Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարի եղիր բացահայտել բանակի բացթողումները, չենք ուզում հանդես գաս փրկչի կարգավիճակում». Սեյրան Օհանյանին

Հունվար 26,2017 20:15

«Հիմա Սեյրան Օհանյանը մտնում է քաղաքական դաշտ, թող բացատրի ու բացահայտի՝ ինչ է կատարվել ապրիլին»,- իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն այսօր այսպիսի հարցադրում հնչեցրեց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ կապված:

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Եթե մեկը հավակնություն է ներկայացնում ընդդիմադիր դաշտի դիրքերից հանրությանը հայտ ներկայացնել, ինքը պարտավոր է նախ իր համակարգում գտնված ժամանակահատվածում համակարգի խնդիրներն ամբողջովին վեր հանել եւ այդ խնդիրների վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել: Մենք պետք է իմանանք՝ որքանով է եղել իր ջանքը՝ կանխելու այդ հանցագործությունները: Մենք գիտենք՝ բանակն այն կառույցն է, որտեղ կոռուպցիայի ցուցանիշը շատ բարձր է, իսկ  Սեյրան Օհանյանը երկարատեւ տարիներ ղեկավարել է այդ փակ կառույցը: Ապրիլյան բացահայտումների ժամանակ ինքը եղել է ղեկավար դիրքերում եւ որեւէ ջանք չի թափել, որ բացահայտվեն չարաշահումների մեղավորները եւ համապատասխան պատիժ կրեն»:

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի, ապրիլյան սրացման ժամանակ բացահայտված բոլոր հանցագործությունները պետք է բաց դրվեին հասարակության աչքի առջեւ. «Մինչեւ չունենաք հանրության վստահությունը, դուք իրավունք չունեք հանրությունից որեւէ բան պահանջելու: Այս դեպքում մենք չունենք, լիակատար անպատասխանատվություն է: Բոլոր բարձրաստիճան զինվորականները, որոնք ժամանակավորապես հեռացվեցին համակարգից, նրանք մնացել են անպատիժ: Եվ դա մեկ-երկու պաշտոնյայի կամայականության հետեւանք չէր:

Չի կարելի է ասել, որ բանակը մեկ-երկուսի ձեռքում է եղել: Հիմա մենք ունենք ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, որը փորձում է ընդդիմադիր կեցվածք իրեն շնորհել եւ մասնակցել առաջիկա ընտրություններին: Ես կարծում եմ, որ նրա հանդեպ  պետք է հանրային պահանջ հնչի՝ եթե դու դուրս ես եկել համակարգից եւ դու հավակնություն ունես քաղաքական դերակատարման, բարի եղիր բացահայտել այդ համակարգի բոլոր բացթողումները՝ սկսած Մարտի 1-ին բանակի մասնակցության, վերջացրած ապրիլյան սրացումների  ժամանակ տեղի ունեցած մարդու իրավունքների, նաեւ կոռուպցիայի խոշորագույն խախտումները:

Եթե դու դա չես անում, ուրեմն մենք քեզ, որպես քաղաքական գործիչ նախ չենք ընդունում, երկրորդը՝ չենք ուզում, որ հանդես գաս փրկչի կարգավիճակում: Սա շատ կարեւոր ուղերձ է, որը պետք է հանրությունը հնչեցնի, ոչ թե նստի ու ասի՝ լավ, կրկես են սարքել, ես էլ կգնամ մի 5000 դրամ կվերցնեմ: Այստեղից է սկսում պատասխանատվության ինստիտուտը, երբ ակտիվացող ուժերը, որոնք փորձում են իրենց բաժին կարկանդակը վերցնել ու պատասխանատվության խնդիրը չես բարձրացնում, ասում ես՝ լավ, իրենք իրենց բաժին կարկանդակն են վերցնում, ես էլ մի թուլափայ կվերցնեմ, այդտեղ վերջանում է ամեն ինչ»:

Իրավապաշտպանն ասաց, որ եթե Սեյրան Օհանյանը դա չանի, չբացահայտի, կերեւա, որ դա իշխանության համար խաղ խաղալու բաժանում էր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031