Լրահոս
Օրվա լրահոսը

Ձյուդոյի ֆեդերացիան կգնա փոփոխությունների

Դեկտեմբեր 08,2016 16:14

Այսօր Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավիթ Խիթարյանը եւ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը ամփոփեցին մրցաշրջան 2016-ը եւ խոսեցին ապագայի անելիքների մասին:

«2016 թվականը նպատակային եւ ծանր տարի էր՝ կապված Ռիոյի օլիմպիական խաղերի հետ: Ունեցել ենք նախապատրաստական փուլի քառամյա ծրագիր, որի համաձայն իրականացրել ենք բոլոր միջոցառումները եւ ձեռք բերել Ռիոյի օլիմպիական խաղերի մեկ վարկանիշ: Այն նվաճեց 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը: Ռիոյում Դավթյանն առաջին գոտեմարտում իպոնով մաքուր հաղթանակ տարավ, սակայն երկրորդում պարտվեց ռուսաստանցի Մուդրանովին, որը հետագայում նվաճեց օլիմպիական չեմպիոնի տիտղոսը: Բայց մեր մարզիկը նոր մրցականոններով սփոփիչ գոտեմարտերին մասնակցելու եւ բրոնզի համար պայքարելու իրավունք չստացավ:

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան 2016 թվականին պաշտոնական միջազգային առաջնություններում, ընդհանուր առմամբ, ձեռք է բերել 20 մեդալ, որոնցից ամենանշանակալիներն են Հովհաննես Դավթյանի բրոնզը Եվրոպայի առաջնությունում (Կազան), դպրոցականների համաշխարհային գիմնազիադայում մեր պատանիների նվաճած մեկական ոսկին եւ արծաթը (Թուրքիա), ինչպես նաեւ նույն Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունում նվաճված արծաթը: Անցնող մրցաշրջանում Հայաստանի մեծահասակները նվաճել են ութ մեդալ. 1 ոսկե, 1 արծաթե եւ 6 բրոնզե, երիտասարդները՝ վեց. 1 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե, պատանիները՝ վեց. 1 ոսկե, 1 արծաթե եւ 4 բրոնզե:

Մեզ մնացել է մեկ միջազգային մրցաշար՝ Մոնակոյում կայանալիք թիմային մրցաշարը, որին մասնակցելու ենք առաջին անգամ: Դրան անմիջապես Ծաղկաձորում կհաջորդի բոլոր տարիքային խմբերի շուրջ 26 ուժեղագույն ձյուդոիստների մասնակցությամբ ուսումնամարզական մեծ հավաք», – նշեց Դավիթ Խիթարյանը:

Նա համեմատեց 2016 թվականի եւ նախորդ տարվա արդյունքները ու ցավով նշեց, որ որոշակի նահանջ կա: «Ֆեդերացիան, իհարկե, մոտ օրերս կայանալիք տարին ամփոփող համագումարում մանրամասն կվերլուծի իրավիճակը, կանի անհրաժեշտ հետեւություններ եւ փոփոխություններ: Փոփոխություններ կլինեն՝ թե մարզիչների, թե եկող տարվա օրացուցային պլանի եւ թե հավաքականի հետ տարվող աշխատանքների: Ինձ թվում է՝ նոր տարին կսկսենք թարմացված կազմով», – ասաց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Այսօրվա մամուլի ասուլիսում շոշափված մյուս հարցերի մասին՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031