Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի ընտանիքի անվտանգությունը` վտանգի տակ

Փետրվար 07,2017 15:42

«Չորրորդ իշխանություն» թերթի տնօրեն Մհեր Ղալեչյանն ու նրա կինը՝ լրագրող Գայանե Խաչատրյանը, տարիներ շարունակ ապրում են ահաբեկման մթնոլորտում: Պատճառը հարևանի՝ Վարդան Հովնիկյանի հետ ունեցած տարածքային վեճն է: Վարդան Հովնիկյանը տարիներ առաջ հաջողացրել էր ապօրինաբար, կեղծ հատակագծի միջոցով խարդախությամբ սեփականաշնորհել լրագրողների տանը պատկից այն տարածքը, որը մշտապես նրանց ընտանիքի տիրապետության տակ է եղել և նրանց կողմից արդեն շատ վաղուց սեփականաշնորհված է եղել:

Հարևանին պատկանող այդ տարածքի հանդեպ Վարդանի թուլությունն այնքան մեծ է, որ նա մշտապես ահաբեկման մթնոլորտում է պահում Ղալեչյաններին և նույնիսկ չի խորշում հանցավոր արարքների դիմել: 2012թ. սկզբներին Հովնիկյանը ինքնակամ, խախտելով ՀՀ գործող օրենքները, հանեց 2 հողամասերը սահմանազատող բաժանարար ցանկապատը, վերացրեց իր ելքի աստիճանները, տեղում հարթակ կառուցեց և իր համար անցուղի դարձրեց Ղալեչյանների տան շեմքն այնպես, որ մուտքի դուռը բացելիս՝ Վարդանի ճանապարհը փակվում է: Նման դեպքերում Հովնիկյանը մոլեգնած հարձակվում և ոտքի ուժգին հարվածով դուռը փակում է: Եթե այդ պահին դռան մոտ կամ հետևում մարդ է լինում, ապա նա հայտնվում է կյանքի և առողջության համար վտանգավոր իրավիճակում: Այդպես 2015թ. ընթացքում Վարդանը 3 անգամ հարձակվել է դռան վրա և մարմնական վնաս պատճառել Գայանեին:

Aravot.am-ի հետ զրույցում Մհեր Ղալեչյանը պատմեց. «Վերջին 2 դեպքում դիմեցինք ոստիկանություն: Փաստի առթիվ հարուցվեցին ՀՀ քր.օր. 118, 117 հոդվածների հատկանիշներով թիվ 14142015 և 14144315 քրեական գործերը, որոնք միացվեցին 1 գործի մեջ: Այդպիսով քննիչ Խ. Նավասարդյանը և գործը հսկող դատախազ Կ. Բարսեղյանը հնարավորություն ունեցան քողարկել Հովնիկյանի արարքը և դատարանի քննությանը ներկայացնել միայն նրա կատարած 1 հանցագործությունը, այն է՝ 12.07.2015թ. կատարված դեպքը»: Պարոն Ղալեչյանը հայտնեց, որ ինչպես նախաքննության ժամանակ, այնպես էլ դատարանում, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն չի կատարվում. «Արդեն մի քանի գործով դատախազ Կարեն Բարսեղյանը հովանավորել է Հովնիկյանի առերևույթ հանցագործությունները և նրան փրկել օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունից, անգամ այն ժամանակ, երբ Հովնիկյանը` իր որդու հետ, հարբած վիճակում հարձակվել էր մեր տան վրա, ներխուժել տուն, կոտրել դուռը, կահույքը, պատուհանների ապակիները և այլն: Նպատակ ունենալով վախեցնել ինձ և ինձնից հաշտության համաձայնություն կորզել ու այս անգամ ևս ազատել Վարդանին պատասխանատվությունից՝ քննիչը և դատախազն առանց որևէ ապացույցի Վարդանի դստեր` Մարիամ Հովնիկյանի սուտ մատնության հիման վրա շինծու, արհեստածին մեղադրանք են առաջադրել ինձ, իբրև թե ես գետնին հարվածել և կոտրել եմ Մարիամի բջջային հեռախոսը: Ու որպես ապացույց, մի ջարդված սենսորով բջջային հեռախոս են ներկայացրել: Ու վերջ: Այդքանը բավարար են համարել ինձ մեղադրանք ներկայացնելու համար: Բնականաբար, չկան մատնահետքեր, այսինքն` նույնիսկ հարկ էլ չեն համարել այդ հեռախոսի վրա մատնահետքերի առկայության փորձաքննություն անցկացնել, քանի որ գիտեին, պատասխանը լինելու էր այն, որ ոչ մի մատնահետք էլ չկա: Բացի այդ, առկա է դեպքի 2 տարբեր տեսաձայնագրություն, որտեղ ծայրեծայր երեւում է`ինչ է տեղի ունեցել, եւ դրանով էլ չի հաստատվում մեղադրանքը»:

Մհեր Ղալեչյանի փոխանցմամբ` դատավոր Դավիթ Գրիգորյանը նույնպես անհասկանալի, Հովնիկյանին հովանավորող վարքագիծ է դրսևորում. «Նա չի ընդունում մեր միջնորդությունները` նույնիսկ դեպքին ականատես վկաներ դատարան հրավիրելու վերաբերյալ: Դրանով նա ջուր է լցնում դատախազի և, իհարկե, Հովնիկյանի ջրաղացին: Այդ բացահայտ խտրական վերաբերմունքով նա խախտում է իմ արդար դատաքննության իրավունքը: Այսպես շարունակվելու դեպքում ես ստիպված կլինեմ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»:

Մեր հարցին` հնարավո՞ր է նման խտրական վերաբերմունքը կապ ունի Մհեր Ղալեչյանի` ընդդիմադիր մամուլի ներկայացուցիչ լինելու հանգամանքի հետ: Նա պատասխանեց. «Հնարավոր է, թեև ես այդ մասին չեմ մտածել, քանի որ Վարդանն ակնհայտ հովանավորված անձ է: Նա նույն հանցավոր, դատապարտելի վերաբերմունքն ունի նաև այլ հարևանների հանդեպ: Վերջերս նրա մեղքով նույն դատավոր Դավիթ Գրիգորյանը մեղադրական դատավճիռ հրապարակեց մեր հարեւաններից մեկի` բանակում ծառայած և վիրավորված, մի խելացի, հանգիստ, կրթված երիտասարդի նկատմամբ, ինչի համար մեր բոլորի սիրտը ցավում է: Իսկապես, Վարդանը չարիք է դարձել մեր փողոցի համար: Ամենազարմանալին այն է, որ հողի դատը վարչական դատարանում ավարտվեց հօգուտ մեզ: Այսինքն, վճիռը հերթական անգամ ցույց տվեց, որ մենք ընդամենը փորձել են պաշտպանել մեր իրավունքները, զերծ պահել Հովնիկյանին մեր տան հանդեպ ոտնձգություններից: Այդ անձնավորությունը արդեն դատարանի վճռով նաեւ իրավունք չունի մեր սեփականության հանդեպ, բայց դատախազության հետ ձեռք ձեռքի տված, վրեժխնդրության մոլուցքի մեջ ընկած, որոշել են ինձ վնաս հասցնել, մի հոդված վրաս դնեն, գոնե այդպես մի քիչ սրտները հովացնեն»:

Մհեր Ղալեչյանը վրդովված է, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել 1 մարդու սուտ ցուցմունքի հիման վրա, առանց որևէ ապացույցի, ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին, իսկ դատարանը որպես ապացույց չի ընդունել դեպքի տեսաձայնագրությունները, որոնցով հստակ բացահայտվում է արդարությունը: Պարոն Ղալեչյանը նշում է, որ մի քանի սեմինարների մասնակցության հրավերներ է ստացել արտասահմանից, բայց այս շինծու մեղադրանքի պատճառով չի կարողացել մեկնել: Նա գտնում է, որ այս դատական տևական գործընթացը ոտնահարում է իր պատիվը, արժանապատվությունը և բարի անունը: Հավելենք նաև, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 20-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728