Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյան. 25 տարին բավական չէ որպեսզի երկիրն իրավական դառնա, ժամանակ է հարկավոր

Դեկտեմբեր 02,2016 22:00

Ինչպես Ֆրանսայի Հայկական Կազմակերպությունները Կոորդինացնող Խորհրդի (CCAF France) մյուս կազմակերպությունները, Փարիզի ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կազմակերպությունը եւս,  հրավիրված էր Սփյուռքի նախարար տիկ. Հրանուշ Հակոբյանի հետ հանդիպմանը, որ կայացավ նոյեմբեր 28-ին, Փարիզի  Հայ Բարեգործական Միության սրահի մեջ:

Տիկին նախարարը, հանդիպման սկզբում, նախ մանրամասն պատմեց Սփյուռքի նախարարության մինչեւ այսօր կատարած  աշխատանքների մասին: Այնուհետեւ պատասխանեց ներկաների հարցերին, այդ թվում, նաեւ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ կազմակերպության  ներկայացուցիչների:

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ  ներկայացուցիչների հարցերը վերաբերում էին բոլոր բնագավառներին: Օրինակ, Սփյուռքի հայության իրավունքներն ու պարտականությունները (ընտրելու եւ ընտրվելու, զինվորական ծառայությունը Հայաստանի մեջ իրականացնելու վերաբերյալ եւ այլն ), Հայաստանում քաղաքական բանտարկյալների մասին հարցը (հատկապես Սասնա Ծռերի), Հայաստանի իրավական պետություն դառնալու մասին հարցեր: Հարցեր եղան նաեւ  Արցախի վերաբերյալ, Սերժ Սարգսյանի  վերջին հայտարարությունները նկատի ունենալով, որ բացահայտ վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի յոթ շրջանները Ադրբեջանին վերադարձնելուն: Ցանկություն հայտնեցին նաեւ Սփյուռքի նախարարի պաշտոնին տեսնել, Հայաստանի քաղաքացիություն ունեցող որեւէ սփյուռքահայի եւ այլն:

Ֆրանսայի Կապույտ Խաչ կազմակերպության ներկայացուցիչը հանդես եկավ երկու հարցով որոնցից մեկը վերաբերում էր Հայաստանի մեջ կնոջ դեմ ամուսնական բռնարարքներին ու դասական ուղղագրությունը վերականգնելուն:

Դպրոցասերի ներկայացուցիչը եւս երկու հարց տվեց: Առաջինը վերաբերում էր վերջին արտագաղթին դեպի Եվրոպա, եւ մյուսը՝ Սասնա Ծռերին վերաբերող իրողությանը:

Մեկ ուրիշ հետաքրքրական հարցով հանդես եկավ ԿԱՅԾ Նոր Սերունդ կազմակերպության երիտասարդ անդամը, որին հետաքրքրում էր սփյուռքի երիտասարդության մասնակցության հարցը Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմին:

Եւ վերջապես, Ֆրանսայի Հայկական Կազմակերպությունները Կոորդինացնող Խորհրդի (CCAF France) համանախագահ Արա Թորանյանը հետաքրքրվեց, թե արդյոք որն է ֆրանսահայության մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտրության ընթացքին, ընտրատեղամասերում հսկողության կարգով:

Ինչպես սովորաբար վարվում են քաղաքական այրերն ու տիկնայք, եւ ինչպես որ սպասում էինք, տիկին Հրանուշ Հակոբյանը հարցերին պատասխանեց ոչ թե ուղղակիորեն, այլ խուսանավելով եւ զգուշորեն, այսինքն այն արտահայտություններով որ վաղուց բերանացի կրկնում է նախարարության իր երկարատեւ ու անփոփոխ պաշտոնավարության ողջ ընթացքում:

Ամփոփելով, տիկ. Հակոբյանն ասաց, որ քաղաքական ընտրություններին սփյուռքահայության մասնակցության իրավունքը վերացել է, որովհետեւ սփյուռքում ապրող Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ունեցող հայության թիվը զգալի մեծացել է: Ասաց նաեւ, որ 25 տարին բավական չէ որպեսզի երկիրն իրավական դառնա եւ դեռեւս ժամանակ է հարկավոր:

Անդրադառնալով Սասնա Ծռերին, պատասխանեց, որ թեեւ ինքն համաձայն չէ նրանց պայքարի մեթոդներին, բայց նրանցից ոմանց ճանաչելով որպես Արցախի ազատագրության համար մարտնչող մարդկանց, կամենում է իրավիճակի մեղմ լուծում:

Ասաց նաեւ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Արցախի անկախությունը, կամ Հայաստանի հետ վերամիավորվելու հարց դնի, ապա  այն կընկալվի որպես Ադրբեջանի դեմ պատերազմ սկսելու հայտարարություն:Հրանուշ Հակոբյանն հայտարարեց նաեւ, որ ամենեւին որեւէ մտադրություն չունի հեռանալ Սփյուռքի նախարարի իր պաշտոնից, որպեսզի այդ պաշտոնը զբաղեցնի սփյուռքի հայության որեւէ ներկայացուցիչ, պատճառաբանելով թե սփյուռքի հայը լավ չճանաչելով Հայաստանը, զուրկ կլինի պարտադիր այն որակներից, որ պահանջվում է պաշտոնավարելու համար: Անդրադառնալով կանանց դեմ ընտանեկան բռնարարքներին, նա ասաց որ որեւէ առանձնահատուկ բան անել չի կարող այս առումով, բացի դաստիարակչական աշխատանքից:

Ինչ վերաբերում է դասական ուղղագրության վերականգնմանը Հայաստանի մեջ, ապա սփյուռքի նախարարը թեեւ ասաց, որ ինքն առաջին պաշտպանն է դասական ուղղագրության, սակայն միտքը շարունակելով կատարելապես բացահայտվեց,  որ ո՛չ ինքն ու ո՛չ էլ Հայաստանի  Ակադեմիան, առանձնապես լավ չեն հասկանում դասական ուղղագրության վերականգնման հրամայականը, որովհետեւ տիկին նախարարը իր համեստ լեզվական գիտելիքներով խոսեց ոչ թե դասական ուղղագրության վերականգնման, այլ արեւմտահայերենի ու արեւելահայերենի մասին վերջում էլ «բացատրելով», թե արեւելահայերենի, արեւմտահայերենի ու դասական ուղղագրության մի քանի օրենքներ մեկ կողմ նետելով «գիտնականներն» այսօր զբաղվում են հայոց լեզվի «զարգացման» հարցով:

Նախարարն անդրադարձավ նաեւ դեպի Եվրոպա արտագաղթող հայաստանաբնակ հայերի խնդրին, ասելով որ նրանք Եվրոպայի մեջ աշխատում են այն ոլորտներում, որ երբե՛ք Հայաստանում չէին համաձայնի անել: Մոռանալով, իհարկե, հիշել, որ Հայաստանում աշխատող ժողովուրդը իր արած աշխատանքի համար կամ վաստակում է նվազագույն աշխատավարձ, կամ ավելի հաճախ՝ բոլորովին չի վարձատրվում:

Նա ասաց նաեւ, որ սփյուռքի հայության մասնակցությունը Ադրբեջանի դեմ պատերազմին կարող է խնդիրներ ծնել, սակայն սփյուռքի հայության գումարտակ ստեղծելու գաղափարը կարելի է քննարկել: Իսկ սփյուռքահայության մասնակցությունը քաղաքական ընտրություններին, պայմանավորված կլինի ընտրության մասին օրենքով, որ կամ թույլ կտա եւ կամ կարգիլի սփյուռքահայության կողմից հսկողությունը ընտրատեղամասերում:

Մենք մեր հարցերը տվեցինք, տիկին նախարարը պատասխանեց այդ հարցերին, սակայն մթնոլորտն այնպիսին էր, որ հարց ու պատասխանը  չվերածվեց իրական երկխոսության, որ այնքան անհրաժեշտ է թե՛ սփյուռքի հայությանն ու թե՛ հայաստանբնակ հային:

 ՓԱՐԻԶԻ  ՀԱՅԿԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Իսկ 5000 տարի՞ն:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031