Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հակառակ Սեյրան Օհանյանի պնդմանը՝ բանակը մասնակցել է մարտի 1-ի դեպքերին (փաստական զեկույց)

Հունվար 30,2017 17:07

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն օրերս «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում անդրադառնալով Մարտի 1-ի դեպքերին իր առնչությանը վերաբերող հարցին, ասել է. «Այո, ես եղել եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը, մարտի 2-ին ընթերցել եմ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրը արտակարգ իրավիճակի վերաբերյալ: Մարտի 1-ին Զինված ուժերը ոչ մի դերակատարություն չեն ունեցել: Մարտի 2-ից նրանք անցել են Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի կարևոր օբյեկտների պաշտպանությանը, և այնտեղ հստակ երևում է, որ ես խնդրել եմ մեր ժողովրդին պաշտպանել հանդուրժողականություն»:

Այն, որ Մարտի 1-ին Զինված ուժերն, այնուամենայնիվ, ունեցել են դերակատարություն, փաստում է Մարտի մեկի գործով փաստահավաք խմբի անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի հրապարակած զեկույցը: Դրանում նախ վկայակոչվում են օրենսդրական այն նորմերը, որոնք սահմանում են բանակի իրավասության շրջանակում գտնվող գործառույթները: Ասվում է, որ զինված ուժերն իրավասու չեն կամ նրանց ուղղակի արգելվում է մասնակցել ու միջամտել այլ խնդիրների լուծմանը (այդ թվում` քաղաքական, սահմանադրական ու հասարակական կարգի պահպանության ու այլ խնդիրների):

Զեկույցում շեշտադրվում է արտակարգ դրության ժամանակ բանակի ներգրավման հակասահմանադրականությունը.

«2008թ. մարտի 1-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը հրամանագիր է ստորագրել Երևան քաղաքում 20 օր ժամկետով «Արտակարգ դրություն հայտարարելու մասին»: Հրամանագրի ընդունումը հիմնավորել-պատճառաբանել է ՀՀ Սահմանադրական կարգին սպառնացող վտանգը կանխելու և բնակչության իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու նկատառումներով:
Նույն հրամանագրի 3-րդ կետով արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ՀՀ Ոստիկանությանն ու ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Սահմանադրական նորմերի համադրումից ու ուսումնասիրությունից միանշանակ հետևում է, որ ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագրում որպես ղեկավարման իրավական հիմք նշված ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետը և 117-րդ հոդվածի 6-րդ կետը ՀՀ նախագահին ՀՀ զինված ուժերի կիրառման կամ գործադրման լիազորությամբ չեն օժտում:

ՀՀ Սահմանադրության համաձայն, զինված ուժերի գործադրման որոշում կարող էր ընդունվել միմիայն հանրապետության վրա անմիջական հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության, կամ` պատերազմ հայտարարվելու դեպքում, այն էլ` ռազմական դրություն հայտարարելու պարագայում (ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետ):

Ակնհայտ է, որ Արտակարգ դրություն հայտարարելիս զինված ուժերի կիրառման, գործադրման բոլոր սահմանադրական-իրավական հիմքերն իսպառ բացակայել են:

Հետևաբար, նախագահ Ռ. Քոչարյանը Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. հրամանագրով աներկբա դուրս է եկել Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներից, կատարել է գործողություններ, որոնց համար լիազորված չի եղել ոչ Սահմանադրությամբ, ոչ էլ օրենքներով: Արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագրով Երևան քաղաքում մտցրել է ռազմական դրությանը հատուկ սահմանափակումներ (տես` Ռազմական դրության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի է, ը, թ, ժ, ժէ կետերը), բանակը ներգրավել է ներքաղաքական գործընթացներում, կատարել է իշխանազանցություն, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների` առնվազն 10 մարդ է սպանվել, հարյուրավորները վիրավորվել են, ՀՀ քաղաքացիներին, կազմակերպություններին ու պետությանը պատճառվել է միլիոնավոր դրամների վնաս, ճնշվել ու խափանվել են հազարավոր ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքների ու ազատությունների խաղաղ իրականացումը:

Մեր տրամադրության տակ բազմաթիվ փաստաթղթեր, լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլ ապացույցներ կան, որոնք հիմք են տալիս պնդելու, որ մինչ Արտակարգ դրություն հայտարարելու մասին 01.03.2008թ. ՀՀ նախագահի հրամանագիրը, ՀՀ զինված ուժերի կառավարման մարմիներն ու ստորաբաժանումները արդեն իսկ նախապատրաստված ու ներգրավված են եղել հետընտրական քաղաքական զարգացումներին ու նաև մարտի 1-ի ցերեկվա ու երեկոյան իրադարձություններին:

Հետագայում բացահայտվեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանը 23.02.2008թ.-ին ստորագրել է հույժ գաղտնի 0038 հրամանը (հրամանի քաղվածքը հրապարակվել է մամուլում): Այս հրամանի ի հայտ գալու կապակցությամբ 2010 թ. մայիսի 4-ին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, իսկ նույն վարչության ինֆորմացիոն խմբի ղեկավար Լյուսյա Այվազյանը` 1 տարվա ազատազրկման:

Ըստ այդ հրամանի, Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով, ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխվել է զորանոցային վիճակի, ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծվել են սպայական խմբեր, որոնց զինել են տաբելային զենքերով:

ՊՆ թիվ 0038 հրամանը բացարձակ հակասահմանադրական, հակաօրինական է, որով պաշտպանության նախարարն ինքնագլուխ իրավունք է վերապահել ինքն իրեն` Երևանում ձևավորել զինվորական կառավարման նոր մարմին, որին ենթարկեցրել է ՊՆ-ի և ԶՈւ ԳՇ-ի գրեթե բոլոր կարևորագույն վարչություններն ու բաժինները, ընդունել է զինված ուժերի ստորաբաժանումների կիրառման որոշում:

Պնդում ենք, որ այս հրամանի և ԶՈՒ ստորաբաժանումների տեղաշարժի մասին ՀՀ նախագահը չէր կարող անտեղյակ լինել: Առավել հավանական է, որ այդ հրամանն արձակվել է նրա բանավոր կարգադրության հիման վրա: Փաստորեն, մինչև ՀՀ նախագահի 01.03.2008թ. «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հակասահմանադրական հրամանագրի ընդունումը, ՀՀ պաշտպանության նախարարի վերը նշված ապօրինի հրամանով` բանակն արդեն կազմ ու պատրաստ ներգրավված էր քաղաքական իրադարձություններին:

Փաստեր.
ա. Մարտի 1-ին, ժամը 16.09-ին ՊՆ ստորաբաժանումներն իրենց տեխնիկայով տեղակայվում են Հանրապետության հրապարակում: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

բ. Մարտի 1-ին, ժամը 16.11-ին ՊՆ համազգեստներով բանակի ստորաբաժանումները Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց են տեղակայված: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

գ. Մարտի 1-ին, ժամը 16.27-ին Մելիք-Ադամյան փողոցում բանակի ստորաբաժանումները զինվում են ինքնաձիգներով: Երևանի կայազորի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի ծառայողական ավտոմեքենան նույնպես այդտեղ է: Առկա են փաստը հաստատող տեսաժապավեն ու լուսանկար:

դ. Մարտի 1-ին, ժամը 18.14-ին Հանրապետության հրապարակ են բերվում ՊՆ նոր ստորաբաժանումներ՝ ավտոտեխնիկայով: Վկայակոչվածը հաստատվում է տեսաժապավեններով և լուսանկարներով:

ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը փաստահավաք խմբի ղեկավար Վ. Ստեփանյանին ուղղված իր 21.11.2008թ. գրությամբ պնդում է, որ 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններին ՀՀ պաշտպանության նախարարության որևէ ստորաբաժանում չի մասնակցել. «ՀՀ նախագահի 01.03.2008թ. NՆՀ-35-ն հրամանագիրը արձակվելուց հետո, ըստ որի` արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել էր նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից արձակվել է համապատասխան հրաման և հաստատվել է հրահանգ արտակարգ դրության պայմաններում, բնակավայրերում տարվող պարեկապահակակետային ծառայության վերաբերյալ, որի նպատակն է եղել երկրում սահմանադրական կարգի պահպանումը, բնակավայրերում հասարակական կարգի ու կանոնի հաստատումը, պետական կարևորագույն օբյեկտների պահպանությունը և արտակարգ դրության պահանջների կատարումը»:

Այժմ, երբ ՀՀ կառավարության շենքի մոտ, Մելիք-Ադամյան փողոցի վրա, Հանրապետության հրապարակում, Տիգրան Մեծ փողոցի վրա գտնվող շուկայի դիմաց և մի շարք այլ վայրերում մարտի 1-ի կեսօրին և երեկոյան տեղակայված ՊՆ համարանիշներով ավտոմեքենաներն ու ՊՆ անձնակազմի առկայությունը հաստատող փաստերն անառարկելի են, իշխանությունները ինչպե՞ս պետք է հերքեին բանակային տեխնիկայի ու ստորաբաժանումների առկայության հանգամանքը: «Հիմնավորումը՚» սա է. ՀՀ Ոստիկանությունը ավտոտրանսպորտ է խնդրել պաշտպանության նախարարությունից, նրանք էլ տրամադրել են (մարտի 1-ի առավոտյան): Իսկ բանակային ստորաբաժանումների անձնակազմի քողարկման խնդիրը ավելի դյուրին է, քանի որ նրանք նույնպես կրում են ներքին զորքերի զինծառայողների նման դաշտային համազգեստ: Սակայն ՊՆ զինծառայողների դաշտային համազգեստի վրա առկա է ՊՆ-ի համապատասխան տարբերանշան, որն ակնհայտորեն երևում է բազմաթիվ տեսաերիզներում և լուսանկարների վրա:

Գլխավոր շտաբի պետ Ս.Օհանյանը ևս բանավոր հրամանով է լուծել խնդիրը, մինչդեռ ակնհայտ է, որ բանավոր հրամանով կամ հանձնարարականով հնարավոր չէր կարգավորել այդ քանակի տրանսպորտային միջոցների հատկացումը տարբեր զորամասերից ու զորամիավորումներից, այն էլ` տարբեր չափաքանակներով ու տեսականիով:
Բանակը զինվորական ծանր տեխնիկայով և անմիջականորեն մասնակցել է 2008թհետընտրական գործընթացներին.

Դրա մասին են վկայում մեր տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, որոնցում ֆիքսված են ծանր զինվորական տեխնիկայի առկայությունը և մուտքը Երևան` կրկին մինչև արտակարգ դրության հայտարարումը:

առաջին. Փաստահավաք խումբը ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին տեսանյութ է փոխանցել, որտեղ հստակ երևում է, թե ինչպես են մարտի 1-ին, ժամը 16.00-ին Ռազմական ոստիկանության 2 БРДМ-ներ կայանել ՀՀ կառավարության դիմաց` Հանրապետության հրապարակում.

երկրորդ. ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին է փոխանցվել նաև Ռոյթեր գործակալության նկարահանած տեսանյութը, ըստ որի ակնհայտ է դառնում, որ մարտի 1-ին, ժամը 20.00-ին Երևան քաղաք է մուտք գործում БМП-2 մարտական մեքենաների շարասյունը: Զինվորական մասնագետների հաշվարկներով` այդ մեքենաները, իրենց մշտական տեղակայման վայրից՝ 3-րդ բանակային զորամիավորման «ԴՈՒՑ» կոչվող զորամասից, ժամը 20.00-ին Երևանի մատույցներ հասնելու համար պետք է իրենց շարժը սկսեին առնվազն 8-9 ժամ առաջ, այսինքն` մարտի 1-ի առավոտյան ժամը 11.00-12.00-ին: БМП-2 մարտական մեքենաների համար ժամաքանակի նման հաշվարկը փաստահավաք խմբում հաստատել է նաև պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը:

Վկայակոչված փաստերը ի չիք են դարձնում ՀՀ իշխանությունների փորձերը` հերքելու բանակային ռազմական տեխնիկայի, ավտոտրանսպորտի ու անձնակազմի կիրառումը 2008թ. մարտի 1-ի իրադարձություններում` մինչ արտակարգ դրության հայտարարումը»:

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031