Լրահոս
Օրվա լրահոսը

Խնայողության միջոցառումների արդյունքում Արարատյան դաշտում խորքային ջրերի ջրառը պետք է իջեցվի վերականգնվող նիշից ներքև

Հունվար 25,2017 17:57

ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել էր 2017 թ. հունվարի 23-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ջրերի օգտագործումը նորմավորելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը:

Աշխատանքային խմբի ղեկավար Արծվիկ Մինասյանը ներկայացրել է  որոշմամբ հաստատված հանձնարարականը, ըստ որի 20-օրյա ժամկետում ՀՀ վարչապետին պետք է ներկայացվի Արարատյան դաշտի վերականգնվող ստորերկրյա ջրային ռեսուրսների սահմանված չափաքանակների ապահովման, ռեսուրսավճարների նոր կառուցվածքի, ձկնարտադրության ոլորտում ջրի քանակական նորմերի, ջրային համակարգերում կորուստների նորմատիվների սահմանման վերաբերյալ միջոցառումների ծրագիր: Աշխատանքային խմբում ընդգրկված են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար), ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վ. Գևորգյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Միրումյանը, ՀՀ ԷԵԲՊՆ-ի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Նարիմանյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական  վարչության պետ Կ. Մարգարյանը և <<Հայջրնախագիծ>> ՓԲԸ-ի տնօրեն Յ. Ջավադյանը: Նախարար Արծվիկ Մինասյանը հայտնել է, որ աշխատանքային խմբի անդամներին կփոխանցվեն ոլորտի վերաբերյալ նախարարության ունեցած տեղեկատվությունը և նախկինում իրականացված ծրագրերի արդյունքները` մասնավորապես ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության/ՄԶԳ/ ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները, որի շնորհիվ 2016 թվականին գույքագրվել է 2807 հոր, 14 բնական աղբյուր, 235 ձկնային տնտեսություն: Բացահայտվել են նաև չշահագործվող հորեր, որոնց մի մասից ջրի հոսք է դիտվել: Ներկաներին կտրամադրվեն նաև Բնապահպանության նախարարության կողմից Արարատյան դաշտում ձկնաբուծության առանձնահատկությունները վեր հանած ուսումնասիրությունների արդյունքները` դրանց հիման վրա հաջորդ նիստում առարկայական քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են իրենց մոտեցումները  խնդրի լուծման առնչությամբ: Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց Արարատյան դաշտից ներկայում իրականացվում է 1.6 մլրդ մ³ ջրառ, որից 800 մլն մ³-ը  ուղղվում է ձկնարտադրությանը, 581 մլն մ³-ը` ոռոգմանը, 190 մլն մ³-ը` խմելու, կենցաղային նպատակներով և 29 մլն մ³-ը արդյունաբերական նպատակներով: Ըստ Ա. Մինասյանի` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի վերականգնվող չափաքանակը 1.1 մլրդ մ³ է  և իրականացվող միջոցառումների հիմնական խնդիրը պետք է լինի 1.6 մլրդ մ³  ջրառը համապատասխան մեխանիզմներով իջեցնել 1.1 մլրդ մ³-ից ներքև: Պետք է մշակվի նաև ռեսուրսավճարների նոր կառուցվածք, որը կստիպի տնտեսություններին ավելի արդյունավետ օգտագործել ջրային ռեսուրսները: Նախարարը կարևորել է ջրային համակարգում կորուստների նորմատիվների սահմանումը: Աշխատանքների մեկնարկի համար կարևորվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից համապատասխան տեղեկատվության տրամադրումը թե´ ձկնաբուծական տնտեսությունների գործունեության, թե´ նրանց կողմից իրականացված բնապահպանական բնօգտագործման վճարների մասին:

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գ. Մարտիրոսյանը կարևորել է գիտականորեն հիմնավորված հաշվարկների արդյունքները, որոնց հիման վրա հնարավոր կլինի սահմանել ջրառի այն սահմանափակումները, որի արդյունքում հնարավոր կլինի Արարատյան դաշտի խորքային ջրերի հորիզոնները 5-10 տարվա ընթացքում հասցնել նախկին մակարդակի: Ըստ բանախոսի, նախաձեռնության նպատակը ձկնարատարությանը վնասելը չէ, այլ դրան զուգահեռ հնարավորությունների ստեղծումը, որպեսզի հազարավոր տարիներով Արարատյան դաշտում գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունը փոխանցվի սերունդներին, այլ ոչ թե այդ հողերն աղակալվեն: Առաջնային է համարվել այն սահմանների նախանշումը, որոնք ձկնարտադրության  համար շահավետ  կլինեն և չեն հարվածի բնությանը: Խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են խնդրի լուծման վերաբերյալ իրենց գերատեսչությունների  տնօրինած տեղեկատվությունը և մոտեցումները:

Աշխատանքային խմբի անդամները կարևորել են Արարատյան դաշտի խորքային ավազանի ներկայի վիճակի իրական պատկերի գիտական հիմնավորումը և առկա խնդիրներին սեղմ ժամկետներում լուծում տալու մեխանիզմների մշակումը: Խորհրդակցության ավարտին խորհրդի անդամների միջև բաշխվել են համապատասխան գերատեսչությունների  լիազորությունների շրջանակները ընդգրկող խնդիրները, որոնց վերաբերյալ եռօրյա ժամկետում պետք է տրամադրվի տեղեկատվություն հաջորդ նիստի աշխատանքները կազմակերպելու նպատակով: Հարցերը վերաբերում էին ջրախնայող և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմանը, Ջրային ռեսուրսների ավտոմատ կառավարման համակարգի աստիճանաբար կիրառմանը, «Կոմերցիոն» ջրակորուստների կրճատմանը, ռեսուրսավճարների նոր` պրոգրեսիվ սանդղակի կիրառմամբ կառուցվածքի ձևավորմանը, խրախուսման մեխանիզմների կիրառման միջոցով երկրորդային ջրօգտագործման համակարգի ներդրմանը և այլն:

Աշխատանքային խումբը որոշում ընդունեց հաջորդ նիստը գումարել մեկ շաբաթից:

 

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031