Լրահոս
Օրվա լրահոսը

Երկրին ու հասարակայնութեան նկատմամբ հանցանքները պիտի պատժուեն անժամանակայարոյց ու ամենախիստ եղանակով

Դեկտեմբեր 30,2016 20:52

«Վայ նրան, ով դէպի ճշմարտութիւն է գնում ոճիրների ճանապարհով»

Շիլլեր

Ազգային ժողովի ամբիոնից հնչած յետեւեալ յայտարարութիւնը գրաւեց մեր ուշադրութիւնը։ «Այն բարձրաստիճան պաշտօնեաները եւ նրանց հետ կապ ունեցող անձերը, որոնք չեն կարող հիմնաւորել, թէ ինչպէ՛ս են հարստացել, յառաջիկային պիտի ենթարկուեն քրէական պատասխանատուութեան»:

Այս որոշումը այնքանով է ոգեւորիչ ու ցանկալի, քանի որ կառավարութեան նիստի ընթացքին, այն արժանացել է շատ կարեւոր համաձայնութեան՝ որոշումը քրէական օրէնսգրքի մէջ մտցնել, որպէս լրացում համարուող նախագիծ։

Ծափահարութեան արժանի որոշում է, բայց չենք կարող հարց չտալ, թէ ինչո՞ւ այդպիսի կարեւոր որոշումը ծնուում է այսքան ուշացումով, եւ ոչ տասն ու քսան տարի առաջ, չէ որ հարուստների ու չքաւորների բանակը միշտ ներկայ է եղել ու նրանց միջեւ առաջացած խրամատը խորանում է ամէն օր ու անընդհատ։ Երեւի, նախընտրելի է բաւարարուել «լաւ է ուշ, քան երբէք» իմաստութեամբ եւ ցանկանալ բարի երթ, գիտակցելով, որ անելիք գործարքի ծաւալը շատ մեծ պիտի լինի ու մաքրագործման աշխատանքները բազմազան են եւ անհամար։

Մի այլ նախագծով փոփոխութիւն պիտի մտցուի «Հանրային ծառայութեան մասին» օրէնքի մէջ։ Այսուհետեւ բարձրաստիճան պաշտօնեաները ու նրանց ընտանիքի անդամները պարտաւոր են յայտագրել դրամական նուիրատուութիւններն ու ամէն տեսակի եկամուտները, որոնք գերազանցում են երկու միլիոն դրամը։

Այս նախագծերի ընդունումը բացատրուած է փտածութեան դէմ պայքարը աւելի արդիւնաւէտ դարձնելու անհրաժեշտութեամբ եւ այստեղ աւելորդ չէ յիշեցնել մեր նոր վարչապետի այն թեւաւոր խօսքը, թէ «Մենք այնպէս պիտի անենք, որ աշխարհը շուռ գայ»։ Եթէ, լուսահագի մայրս ողջ լիներ, պիտի ասէր՝ «Աստուած մուրազդ կատարի»։

Այս որոշումներն ու ծրագրերը, որքան որ շոյող են եւ հաճելի, մեզ տանում են դէպի մտորումներ ու հարցադրումներ, որ անհնար է ուշադրութեան չարժանացնել։ Հայաստանեան մամուլից, անուններով յայտնի են բազմաթիւ այն բարձրաստիճան պաշտօնեաները, որոնք իրենց աշխատավարձը տասնեակ, հարիւրաւոր անգամներով գերազանցող եկամուտներ են յայտարարագրում այն ներկայացնելով, որպէս հանրութեանը անյայտ բարեկամների կամ ընկերների կողմից կատարուած նուիրատուութիւններ կամ տրուած փոխառութիւններից ստացուած եկամուտներ։

Կարիք կա՞յ յիշեցնելու այն բարձրաստիճան հոգեւորականի անունը, որ մի քանի հարիւր հազար դոլարի արժէքի մեքենայով պտտուում էր երեւանեան փողոցներով ու հպարտութեամբ յայտարարում, որ այն նուեր է ստացել ամերիկացի իր ընկերոջից։ Կարիք կա՞յ բարոյականը փնտռել։

Մէկ ուրիշ հարց է, թէ ո՞վ պիտի պատժուի այս օրենքի հաստատումով։ Այն վերաբերում է միայն ապագայ օրինազանցներին, թէ այն պիտի կիրառուի նաեւ անցած տարիներին խառն կարգավիճակից օգտուողների նկատմամբ, առանց հաշուի առնելով, թէ նրանք եղել են բարձրագոյն, թէ միջին աստիճանի պաշտօնեաներ։ Եթէ այս ծրագիրը գործնական լինլու բախտին արժանանայ, ապա կարծում եմ, թէ անքուն գիշերներ անցկացնողների թիւը Երեւանում կլինի պատկառելի, եթէ այս անգամ նրանք չբռնեն արտագաղթի ճամբան։

Այստեղ մենք պիտի խուսափենք աղմկայարոյց օրինակներ ցուցադրելուց, որով յագեցուած է հայաստանեան մամուլը, ընդհուպ նախորդ ու գործող նախագահների ամէնասերտ աշխատակիցների ու հարազատների հետ կապուած գործարքներով։ Մեզ հետաքրքրողը անպատժելիութեան վերացումն է եւ ոչ միայն արդարադատութեան, այլ պետական ողջ համակարգի ճիշտ ու անխափան գործելակերպը։

Մեր գործող ու ապագայ պատասխանատուները պիտի ունենա՞ն անհրաժեշտ քաջութիւնը, քաղաքական կամքը եւ այն կարեւոր լծակները, որ սեղանի վրայ ու հանրութեան առջեւ դնեն խաբեբայ ճանապարհնրով սեփհականաշնորհուած ազգային կալուածքները։ Հսկայական գործարաններ, արտադրական միաւորումներ, հիւանդանոցներ, դպրոցներ ու համալսարաններ մէկ օրից միւսը դարձել են, երբեմն, պատահական մարդկանց սեփհականութիւն, իսկ նրանց մի մասը վերածուել է անմխիթար ու քայքայման վիճակի խոպանի։ Բաւական է երեւանեան փապուղիով (մետրօ) շրջագայել Սասունցի Դաւիթ եւ Գարեգին Նժդէհ կայարանների միջեւ՝ անհրապոյր պատկերը վկայելու։

Երկրին ու հասարակայնութեան նկատմամբ հանցանքները պիտի պատժուեն անժամանակայարոյց ու ամենախիստ եղանակով։ «Անցածը մոռցած է» բանաձեւը անգործածելի է այս պարագային։

Ռուբէն Յովակիմեան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Յօդուածին բովանդակութենէն աւելի անոր ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ զիս ուրախացուց ,
    շնորհակալ եմ

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031