Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծամորի ատոմակայանի գործունեությունից Թուրքիայի դժգոհությունների շուրջ

Դեկտեմբեր 23,2016 12:10

Հայկ Գաբրիելյան

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

 

2016թ. սեպտեմբերի վերջին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ ԱլբայրաքըՎիեննայում անցկացված Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) 60-րդ գլխավոր համաժողովում հայտարարեց Մեծամորի ԱԷԿ-ի փակման «անհրաժեշտության» մասին. «Մենք չենք կարող անտեսել մեր սահմաններին առկա վտանգները: Մեծամորի ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում հարևան երկրների համար և պետք է փակվի։ Այն կառուցվել է 47 տարի առաջ և արդեն շահագործման ենթակա չէ: Պաշտպանական կառույցներից զուրկ ԱԷԿ-ը գտնվում է Թուրքիայի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա և սպառնալիք է ոչ միայն Թուրքիայի, այլև Հայաստանի մյուս հարևանների համար:ԱԷՄԳ-ը պետք է հետևողական լինի նմանօրինակ ԱԷԿ-ների հարցում: Տարածաշրջանն ու աշխարհը չեն կարող թույլ տալ ևս մեկ ատոմային աղետ Չեռնոբիլից հետո»[1]: Հիշեցնենք, որ Բերաթ Ալբայրաքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսան է և ներկայիս պաշտոնը զբաղեցնում է 2015թ. նոյեմբերի վերջից։ Թուրքիայում հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Բերաթ Ալբայրաքին անվանում է «ստվերային վարչապետ»՝ ընդգծելով, որ Թուրքիան իրականում ունի երկու վարչապետ[2]։

Հարկ է նշել, որ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում Բերաթ Ալբայրաքին նախորդած Թաներ Յըլդըզը (2009-2015թթ.) նույնպես քանիցս անդրադարձել է Մեծամորի ԱԷԿ-ի խնդրին։ 2012թ. հոկտեմբերի վերջին Յըլդըզը մասնավորապես հայտարարել էր. «Թուրքիան պահանջում է Մեծամորի ԱԷԿ-ի անհապաղ փակում, որի գործունեությունն ամեն օր վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Շատ կազմակերպություններ վաղուց պահանջում են դրա փակումը, քանի որ հնացած ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Հայկական ԱԷԿ-ը գործում է ավելի քան 40 տարի, իսկ հին ԱԷԿ-ները մեծ սպառնալիք են»[3]:

Մեծամորի ԱԷԿ-ի խնդրին նույն`2012թ. մայիսին անդրադարձել էր նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը՝ խոստանալով միջազգային հարթակներում բարձրացնել ՄեծամորիԱԷԿ-ի «վտանգավորության» հարցը. «Իգդիրի սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվող հայկական ԱԷԿ-ը 32 տարեկան է: Այն չի համապատասխանում անվտանգության ապահովման արդի նորմերին և վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար»[4]:Ինչպես տեսնում ենք՝ թուրք պաշտոնյաների հայտարարություններում նշվում են Մեծամորի ԱԷԿ-ի տարիքի վերաբերյալ տարբեր տարեթվեր՝ 8 տարվա տարբերությամբ: Հարկ է նշել, որ Մեծամորի ԱԷԿ-ը, որիշինարարությունը սկսվել է 1970-ական թվականներին, ունի 2 էներգաբլոկ` կառուցված ВВЭР-440 տիպի B-270 մոդելի սեյսմակայուն 2 ռեակտորների բազայի վրա: Ընդ որում,Մեծամորի ԱԷԿ-իառաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976թ. դեկտեմբերի 22-ին, իսկ երկրորդը` 1980թ. հունվարի 5-ին (յուրաքանչյուր էներգաբլոկի հզորությունը կազմում է 407.5 մՎտ): 1988թ. դեկտեմբերի 7-ին Մեծամորի ԱԷԿ-ից 83 կմ հեռավորության վրա գտնվող Սպիտակ քաղաքի ավերիչ երկրաշարժից հետո ԽՍՀՄ մինիստրների խորհուրդը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշեց դադարեցնել Մեծամորի ԱԷԿ-ի աշխատանքը: Առաջին էներգաբլոկի աշխատանքը դադարեցվեց 1989թ. փետրվարի 25-ին, իսկ երկրորդ էներգաբլոկինը` 1989թ. մարտի 18-ին (մինչ այդ Մեծամորի ԱԷԿ-ն արդեն արտադրել էր 44 մլրդ 231 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա): Սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում 1993թ. Հայաստանի կառավարությունն էներգետիկ ճգնաժամի պայմաններում որոշեց վերագործարկել Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը։ Որոշումից երկու տարի անց անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված հսկայածավալ միջոցառումների և արդիականացման աշխատանքների ավարտից հետո 1995թ. նոյեմբերի 5-ին Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը վերագործարկվեց և միացավ էներգահամակարգին: Այսինքն, պետք է նկատել, որ Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը չի գործել 6.5 տարի՝ 1989-1995թթ., ինչը նշանակում է, որ 2012թ. դրությամբ նրա շահագործման գտնվելու ժամկետը կազմում էր 26 տարի[5]։

2014թ. ապրիլի վերջին էլ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ Թուրքիանկարող է Մեծամորի ԱԷԿ-ի հարցում համագործակցել Հայաստանի հետ. «28 տարի առաջ(1986թ.)գրանցված Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետից հետո մենք ԱԷԿ-ների շուրջ խորհրդակցություններ ենք անցկացրել աշխարհի 31 երկրի հետ ևկարող ենք Մեծամորի ԱԷԿ-ի հարցում էլ համագործակցել Հայաստանի հետ: Մենք մտահոգություններ ունենք Իգդիրի մոտ գտնվող հինԱԷԿ-ի գործունեության կապակցությամբ: Անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերջ դնել այդ մտահոգություններին»։ Մեկնաբանելով Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու մասին Հայաստանում ընդունված որոշումը՝ Յըլդըզը հայտարարել էր, որ կարող են համատեղ ուժերով կանխել «սպառնալիքը»՝ ընդգծելով, որ Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնումԱքքույու ու Սինոպ վայրերում կառուցվելիք ԱԷԿ-ների անվտանգության խնդիրներին[6]:

Այստեղ պետք է նշել, որ վերջին տարիներինԱքքույուի ու Սինոպի բնակիչները բազմիցս բողոքել են ԱԷԿ-ների կառուցման դեմ, սակայն թուրքական իշխանություններնանտեսել են դրանք։ Աքքույուի ԱԷԿ-ի (ունենալու է 4 էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 1200 մՎտ, ընդհանուր՝ 4800 մՎտ)կառուցումն անհանգստացրել է անգամ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետությանը (ՀԿԹՀ), որը գտնվում է նրանից ընդամենը 91 կմհեռավորության վրա։ Շրջակա միջավայրի պաշտպաններն Աքքույուի ԱԷԿ-ի կառուցմանն ընդդիմանալու իրենց դիրքորոշումը հիմնավորում էին նրանով, որ այդ տարածաշրջանը պատկանում է բարձր սեյսմիկ ակտիվություն ունեցող տարածքների թվին.2014թ. դեկտեմբերից մինչև 2015թ. հունվարը(մեկ ամսում) Մերսին նահանգում գրանցվել են 3.6 և 3.9 բալանոց երկրաշարժեր[7]: Ի դեպ, Աքքույուի ԱԷԿ-ը գտնվելու է Անթալիայից 250-300 կմ հեռավորության վրա, և Թուրքիայում որոշակի շրջանակների մոտ մտավախություններկան, թե դա կարող է բացասաբար ազդել տեղի զբոսաշրջային ոլորտի վրա: Սակայն Թաներ Յըլդըզը (2015թ. մայիսին) դրան հակադարձեց Փարիզի օրինակով. «Եթե քարտեզի վրա կարկինի ծայրով Էյֆելյան աշտարակի մոտից 90 կիլոմետրանոց շրջագիծ անեք, ապա այդ տարածքում կընդգրկվի 9 ԱԷԿ: Տարեկան Փարիզ այցելում է 55 մլն զբոսաշրջիկ, այդ ցուցանիշով Փարիզն աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը: Փարիզ այցելած զբոսաշրջիկի հետ ոչ մի բան չի լինում, իսկ ի՞նչ պետք է լինի Աքքույուի մոտ այցելած զբոսաշրջիկին»[8]:

Սինոպ քաղաքի և, ընդհանրապես,Թուրքիայի սևծովյան հատվածի բնակչությունը նույնպես բողոքներ է անցկացրելտեղի ԱԷԿ-ի կառուցման դեմ (հզորությունը կազմելու է 4500 մՎտ, ունենալու է 4 էներգաբլոկ)[9]: Ծովափնյա բնակչությունն իրեն համարում է չեռնոբիլյան աղետի ուղղակի զոհը. Ուկրաինայից դեպի Թուրքիա քամին բերել էռադիոակտիվ ամպեր, ինչն էլ թուրքական կողմի պնդմամբ՝ նպաստել է տարածաշրջանում ուռուցքային հիվանդությունների զարգացմանը (Թաներ Յըլդըզի խոսքերով՝ Չեռնոբիլի աղետին հաջորդող 4 օրերի ընթացքում քամին ռադիոակտիվ ամպերը քշել է դեպի Ֆինլանդիա, իսկ 6-րդ օրը քամու ուղղությունը փոխվել է դեպի Թուրքիա[10]): Բացի այդ 2016թ. հուլիսի երկրորդ կեսին Սինոպի մոտ գրանցվեց 4.3 բալանոց երկրաշարժ, որը թուրքական մամուլը որակեց վախեցնող[11]։ Այս ամենն ի ցույց է դնում, որ Թուրքիայի իշխանությունները հաշվի չեն նստումիրենց քաղաքացիների՝ ատոմային ոլորտի հետ կապված մտահոգությունների հետ, ինչպես նաև այն, որ նրանց չի վախեցնում սեյսմիկ գոտում կամ դրան մոտ տարածքում ԱԷԿ կառուցելը: Ընդ որում, Մեծամորի ԱԷԿ-ի հարցում հնարավոր ուժգին երկրաշարժի մասին ահազանգող Թուրքիայի իշխանությունները «մոռանում» են, որ Մեծամորի ԱԷԿ-ի հարցում չկա ցունամիի վտանգ, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, կարող է ավելի վտանգավոր լինել երկրաշարժի համեմատությամբ։ Մինչդեռ Աքքույուի ու Սինոպի ԱԷԿ-ները (ինչպես նաև Բուլղարիայի սահմանի մոտ ծրագրված երրորդ՝ Իղնեադայի ԱԷԿ-ը) գտնվում են ծովափնյա շրջաններում, ինչը, ի դեպ, հեշտացնում է ծանր սարքավորումները նշանակման վայր հասցնելու գործընթացը։

Թուրքիայում ԱԷԿ-ներ կառուցելու պլանի դեմդժգոհություններն ակտիվացան 2011թ. մարտի 11-ին Ճապոնիայում «Ֆուկուշիմա 1» ԱԷԿ-իվթարից հետո, որը, փորձագետների համոզմամբ, Չեռնոբիլից հետո երկրորդ խոշոր միջուկային վթարն էր աշխարհում։ Արդեն մարտի վերջին ռադիոակտիվ ամպերը հասան Թուրքիայի արևմուտք։ Դրա հետ կապված՝ թուրք պրոֆեսոր Միքդաթ Քադըօղլուն հայտարարեց, որ ռադիոակտիվ ամպերը գտնվում են 10.000 մետր բարձրության վրա, ինչը նշանակում է, որ, եթե 5000 մետրը գերազանցող բարձրության վրա անձրև տեղի չունենա, ապա ճառագայթման վտանգ չի առաջանա: Ռադիոակտիվ ամպերի մուտքը Թուրքիայի տարածք շարունակվեց մինչև ապրիլի 3-ը, որտեղից էլ դրանք շարունակեցին իրենց ուղին դեպի արևմուտք[12]։ Սակայն այդ դժգոհություններն էլ անկարող եղան կանգնեցնել Թուրքիայի իշխանությունների միջուկային պլանները: Այն ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիային պարզապես անհրաժեշտ են ԱԷԿ-ներ. «Կամուրջներն էլ են քանդվում, ի՞նչ է, մենք պիտի հրաժարվենք նաև կամուրջներ կառուցելո՞ւց»[13]: 2013թ. աշնանն էլ Սինոպի ԱԷԿ-ի կառուցման մասին պայմանագրի ստորագրման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ ԱԷԿ-ներում և, ընդհանրապես, այլ ոլորտներում երբեք էլ հնարավոր չի եղել վթարները բացառել 100%-ով, և որ դրանց հավանականությունը հավասար է մեկը միլիոնի[14]:Ուշագրավ է նաև 2012թ. Աքքույուի ԱԷԿ-ի վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունը. «ԱԷԿ-ը սպառնալիք չի ներկայացնում: Ինքնաթիռով ճամփորդելնԱԷԿ-ից ավելի վտանգավոր է: Եթե դուք տարվա ընթացքում 24 ժամ նստեք ԱԷԿ-ի դռանը, ապա այդչափ չեք ենթարկվի ռադիացիայի, որքանինքնաթիռով ճամփորդելիս»[15]: Հետաքրքիր է, թե ինչու է թուրքական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ հայտարարություններ անելիս «մոռացության մատնում» իր իսկ բերած այս փաստարկները:

Ի դեպ, Սինոպի ԱԷԿ-ի կառուցման իրավունքը հանձնվել է ճապոնական Mitsubishi ընկերությանը, որը դա պետք է իրականացնի ֆրանսիական Areva ընկերության հետ համատեղ: Ուշագրավ է՝դա 2011թ. Ճապոնիայի «Ֆուկուշիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջին դեպքն էր, որ ճապոնական ընկերությունը հաղթում է նման մրցույթում: Հետաքրքիր է, թե թուրքական կողմը, ով շարունակ ընդգծում է, թե «Մեծամորի ԱԷԿ-ը կառուցված է չեռնոբիլյան տեխնոլոգիայով», ինչու է կատարել նման ընտրություն՝ իր երկրորդ ԱԷԿ-ի կառուցումը վստահելով ոչ վաղ անցյալում ատոմային վթար վերապրած երկրի`Ճապոնիային(նույնը որոշակի վերապահումով կարելի է ասել Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման իրավունքը Ռուսաստանին վստահելու մասին՝ կապված Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետ): Թուրքական կողմի ընտրության հետ կապված՝Թաներ Յըլդըզը 2013թ. մայիսինպարզաբանեց, որ ՍինոպիԱԷԿ-ում կատարվելիք ֆրանսիական ներդրումները «կարող են իրենց ազդեցությունն ունենալ» Հայոց ցեղասպանության հարցում Ֆրանսիայի դիրքորոշման վրա, ով արդեն «ավելի ուշադիր կլինի» Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարություններում:

2015թ. մայիսի սկզբին Թաներ Յըլդըզը, մասնակցելով Ստամբուլում էներգետիկ ոլորտին նվիրված միջազգային համաժողովին, կրկին հիշեցրեց Մեծամորի ԱԷԿ-ի «վտանգավորության»մասին. «ԱԷԿ-ը, որը մեր սահմանին այդքան մոտ է, չի կարող շահագործվել միայն նրա համար, որ էլեկտրականություն է անհրաժեշտ: Մենք բազմիցս ասել ենք, որ մեր սահմանի մոտ գտնվող այդԱԷԿ-ը պետք է փակվի: Հայկական կողմը պնդում է, թե ԱԷԿ-ը փակելով՝ կմնա առանց էլեկտրաէներգիա, սակայն կարծում եմ՝ լուծումներ կգտնվեն»[16]:

Այստեղ ամբողջովին չբացառելով, որ Թուրքիան իսկապես կարող է որոշակի մտահոգություններ ունենալ Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման հարցում՝ այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թուրքիայի իշխանությունները չեն կարող չգիտակցել, որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի էներգետիկ կարիքների 40%-ն ապահովում է Մեծամորի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը, և որ դրա փակման դեպքում մեծ խնդիրներ կառաջանան Հայաստանում (վերագործարկումից հետո 2003թ. հունվարի 1-ի դրությամբ երկրորդ էներգաբլոկն արդեն արտադրել էր 14 մլրդ 17 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա): Դա նշանակում է, որ Թուրքիան (նաև Ադրբեջանը), շարունակ հայտարարելով Հայաստանի էներգահամակարգի կարևոր բաղադրիչ Մեծամորի ԱԷԿ-ի փակման «անհրաժեշտության» մասին, առաջին հերթին ձգտում է տնտեսական զգալի վնաս պատճառել Հայաստանին՝ այդպիսով վնասելով նաև նրա էներգետիկ անկախությունը: Մյուս կողմից էլ հասկանալի է, որ հայկական կողմը չի կարող անվերջ երկարաձգել Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման ժամկետը և պետք է գործուն քայլեր ձեռնարկի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։

Եթե թուրքական կողմը, հիրավի, խստապես մտահոգված է Հայաստանին սահմանակից իր շրջանների բնակիչների անվտանգության հարցովև պատրաստ է գնալ լուծումների, ապա նա պետք է մտածի և գործուն քայլեր ձեռնարկի Հայաստանին այլընտրանք ապահովելու ուղղությամբ. թուրքական իշխանություններն առաջին հերթին «հանուն իրենց սահմանային շրջանների անվտանգության» կարող են զբաղվել Մեծամորի ԱԷԿ-ի համար նոր և ժամանակակից էներգաբլոկի կառուցման համար գումարներ հատկացնելու կամ հայթայթելու խնդրի լուծմամբ(նոր էներգաբլոկի կառուցումը գնահատվում է 5 մլրդ դոլար), թեև դա կարող է հնչել կատարելապես անիրատեսական և ֆանտաստիկայի ժանրից։ Մեծամորի ԱԷԿ-ի փակման դիմաց Թուրքիայի կողմից Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելը ձեռնտու չէ նրա համար, որ դա Հայաստանին էներգետիկ կախվածության մեջ կդնի Թուրքիայից՝ չհաշված էլեկտրաէներգիայի գնային տարբերությունների և հնարավոր մատակարարումները դադարեցնելու վտանգի գործոնները (թուրքական մամուլի պնդմամբ՝ Թաներ Յըլդըզը 2011թ. հոկտեմբերի վերջին հայտարարել է. «Թող հայերը փակեն ատոմակայանը, և մենք էլեկտրաէներգիա կմատակարարենք նրանց»)[17]:

Ամեն դեպքում Մեծամորի ԱԷԿ-ի խնդիրը հետագայում կարող է դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև ապագա երկխոսության ոլորտներից մեկը։ Ի դեպ, Թուրքիան Մեծամորի ԱԷԿ-ի խնդրին անդրադարձել է նաև 1990-ական թվականներին. 1996թ. Իգդիր այցելած Թուրքիայի վարչապետ Մեսութ Յըլմազը հայտարարել էր, որ Թուրքիան վերագործարկված Մեծամորի ԱԷԿ-ի շուրջ բանակցում է Հայաստանի հետ՝ ընդգծելով, որ Թուրքիան հնարավոր է համարում այլընտրանքային ձևերով Հայաստանի էներգետիկ խնդրի լուծումը, և որ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը համապատասխան բանակցություններ է վարել Հայաստանում. «ԹուրքիանՀայաստանին ժեստ արեց, վերաբացեց օդային միջանցքը, սակայն Հայաստանի կողմից չստացավպատասխան դրական քայլ»[18]:Թուրքական կողմը թերևս ակնկալել է, որ Հայաստանը Թուրքիայի կողմից օդային տիրույթի վերաբացման դիմաց կփակի Մեծամորի ԱԷԿ-ը։

Ինչ վերաբերում է Թաներ Յըլդըզի այն հայտարարությանը, թե «Մեծամորի ԱԷԿ-ըչի կարող շահագործվել միայն նրա համար, որ էլեկտրականություն է անհրաժեշտ», ապա այստեղ նա երկակի ստանդարտներ է կիրառում. նույն Թաներ Յըլդըզը2012թ. նոյեմբերի վերջին հայտարարել էր, որ Թուրքիայում աճում է էլեկտրաէներգիայի կարիքը, ինչի համար էլ որոշվել է երկրում կառուցել 3ԱԷԿ (ԱԷԿ-ների կառուցումը Թուրքիային նաև հնարավորություն կտա նվազեցնել էներգակիրների ներկրումից իր ահռելի կախվածությունը, ինչպես նաև զգալի գումարներ տնտեսելէներգակիրների ներկրումը զգալի կրճատելուց): Երբ լրագրողները թուրք նախարարին հարցրել էին, թեարդյոք Բուլղարիային չի մտահոգում իր սահմանի մոտ՝ Իղնեադայում, նորԱԷԿ կառուցելու մասին Թուրքիայի մտադրությունը, Յըլդըզը պատասխանել էր. «Դեռ հստակեցված չէ Իղնեադայում ԱԷԿ-ի կառուցման հարցը: Այն թեկնածու վայրերից մեկն է: Բայց, եթե որոշենք այստեղ կառուցել ԱԷԿ, ապա այն նման չի լինի Մեծամորի ԱԷԿ-ին, որի գործունեության ժամկետը սպառված է, և որում բացակայում են ժամանակակից տեխնոլոգիաները»[19]:

Կարելի է հիշատակել նաև 2014թ. հոկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի արած հայտարարությունը, որ էներգակիրների ներկրման վրա տարեկան 55 մլրդ դոլար ծախսողԹուրքիայում տնտեսական աճի պատճառով նկատվում է էլեկտրաէներգիայի սղություն, ինչն անհրաժեշտ է դարձնում ԱԷԿ-ների կառուցումը: Դավութօղլուն նաև հայտարարել էր, որ Թուրքիան երրորդ ԱԷԿ-ը կկառուցի իր ուժերով. «Թուրքիան կսկսի երրորդ ԱԷԿ-ը կառուցել 2018-2019թթ., երբ մեզ մոտ կհայտնվենբավարար որակավորված մասնագետներ՝ դա որպես ազգայիննախագիծ իրականացնելուհամար[20]»:2016թ. հոկտեմբերին էլ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ստամբուլում անցկացված 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ հայտարարեց, որ 2023թ. (Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակ) Թուրքիայում կրկնապատկվելու է էլեկտրաէներգիայի պահանջարկը, ինչի համար էլ շարունակելու են երկու ԱԷԿ-ի կառուցումը[21]:

Թուրքական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի խնդրի բարձրաձայնման առիթը բաց չթողեց նաև 2011թ. հոկտեմբերի 23-ին Վանիավերիչ երկրաշարժի դեպքում: Այդ ժամանակ Թաներ Յըլդըզը հայտարարեց, որ ատոմային էներգիայի ոլորտի թուրք մասնագետներին հանձնարարել է չափել Մեծամորի ԱԷԿ-ի ռադիոակտիվության մակարդակը՝ վախենալով դրա հնարավոր արտահոսքից. «Թուրքիան պատրաստվում է իրավական միջոցներ կիրառել համայն աշխարհի հնացած ատոմակայանների, այդ թվում՝ նաև Մեծամորի ատոմակայանի նկատմամբ։ ԱԷՄԳ-ը ողջ աշխարհում ավելի քան 40 տարի գործող ատոմակայանների կապակցությամբ Թուրքիայից կստանա տասնյակ բողոքներ։ Մի շարք երկրներ հանդես են գալիս միջուկային էներգետիկային վերջ դնելու և հնացած կայանների փակման օգտին, սակայն շարունակում են կառուցել նորերը։ Դա ճիշտ չէ»[22]։

Հայաստանի կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեն սակայն հերքեցՎանի երկրաշարժի հետևանքով Մեծամորի ԱԷԿ-ից արտահոսքի մասին տեղեկությունը, որը տարածել էր թուրքական «Զաման» թերթը` հղում անելով Թուրքիայի ատոմային էներգիայի գործակալությանը (TAEK): «Զաման»-ը մասնավորապես գրել էր. «Ստացված տվյալներով Վանի երկրաշարժից վնասվել է Մեծամորի ԱԷԿ-ը: Չնայած ռադիացիայի արտահոսքն այնքան էլ մեծ չէ, սակայն այն հասել է Թուրքիայի սահմանին գտնվող ռադիացիայի չափման կայաններին: Նախնական արդյունքներով ռադիացիայի աստիճանը թույլատրելի նորմայից շատ քիչ է բարձր, և առայժմ այն մարդուն ու միջավայրին սպառնալիք չի ներկայացնում»:

Միջուկային անվտանգության պետական կարգավորման կոմիտեն և Հայաստանի ատոմական էլեկտրակայանը հայտարարեցին. «Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ հայկական ատոմակայանի արտադրական տարածքում ցնցումը եղել է ընդամենը 3 բալ, որը Մեծամորի ԱԷԿ-ին որևէ վնաս պատճառել չէր կարող: Ինչպես մինչև երկրաշարժը, այնպես էլ երկրաշարժից հետո հայկական ատոմակայանի անվտանգությունը գտնվում է միջազգային չափանիշներով և կանոններով սահմանված մակարդակի վրա, և որևէ արտահոսքի մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Վանի երկրաշարժից Մեծամորի ԱԷԿ-ի վնասվելու մասին տեղեկությունը հերքեց նաևՀայաստանի նախագահին կից Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` ասելով, որ նման բան չկա, և որ 3-4 բալն ԱԷԿ-ի վրա ազդել չէր կարող: ԱԷԿ-ի վնասվելու մասին տեղեկություններն անհիմն համարեց նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Հրաչյա Պետրոսյանը. «Որևէ վտանգ լինել չի կարող, քանի որ էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը եղել է 9-10 բալ, իսկ Հայաստանի տարածքում՝ 3-5 բալ: ԱԷԿ-ի հեռավորությունը երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 160 կմ է: Ոչ միայն ԱԷԿ-ում, այլ նաև Հայաստանի տարածքում որևէ բնակավայրում ոչ մի շենք ու շինություն չի վնասվել: Նույնիսկ եթե ընդունենք, որ ԱԷԿ-ի տարածքում ուժգնությունը հասել է 9 բալի, չնայած այդպես չէ, այնտեղ եղել է 3-4 բալ, միևնույնն է` ԱԷԿ-ը հաշվարկված է առնվազն 9 բալ ուժգնության համար, և նման տեղեկատվությունը բացարձակ անհիմն է ու սխալ»[23]:

Հարկ է նշել, որ Թաներ Յըլդըզի այս հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ Վանի երկրաշարժից հետո Թուրքիայում վերստին արդիականացել էր Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման նպատակահարմարության հարցը՝ կապված երկրաշարժի գործոնի հետ, և Թաներ Յըլդըզըխնդրից ուշադրությունը շեղելու համար սլաքներն անմիջապես ուղղեց Մեծամորի ԱԷԿ-ի վրա։Պատասխանելով Վանի երկրաշարժից հետո Աքքույուի ԱԷԿ-ի համար երկրաշարժի մասին ռիսկի հարցին՝ Թաներ Յըլդըզը հանգստացրել էր լրագրողներին՝ նշելով, որ եթե նման ռիսկ լիներ, ապա Ռուսաստանը 20 մլրդ դոլար չի ներդնի Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման համար։ Խոսելով ցունամիի վտանգի հնարավորության մասին՝ Յըլդըզը հայտարարել էր, որ Միջերկրական ծովում ալիքի բարձրությունը երբևէ չի գերազանցել 3 մետրը, իսկ ցունամիի դեպքում չի անցի 5 մետրը՝ հավելելով, որ Ֆուկուշիմայի ԱԷԿ-ի պարագայում խնդիրը ոչ թե երկրաշարժն էր, այլ ցունամին։ Ուշագրավ է, որ 2012թ. փետրվարին՝ Սև ծովում գրանցված փոթորկի ժամանակ ալիքների բարձրությունը հասել է 10 մետրի, ինչի համար էլ ոմանք կարծել են, թե գրանցվել է ցունամի[24]։

Մեծամորի ԱԷԿ-ն անհիմն հիշատակելու շարքին կարելի է դասել նաև 2015թ. մայիսի սկզբին՝ ստամբուլյան վերոնշյալ համաժողովի ժամանակ Թաներ Յըլդըզի հայտարարությունը. «Ես զարմանում եմ, թե ինչպես է ստացվել, որ բնապահպանները նույնպիսի վերաբերմունք չունեն Մեծամորի ԱԷԿ-ի նկատմամբ, ինչպիսինունեին, օրինակ, Գեզի զբոսայգու ծառահատման ժամանակ»: Թաներ Յըլդըզը կոչ էր արել միասին բնապահպանական բողոքի ակցիա անցկացնել Իգդիրում Մեծամորի ԱԷԿ-ի շահագործման դեմ (վերջին տարիներին թուրքական ՀԿ-ներն Իգդիրում անցկացրել են մի շարք բողոքի ակցիաներ՝ պահանջելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը):

Նույն նպատակին էր միտված 2011թ. մարտին Թաներ Յըլդըզի հետևյալ հայտարարությունը. «Թուրքիայում մեզ շատ են քննադատում նրա համար, որ ցանկանում ենք ԱԷԿ-ներ կառուցել Աքքույուում և Սինոպում: Սակայն քննադատները մոռանում են, որ մեր սահմանից ընդամենը 16 կմ հեռավորության վրա գտնվում է Մեծամորի ԱԷԿ-ը, որն ունի 35-40 տարվա վաղեմություն: Ճապոնիայում տեղի ունեցած աղետից հետո միջազգային հանրությունը սկսել է խոսել հին ԱԷԿ-ների փակման անհրաժեշտությունից: Այդ գործընթացը պետք է սկսել հենց Մեծամորի ԱԷԿ-ից»[25]: Իղնեադայի ԱԷԿ-ի կառուցման հարցում Մեծամորի ԱԷԿ-ի մասին Յըլդըզի վերոնշյալ հայտարարությունը նույնպես կարելի է դասել այս շարքին։ Ի դեպ, թուրքական կողմը շարունակ հայտարարում է, թե «Մեծամորի ԱԷԿ-ն աշխարհի միակ ԱԷԿ-ն է», որը փակվելուց հետո վերագործարկվել է, սակայն Ճապոնիան նույնպես «Ֆուկուշիմա 1-ի» վթարից տարիներ անց սկսել է վերագործարկել իր ԱԷԿ-ները:

Եվ, վերջապես, կարելի է հիշատակել այն, որ 2016թ. ապրիլի վերջին Բերաթ Ալբայրաքը Թուրքիայում ԱԷԿ-ներ կառուցելու դեմ հանդես եկողներին կոչ արեց սեփական բողոքն ուղղել Մեծամորի ԱԷԿ-ի դեմ. «Եթե ձեր էներգիան ծախսեք Մեծամորի ԱԷԿ-ը բոյկոտելու համար, ապա մեծ ծառայություն կմատուցեք Թուրքիային, քանի որ այդ ԱԷԿ-ը վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար»[26]: Այս ամենը վկայում է, որ Թուրքիայի իշխանությունների կողմից Մեծամորի ԱԷԿ-ի խնդիրը բարձրաձայնելը ծառայում է նաև երկրի ներքին խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելուն և այն Մեծամորի ԱԷԿ-ի վրա բևեռելուն: Ուշագրավ է, որ թուրքական կողմը Մեծամորի ԱԷԿ-ի հարցը բարձրաձայնելիս շարունակ ընդգծում է, որ այն գտնվում է Արարատ լեռան հետ տեկտոնական նույն գծի վրա, սակայն չի նշում, որ Աքքույուի ԱԷԿ-ի կառուցման վայրից 30 կմ հյուսիս անցնում է Էջեմիշի տեկտոնական գիծը, իսկ Սինոոպի նահանգի հարավով անցնում է Հյուսիս-Անատոլիական տեկտոնական գիծը, ինչը մեծացնում է ռիսկերը։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ Թուրքիայում դեռևս չկառուցված ԱԷԿ-ների համար ամենամեծ վտանգը հենց տեկտոնական գծերն են[27]։

Ի դեպ, դա առաջին դեպքը չէր, երբ թուրքական կողմը բարձրաձայնում է Մեծամորի ԱԷԿ-ից ռադիացիայի արտահոսքի հնարավորության մասին: 2011թ. հունվարին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին, թեՀայաստանին սահմանակից ու սահմանամերձ շրջաններում կտրուկ ավելացել է թոքերի քաղցկեղով հիվանդների թիվը, ինչի պատճառը «Մեծամորի ԱԷԿ-ի ռադիացիոն արտահոսքն» է, և որԷրզրումիԱթաթուրքի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը 60 օր շարունակ «այդ կապակցությամբ» հետազոտություններ է իրականացնելու Հայաստանին մոտ գտնվող 6 նահանգներում[28]։

Սակայն Իգդիրի նահանգապետարանն ու էրզրումյան բուհը հերքեցինդա։ Բուհի գիտաշխատող Բեքիր Դողանը հայտարարեց, որԹուրքիայի 6 նահանգներում՝ Իգդիր, Մուշ, Աղրը, Թունջելի, Հաքքարի և Շըրնաք, հետազոտություններ են իրականացնում ռադոն գազի աստիճանը չափելու վերաբերյալ, ինչը որևէ կապ չունի Մեծամորի ԱԷԿ-ի հետ: Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Վեյսել Էրօղլուն հաստատեց, որ երկրի արևելյան շրջաններում ռադիացիայի արտահոսք չի նկատվել: TAEK-ն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիայում օդի ռադիացիայի չափաբաժինը չափելու նպատակով հիմնված «Ռադիացիայի վաղ նախազգուշացման համակարգ»-ի (RESA) շրջանակներում Մեծամորի ԱԷԿ-ի հարևանությամբ գտնվող նահանգներում գործում են 24 չափիչ կայաններ, և որ դրանցում արձանագրված ռադիացիայի մակարդակը չի դիտվում որպես արտակարգ իրավիճակ[29]:

Թուրքական կողմը պետք է հիշի, որ ռադոնն անհոտ, անհամ, անտեսանելի իներտ գազ է, և հայտնի է վերջինիս վնասակար ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Այն կարող է թափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով, որից հետո տրոհման արդյունքում առաջացած տարրերն ուռուցքահարուցիչ (քաղցկեղածին) միջոց են։ Ռադոնի առկայությունը մեր բնակարաններում բացատրվում է նրանով, որ ցանկացած նյութ պարունակում է ռադիոակտիվ մասնիկներ, հետևաբար այն շինարարական նյութերը, որոնք չեն անցել համապատասխան հետազոտություններ, շատ դեպքերում կարող են պարունակել անթույլատրելի բարձր աստիճանի ռադիոակտիվ նյութեր, որոնք էլ կհանդիսանան ռադոնի «անսպառ» աղբյուր։

Փաստորեն, ԱԷՄԳ-ի անդամ Թուրքիան, շարունակ հանդես գալով Հարավային Կովկասի տարածաշրջանում գործող միակ՝ Մեծամորի ԱԷԿ-ի դեմ հայտարարություններով, դրանով իսկ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում ԱԷՄԳ-ի նկատմամբ, կասկածի տակ է դնում Մեծամորի ԱԷԿ-ի վերաբերյալ ԱԷՄԳ-ի որոշումները, անտեսում է այն հանգամանքը, որ ԱԷՄԳ-ի փորձագետները շարունակ ստուգումներ են անցկացնում Մեծամորի ԱԷԿ-ում, որ հայկական կողմն ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հարցում իր քայլերը համաձայնեցնում է ԱԷՄԳ-ի հետ և շարունակ քայլեր է ձեռնարկում ԱԷԿ-ի վերազինման, անվտանգության ապահովման մեծացման ուղղությամբ: Եվ, վերջապես, թուրքական կողմի հայտարարություններից (որում Մեծամորի ԱԷԿ-ը որակվել է նաև որպես «Հայկական Չեռնոբիլ», «Չեռնոբիլյան տեխնոլոգիայով կառուցված ԱԷԿ», «Եվրոպայի և, ընդհանրապես, աշխարհի ամենավտանգավոր ԱԷԿ», «Թուրքիայի հարևանությամբ գտնվող դանդաղ գործունեության ռումբ») ստացվում է, որ հայկական կողմն «ընդհանրապես չի մտահոգվում» իր քաղաքացիների անվտանգությամբ, Երևանից 28կմ դեպի արևմուտք գտնվող իր ԱԷԿ-ի անվտանգությամբ, մինչդեռ թուրքական կողմը «չափազանց մտահոգ» է Մեծամորի ԱԷԿ-ից 30 կմ հեռավորության վրա գտնվող Իգդիրի համար: Այստեղ պետք է նշել, որ Թուրքիայի իշխանությունների «ուշադրության կենտրոնում գտնվող» Իգդիրի նահանգն իր սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակով 2011թ. աշնանը Թուրքիայի 81 նահանգների թվում զբաղեցնում է 69-րդ տեղը[30]:Հետաքրքիր է նաև, թե ինչու թուրքական կողմը չի դատապարտում Մեծամորի ԱԷԿ-ին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանում հնչեցված կոչերը, քանի որ (անկախ նրանից, թե որքան ցածր է (կամ բացառված է) նման հարված հասցնելու հնարավորությունը) այդ դեպքում կարող է մեծապես տուժել նույն Իգդիրի նահանգը և, ընդհանրապես, Թուրքիայի արևելքը (ինչու ոչ՝ Հայաստանի հարևան երկրները, այդ թվում նույն Ադրբեջանը)։

Սեփական քաղաքացիների անվտանգության հարցում Թուրքիայի իշխանությունների «մտահոգությունների» մասին ատոմային ոլորտից բացի կարելի է դատել նաև նմանատիպ մի շարք այլ ոլորտներում տիրող իրավիճակներից: Օրինակ, երբ 2011թ. սեպտեմբերին Թուրքիան ԱՄՆ-ի հետ հուշագիրստորագրեց իր արևելյան հատվածում գտնվող Մալաթիա նահանգի Քյուրեջիք վայրում (Իրանի սահմանից 540 կմ հեռավորության վրա) ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայան (ՌՏԿ) տեղակայելու մասին, Քյուրեջիքի բնակչությունը (7000 մարդ) սկսեց բողոքել ՌՏԿ-ի տեղակայման դեմ` նշելով, որ կայանի գործունեությունը վտանգի տակ է դնում իր առողջությունը[31]: Սակայն այս անգամ էլ բողոքն անտեսվեց, և արդյունքում ՌՏԿ-ըտեղակայվեց: Ի դեպ, ամերիկյան The New York Times թերթի բնորոշմամբ դա դարձավ վերջին 20 տարում Վաշինգտոնի և Անկարայի միջև ռազմական համագործակցության շրջանակներում արված առավել նշանակալից նախագիծըև ամենանշանակալից քայլը` սկսած 2003թ. իրաքյան պատերազմից[32]:

Եվ, վերջապես, Թուրքիայի իշխանությունները պետք է նախևառաջ մտահոգվեն արդյունաբերական վթարների հարցում իրենց երկրում տիրող բավականին վատթար վիճակից: Դեռևս 2013թ. հունվարին ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, մեկնաբանելով Զոնգուլդակ նահանգի Քոզլու շրջանի ածխահանքում պայթյունի հետևանքով 8 հանքահորի զոհվելը, հայտարարել էր, որ Թուրքիայում հաճախակիացել են արդյունաբերական վթարները, և այդ ցուցանիշով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, իսկ Եվրոպայում՝ 1-ին տեղը. «Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանոցի: Այստեղ արդյունաբերական վթարներից ավելի շատ մարդ է զոհվում, քան ահաբեկչությունից»[33]:

Դա հաստատվեց նաև 2014թ. մայիսի կեսին Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) հրապարակած զեկույցում, ըստ որի՝ Թուրքիան արդյունաբերական վթարների հետևանքով զոհերի թվով մինչև 2008թ. աշխարհում զբաղեցրել է 3-րդ տեղը, սակայն ներկայումս առաջին տեղում է՝ գերազանցելով Չինաստանին (31 տարում Թուրքիայի հանքավայրերում գրանցվել է 14 խոշոր վթար, որոնցից վերջինը գրանցվել է 2016թ. նոյեմբերի 17-ին Սիիրթի (Սղերթ) նահանգի Շիրվան շրջանի պղնձի հանքավայրում, ինչի հետևանքով զոհվեց 16 մարդ[34]): Զեկույցը հրապարակվել էր 2014թ. մայիսի 13-ին՝ Մանիսա նահանգի Սոմա շրջանի ածխահանքում գրանցված վթարից անմիջապես անց: Այդ վթարը, որի հետևանքով զոհվեց 301 հանքահոր,և Թուրքիայում հայտարարվեց եռօրյա սուգ, դարձավ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ամենամահաբերը (մինչ այդ ամենամահաբեր վթարը գրանցվել էր 1992թ. նույն՝ Քոզլուի շրջանի ածխահանքում. զոհվել էր 263 մարդ)[35]:

 

«Անվտանգության քաղաքականությունների քննարկումների բարելավումը Հայաստանում» ծրագիր (NED)

Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ-ՄԱՀՀԻ

 

[1]Berat Albayrak: Metzamor Nükleer Santrali kapatılmalı, 26.09.2016, Habertürk, https://www.haberturk.com/ekonomi/enerji/haber/1301998-berat-albayrak-metzamor-nukleer-santrali-kapatilmali

[2]Kılıçdaroğlu: Bu ülkede 2 başbakan var, 11.10.2016, Yeniçağ,https://www.yenicaggazetesi.com.tr/kilicdaroglu-bu-ulkede-2-basbakan-var-147971h.htm

[3]Yıldız: Metsamor Nükleer Santrali kapatılmalı, 31.10.2012, Milliyet, https://www.milliyet.com.tr/yildiz-metsamor-nukleer-santrali-kapatilmali/ekonomi/ekonomidetay/31.10.2012/1619760/default.htm

[4]Başbakan’ın nükleer politikası ülkesine göre, 31.05.2012, Agos, https://www.agos.com.tr/tr/yazi/1544/basbakan-in-nukleer-politikasi-ulkesine-gore

[5]ՀԱԷԿ, https://anpp.am/

[6]Yıldız: Ermenistan ile Metsamor Nükleer Santrali için çalışabiliriz, 28.04.2014, Enerji Günlüğü, https://www.enerjigunlugu.net/icerik/8233/yildiz-ermenistan-ile-metsamor-nukleer-santrali-icin-calisabiliriz.html#.WCdRSi2LTIU

[7]Nükleer santralin kurulacağı Mersin’de bir ay içinde ikinci deprem, 07.01.2015, Kıbrıs Postası, https://www.kibrispostasi.com/index.php/cat/35/news/152016, Kuzey Kıbrıs’ta Akkuyu Nükleer Santrali rahatsızlığı, 12.12.2014, Deniz Haber, https://www.denizhaber.com.tr/kuzey-kibrista-akkuyu-nukleer-santrali-rahatsizligi-haber-59302.htm

[8]Yıldız: Paris’te 9 nükleer santral var, 10.05.2015, Memurlar.Net, https://www.memurlar.net/haber/513995/

[9]Sinop’taki nükleer santral protestosu, 25.04.2015, Milliyet, https://www.milliyet.com.tr/sinop-taki-nukleer-santral-protestosu-sinop-yerelhaber-749352/, Sinop’ta Binlerce Kişi ‘Nükleer’e Hayır’ Dedi, 26.04.2014, Onedio, https://onedio.com/haber/sinop-ta-binlerce-kisi-nukleer-e-hayir-dedi-294202

[10] Önce Ermenistan’daki santralı kapatın bizim nükleerin yanında balık tutalım, 19.03.2011, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/once-ermenistan-daki-santrali-kapatin-bizim-nukleerin-yaninda-balik-tutalim-17312002

[11]Sinop‘ta korkutan deprem!, 23.07.2016, Sabah, https://www.sabah.com.tr/gundem/2016/07/22/sinopta-korkutan-deprem

[12] Radyasyon Türkiye’ye ulaştı, 30.03.2011, Posta, https://www.posta.com.tr/radyasyon-turkiyeye-ulasti-haberi-67021

[13]Ha ‘nükleer santral’ ha ‘köprü’…, 15.03.2011, CNN TÜRK, https://www.cnnturk.com/haber/turkiye/sinopta-nukleer-santral-icin-agac-katliami

[14]Erdoğan’dan nükleer santral açıklaması, 29.10.2013, Akşam,https://www.aksam.com.tr/siyaset/erdogandan-nukleer-santral-aciklamasi/haber-256626

[15]Erdoğan: “Uçak yolculuğu nükleer santralden daha tehlikeli”, 16.06.2012, CNN TÜRK, https://www.cnnturk.com/2012/turkiye/06/16/erdogan.ucak.yolculugu.nukleer.santralden.daha.tehlikeli/665350.0/

[16]‘Metsamor’a karşı birlikte yürüyelim’,  07.05.2015, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/metsamor-a-karsi-birlikte-yuruyelim-28936956

[17] Nükleer santrali kapatın elektrik bizden, 30.10.2011, Türkiye, https://www.turkiyegazetesi.com.tr/Genel/a511977.aspx

[18]26.03.1996, Cumhuriyet, https://www.cumhuriyetarsivi.com/katalog/192/sayfa/1996/3/23/4.xhtml

[19] Yıldız: İğneada 3. nükleer için adaylardan biri, 29.11.2012, Enerji Günlüğü, https://www.enerjigunlugu.net/icerik/1628/yildiz-igneada-3-nukleer-icin-adaylardan-biri.html#.WCdTHy2LTIU

[20]3. nükleer santral yüzde yüz yerli olacak, 22.10.2014, Yeni Şafak, https://www.yenisafak.com/politika/3-nukleer-santral-yuzde-yuz-yerli-olacak-694691

[21]Başbakan Yıldırım enerji kongresinde konuştu, 10.10.2016, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/basbakan-yildirim-enerji-kongresinde-konustu-40245008

[22] Türkiye’de deprem sonrası nükleer korkusu, 27.11.2011,Hürriyet, https://www.hurriyet.com.tr/turkiye-de-deprem-sonrasi-nukleer-korkusu-19100879

[23]ՌուզաննաՍտեփանյան, ՄեծամորիատոմակայանըչիվնասվելԹուրքիայիերկրաշարժից, 24.10.2011, «Ազատություն» ռադիոկայան, https://www.azatutyun.am/a/24369417.html

[24]Tsunami değil fırtına, 08.02.2012, Sabah, https://www.sabah.com.tr/yasam/2012/02/08/tsunami-degil-firtina

[25]Yıldız: 442 santral kapanmadıkça asla, 25.03.2011, Akşam,https://www.aksam.com.tr/ekonomi/yildiz-442-santral-kapanmadikca-asla–28913h/haber-28913

[26]Albayrak’tan nükleer karşıtlarına: Gidin Ermenistan’daki santrali protesto edin, 28.04.2016, Birgün, https://www.birgun.net/haber-detay/albayrak-tan-nukleer-karsitlarina-gidin-ermenistan-daki-santrali-protesto-edin-110523.html

[27]Neşe Karanfil, Nükleer korku!, 20.05.2014, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/nukleer-korku-26443464

[28] Nükleer sızıntı iddiası radon gazı çıktı, 24.01.2011, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/nukleer-sizinti-iddiasi-radon-gazi-cikti-16841747

[29]TAEK-(No: M1/2011) Metsamor Nükleer Santralinde Sızıntı İddiaları Hakkında Basın Açıklaması, https://www.taek.gov.tr/basin-aciklamalari/96-2011/233-basin24012011.html

[30] Türkiye’nin en gelişmiş illeri (2011 – SEGE), 30.10.2016, TATPEK, https://tatpek.com/turkiyenin-en-gelismis-illeri/

[31]Kürecik’te füze kalkanı protesto edildi, 04.10.2011, Al Jazeera Turk,https://www.aljazeera.com.tr/haber/kurecikte-fuze-kalkani-protesto-edildi

[32] “Füze kalkanı son 20 yılda Türkiye ile ABD arasındaki en önemli işbirliği”, 16.09.2011, Hürriyet, https://www.hurriyet.com.tr/fuze-kalkani-son-20-yilda-turkiye-ile-abd-arasindaki-en-onemli-isbirligi-18746826

[33]Kılıçdaroğlu’ndan Başbakan’a ‘kredi’ yanıt, 08.01.2013, Doğan Haber Ajansı, https://www.dha.com.tr/kilicdaroglundan-basbakana-kredi-yanit_410514.html

[34] СМИ: число погибших при аварии в медном руднике в Турции достигло 16, 12.12.2016, РИА Новости, https://ria.ru/world/20161212/1483400337.html

[35]Türkiye madenlerde yaşanan ölümlü kazalarda dünya birincisi!, 15.05.2014, T24, https://t24.com.tr/haber/turkiye-madenlerde-yasanan-olumlu-kazalarda-dunyada-birincisi,258415

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031