Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի հոբելյանական երեկոյի հայտնությունը կրտսեր Բերբերյանն էր

Դեկտեմբեր 23,2016 14:00

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանի ծննդյան 50-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն: Ստեղծագործական գործունեության շուրջ 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը իսկապես բուռն գործունեություն է ծավալել: Կային ժամանակներ (1993-2000թթ.), երբ Բերբերյան անունը ասոցացվում էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, որտեղ արվեստագետը վարում էր համերգահյուրախաղային բաժինը: Մասնագիտական շրջանակներից բացի, դասական երաժշտության երկրպագուները նույնիսկ մինչեւ կայացած այս երեկոն այնքան էլ ծանոթ չէին կոմպոզիտորի բազմաժանր երկերին: Իսկ այդ օրը հնչեցին նրա բազմաթիվ երկերից մի քանիսը՝ գրված սիմֆոնիկ նվագախմբի, երգչախմբի, դաշնամուրի, ջութակի, թավջութակի, մեներգչի, ակորդեոնի համար, այդ թվում՝ «Դեպի երկիր», «Լույսն Արարատի», «Աղոթքս քեզ՝ Երեւան», «Ելի՛ր, ով հայ» բալլադները:

andranik_berberyan

Իբրեւ մենակատարներ հանդես եկան ծանոթ անուններ՝ դաշնակահար Արմեն Բաբախանյանը, ջութակահար Վարազդատ Խաչումյանը, թավջութակահար Կարեն Քոչարյանը, սաքսաֆոնահար Արմեն Հյուսնունցը, վոկալիստներ Նուշիկ Միքայելյանը, Վիկտորյա Ավետիսյանը, Եղիշե Մանուչարյանը (ԱՄՆ), ասմունքող Սարգիս Նաջարյանը, երգիչներ Էմմա Պետրոսյանը, Անի Քրիստին, Արթուր Իսպիրյանը, Արամոն: Երեկոյին մասնակցում էր պաշտպանության նախարարության «Զորական» անսամբլը (ղեկավար՝ Արամ Գալստյան), Զինված ուժերի գլխավոր շտաբի փողային նվագախումբը (ղեկավար՝ Արմեն Պողոսյան), «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (ղեկավար՝ Տիգրան Հեքեքյան), Ազգային օպերային թատրոնի երգչախումբը (ղեկավար՝ Ռադիկ Մելիքյան): Բոլոր ստեղծագործությունները Երիտասարդական  նվագախմբի հետ ղեկավարեց ճանաչված դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:

har_0744

Նվագախումբը հանդես եկավ հեղինակի նաեւ սոլո ստեղծագործությունների կատարմամբ՝ «Հերոսապատում», «Ադաջիո», «Ճակատամարտ»: Լայն լսարանին հայտնի չէր, որ կոմպոզիտորը հեղինակ է նաեւ երկու պաշտոնական օրհներգերի՝ Շուշի եւ Արտաշատ քաղաքների: Դիրիժորական վահանակի մոտ կանգնեց նաեւ կոմպոզիտորի որդին՝ Անդրանիկ Բերբերյանը:har_0415

Վերջինս առաջին անգամ էր ներկայանում հանդիսատեսին:
«Առավոտի» հետ զրույցում կրտսեր Բերբերյանը հայտնեց, որ Երեւանի կոնսերվատորիայում սովորել է կոմպոզիցիա՝ Արամ Սաթյանի, իսկ դիրիժորական արվեստ՝ Ռուբեն Ասատրյանի դասարաններում:

har_0471

Երիտասարդ ստեղծագործողն ասաց նաեւ, թե, բնականաբար, դեռեւս ուսանողական տարիներից ունի ստեղծագործություններ, բայց, իր խոսքերով՝ առայժմ դրանք չի հանրայնացնում: Խնդրեցինք, այնուամենայնիվ, մեկ-երկուսը ներկայացնել, մանավանդ որ Անդրանիկ Բերբերյան կոմպոզիտորի անվանը հանդիպել ենք ֆիլմերում, ավելին՝ եթե մեր հիշողությունը չի դավաճանում, նրան հանդիպել ենք իբրեւ դերասան եւս: Մեր զրուցակիցը հայտնեց իր երկու մասշտաբային ստեղծագործությունների անունները՝ «Sharp point» կոնցերտը՝ փողայինների եւ հարվածայինների համար ու քառօրյայից հետո գրված Warnings երկը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար:

har_0590

 

Ասաց նաեւ, թե իր խոսքերով՝ պատիվ է ունեցել աշխատել Վիգեն Չալդրանյանի հետ նրա «Վարդապետի լռությունը» ֆիլմում, որտեղ «հարմարեցրել» է Կոմիտասի, Տերտերյանի, Դեբյուսիի երաժշտությունը ֆիլմի սցենարին, համագործակցել է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի հետ՝ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ֆիլմում: «Կինոռեժիսոր Վահե Յանի վավերագրական «Եկմալյան-Պատարագ» ֆիլմի երաժշտությունն իմն է, հենց այստեղ էլ կերտել եմ Եկմալյանի կերպարը: Վահեի մեկ այլ՝ «Արմատները» ֆիլմի երաժշտությունն էլ է իմը եւ ամբողջովին ստեղծագործել եմ Հրաչյա Զաքարյանի «Քաղաքը քաղաքի տակ» վավերագրական ֆիլմի համար»,- հայտնեց կոմպոզիտորը: Հետաքրքրությանը՝ կարելի՞ է եզրակացնել, որ «ձերը» կինոերաժշտությունն է, երիտասարդ արվեստագետը համաձայնելով, ասաց. «Կինոերաժշտությունը դա միակ ժանրն է, որտեղ կոմպոզիտորը պարտավոր է տիրապետել երաժշտարվեստի բոլոր ժանրերին՝ բացի ակադեմիականից, ֆոլկ, ջազ, ռոք եւ այլն, քանի որ ստեղծագործում ես՝ ելնելով տարբեր սցենարներից, ինչու չէ՝ նաեւ կինոռեժիսորի ամբիցիաներից…»:

har_0624

Կեսկատակ-կեսլուրջ դիտարկմանը, թե մաեստրո Կոնստանտին Օրբելյանը կյանքի վերջին շրջանում հաստատվել էր ԱՄՆ-ում եւ մի առիթով մեզ ասել էր՝ ապրում եմ Երեւանում, աշխատում Լոս Անջելեսում…, Անդրանիկ Բերբերյանը շտապեց հայտնել, թե հասկանում է տողատակը ու պատասխանեց. «Նպատակս է, իհարկե, դուրս գալ միջազգային ասպարեզ: Դա անհրաժեշտ է, նույնիսկ պարտադիր ցանկացած ոլորտում ստեղծագործողի համար՝ տեսնում ես, շփվում, սովորում, ընկերներ ու համախոհներ ձեռք բերում, եւ այլն: Ժամանակ անց, արդեն թվարկածս «բաղադրիչներով» զինված վերադառնում ես հայրենիք եւ դրանք շաղախում արվեստիդ՝ ստեղծելով նորը, հետաքրքիրը»:

har_0684
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում` Հայր եւ որդի Բերբերյանները:

 

«Առավոտ»

22.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031