Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԿ-«Ծառուկյան Դաշինք» բանակցությունները շարունակվում են «Գլխավոր հարցը մասնակցության խնդիրն է». ՌԱԿ ատենապետ

Փետրվար 07,2017 19:44

Դաշինքով ընտրություններին մասնակցելու մասին Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության ատենապետ Հակոբ Ավետիքյանի հայտարարությունից հետո ՌԱԿ-ի անունից ներկայացող տարբեր կառույցների ներկայացուցիչներ քննադատող գնահատականներ տարածեցին:

Այսօր էլ ՌԱԿ փոխատենապետ ներկայացող Լեւոն Բլխյանը ներկայացրեց իր քննադատությունը Ավետիքյանի որոշման վերաբերյալ՝ պնդելով, որ մինչ Ավետիքյանը «Ծառուկյան Դաշինքի» հետ բանակցություններ է վարում ընտրություններին մասնակցելու ձեւաչափի վերաբերյալ, իրենք, որպես իրական ՌԱԿ կենտրոնական վարչություն, նման որոշում չեն կայացրել:

Հակոբ Ավետիքյանն էլ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Լեւոն Բլխյանը եւ նրա ընկերները իրավունք չունեն ասել, թե մենք ինչ անենք ու ինչպես վարվենք, ում Դաշինքով կամ առանց Դաշինքի մասնակցենք ընտրություններին, թե՞՝ոչ: Կարող են շատ-շատ խորհուրդ տալ, բայց դեմ լինել, կամ կողմ լինելը չենք ընդունում, որովհետեւ մեր կուսակցությունը Հայաստանում պետականորեն ճանաչված կուսակցություն է, գործում է ՀՀ Սահմանադրության, համապատասխան օրենքների ու իր կանոնադրության համաձայն: Դրսից չի ղեկավարվում այս կուսակցությունը, առավել եւս, որ երեք, չորս տարուց ավելի Բլխյանն ու իր ընկերները ապրում են Հայաստանում, ունեն ՀՀ քաղաքացիություն, սիրիահայ են եւ եթե ուզենային որոշում կայացնողներ մեջ լինել, պետք մտնեին մեր կառույց եւ իրենց դիրքորոշումը հստակեցնեին, կռվեին, դա իրենց իրավունքը կլիներ, բայց ոչ մեր կառույցի անդամն իրավունք չունի խառնվել մեր գործերին»:

Հակոբ Ավետիքյանն ասաց, որ «Ծառուկյան Դաշինքի» հետ բանակցությունները դեռ շարունակում են, հստակ որոշում չունեն. «Ե՛ւ ձեւաչափի, ե՛ւ մասնակցության շուրջ ենք բանակցում, մասնակցելու խնդիր ունենք, գլխավոր հարցը մասնակցության խնդիրն է»:

Մեր հարցին՝ ինչը կարող է բացառել իրենց մասնակցությունը, պարոն Ավետիքյանը պատասխանեց, թե պետք է հստակ իմանան՝ ինչ պայմաններով են մասնակցելու Դաշինքի կազմում, յուրաքանչյուրը որքան ձայն պետք է բերի եւ մի շարք այլ հարցեր, ինչից հետո կորոշեն՝ մասնակցել, թե՝ ոչ:

Ըստ նրա, բանակցությունները կավարտվեն առաջիկա երկու օրերին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728