Լրահոս
Օրվա լրահոսը

Նորածնի առեւանգում չի եղել

Փետրվար 02,2017 15:00

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ԱՄՆ եւ ՀՀ քաղաքացի Կարեն Հ.-ի հայցն ընդդեմ Լենա Հ.-ի, երրորդ անձ՝ Կենտրոն վարչական տարածքի խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի՝ հայրության ճանաչման եւ երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրում սահմանելու պահանջների մասին: Կա նաեւ հակընդդեմ հայց՝ Լենա Հ.-ն Կարեն Հ.-ի դեմ՝ երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրում սահմանելու պահանջի մասին:

Դատավոր Ռուբեն Ներսիսյանի նախագահությամբ նշանակված նիստին՝ հունվարի 30-ին, խնամակալության հանձնաժողովի ներկայացուցիչը եզրակացությունը չէր բերել, հետեւաբար, դատական նիստը հետաձգվեց:

Ըստ Կարեն Հ.-ի ներկայացուցչի, ՀՀ փաստաբանների պալատի անգամ Գուրգեն Թորոսյանի, Լենա Հ.-ն 2015 թվականի կեսերին կապ է հաստատել Կարեն Հ.-ի հետ եւ տեղյակ լինելով, որ երկար տարիներ ընտանիքը երեխա չի ունենում, առաջարկել է, որպեսզի համատեղ երեխա ունենան, լինի փոխնակ, իսկ երեխայի ծնվելուց անմիջապես հետո կհանձնի նրանց խնամքին ու դաստիարակությանը: Կարեն Հ.-ն չի ցանկացել բնական ճանապարհով սեռական հարաբերություն ունենալ, Լենան առաջարկել է, որ վերջինիս տրամադրվի Կարենի սերմնահեղուկը, որպեսզի արհեստական եղանակով հղիանա: Պայմանավորվածության համաձայն՝ վերջինին Կարենը հանձնել է իր սերմնահեղուկը՝ հղիության գործընթացը սկսելու նպատակով, եւ Լենան կատարել է բեղմնավորման գործընթացը: Երեխան ծնվելուց հետո տասնհինգ հազար դոլար գումար պիտի տրվեր Լենային, նաեւ հնարավորություն՝ ԱՄՆ մեկնելու:

Մինչ Լենայի ծննդաբերելը կողմերը եղել են բնականոն հարաբերությունների մեջ, Կարենը մինչեւ Լենայի ծննդաբերելը՝ հղիության ամբողջ ընթացքում, այնպես էլ՝ ծննդաբերելուց հետո հոգ է տարել նրա մասին:

Անցյալ տարվա ամռանը ծնվել է որդին: Ծննդաբերությունը կեսարյան եղանակով է եղել: Երեխայի ծնվելուց հետո, ըստ բժշկական փաստաթղթերի, Լենան հրաժարվել է երեխային մայրական կաթով կերակրելուց, երեխան սնվել է արհեստական կաթով:
Բուժկենտրոնի տնօրենի պաշտոնական գրության համաձայն, Լենան ծննդաբերությունից հետո ստացել է դեղամիջոցներ, որոնք բացասական ազդեցություն չէին կարող ունենալ երեխայի առողջության վրա՝ կրծքի կաթով կերակրելիս: Սակայն ծննդկանն ինքնակամ հրաժարվել է կրծքով կերակրելուց, որի համար էլ կատարել է գրառում նորածնի վարման քարտում:

Ծննդկանը հիվանդանոցից դուրս է գրվել:


Պայմանավորվածության համաձայն, երեխան հանձնվել է կենսաբանական հոր խնամքին, իսկ Լենան նստելով տաքսի ավտոմեքենա, մոր եւ եղբոր հետ գնացել են իրենց տուն: Ներկայացուցիչն ասում է, որ Կարենը կապ է հաստատել Լենայի հետ, որպեսզի փաստաթղթերի ու ձեւակերպումների հետ ավարտեն իրենց պայմանավորվածությունները, սակայն Լենան ասել է՝ միասին գնան ՔԿԱԳ համապատասխան բաժին՝ հայրությունը ճանաչելու, ինչին Կարենը համաձայնել է: Հետագայում Կարենը պարզել է, որ Լենան իրենից գաղտնի գնացել է ՔԿԱԳ մարմին եւ կեղծ տեղեկություններ ներկայացնելու միջոցով գրանցվել, որպես միայնակ մայր: Ըստ որում, «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասի «Բ» կետով սահմանված կարգով, երեխայի հոր ազգանունը գրառվել է մոր ազգանվամբ, հոր անունը՝ մոր ցուցումով, իսկ երեխայի անունը, ոչ այն, ինչ պայմանավորվել էին ծնվելուց առաջ:

Համաձայն ԱՄՆ-ի համընդհանուր գենետիկական փորձաքննության արդյունքների՝ Կարենը 99,993% հավանականությամբ հանդիսանում է 23.06.2016թ.-ին նորածնի հայրը:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, այն է՝ մարդու առեւանգման հատկանիշներով:

Նշված քրեական գործով նշանակվել է դատագենետիկական փորձաքննություն, համաձայն որի՝ Կարենը 99,976% հավանականությամբ հանդիսանում է հայրը, իսկ Լենան՝ 99,995% հավանականությամբ՝ մայրը:

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ս.Պողոսյանը որոշում է կայացրել «Քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին»:

Ի դեպ, մայրը չի աշխատում, չունի իր անվամբ որեւէ անշարժ գույք, հետեւաբար եւ՝ հիմնական բնակության վայր: Դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 6-ին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

01,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728