին ի պատասխան Սահակ Մինասյանն ասաց․«Չեմ կարող հատուկ շեշտադրում անել,բայց բոլոր կուսակցությունների շարքերում էլ հիմնականում երիտասարդներն են համալրում»։

Ի դեպ, մեզ նույնպես տեղեկություններ են հասել այն մասին, որ Շիրակի ԳԳՄ-ի աշխատակիցներն էլ զերծ չեն հանրապետականացման գործընթացից, այստեղ ևս պայման է դրվում՝ կամ դառնում եք Հանրապետական, կամ աշխատանքից ազատման դիմում եք ներկայացնում։ Իսկ սա հարուստ հիմնարկ է, աշխատաշուկայից զուրկ Շիրակի մարզում էլ աշխատանք կորցնելը հեշտ չէ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930