Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրիտը» պարտք է անգամ «Ստեփանավանի ԼԻՊՈ պանրագործարանին»

Փետրվար 15,2017 11:41

Չեն ուզում, որ «Նաիրիտն» առողջանա.
այս համոզմանն են «Նաիրիտի» նախկին աշխատակիցները

«Նաիրիտ» գործարանն առողջացնելու նաիրիտցիների բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.11.2016 թվականի վճռով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ճանաչվեց սնանկ: Այս պահի դրությամբ «Նաիրիտն» ունի 292 պարտատեր, որոնց գումարները պետք է վճարվեն գործարանի գույքի վաճառքից առաջացած գումարներից:

Երեկ նույն դատարանի շենքում տեղի ունեցավ պարտատերերի առաջին ժողովը: Եվ չնայած «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ նշանակված Կարեն Ասատրյանի այն պնդումներին, որ անգամ լուծարման գործընթաց սկսելուց հետո պարտապանը, այսինքն` գործարանը, հնարավորություն ունի նաեւ առողջանալու, այդուհանդերձ՝ «Նաիրիտի» նախկին տնօրենն ու աշխատակիցները համոզված են, որ գործարանն այլեւս ոտքի չի կանգնի: Նրանց խոսքերով՝ պետությունը միտումնավոր «Նաիրիտը» սնանկացման է տանում, որպեսզի հարցը մեկընդմիշտ փակվի:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի խոսքով՝ մի կողմից կառավարությունը առողջացման ծրագիր է պահանջում ու քննարկում, մյուս կողմից` սնանկության գործընթաց է սկսում ու ցուցակ կազմում վաճառված եւ վաճառվող սարքավորումների։ Ըստ նրա՝ թթվածնի արտադրամասից արդեն ապամոնտաժել են պահեստային սարքավորումը. «Միշտ էլ պետք է եղել պահեստային սարքավորումը, դա նրա համար էր, որպեսզի միշտ կարողանանք աշխատեցնել, սակայն արդեն պարզ է դառնում, որ գործարանն աշխատեցնելու միտք բոլորովին չունեն»:

Երեկ խորհրդի կազմում ընդգրկվեցին խոշոր պարտատերերը` ֆիննախը, ՊԵԿ-ը, «Հայբիզնեսբանկը», Երեւանի ՋԷԿ-ը, «Գազպրոմ Արմենիան» եւ այլն: Բացի խոշորներից՝ գործարանը նաեւ պարտք է Հրազդան Ցեմենտին, «Նաիրիտ 2»-ին, Արմավիրի հաստոցաշինական գործարանին, Էրեբունի կոնյակի գործարանին, ԳԱՄՄԱ ՍՊԸ-ին, Սամվել Հարությունյան Ա/Ձ-ին, Իջեւանի բենտոնիտ կոմբինատին, «Հզոր Արգիշտի» ՍՊԸ-ին, անգամ «Ստեփանավանի ԼԻՊՈ պանրագործարանին»:

«Առավոտի» հարցին, թե ընդհանուր առմամբ որքա՞ն է կազմում «Նաիրիտի» պարտքը, սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ մեկ առ մեկ նշված է պարտքի չափը, սակայն հանրագումարը դեռ չկա: Պարոն Ասատրյանը չգիտեր նաեւ, թե գործարանը որքան գումարի գույք ունի, քանի որ գույքագրման գործընթացը նոր է սկսվել եւ դեռ շարունակվում է:

Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանից հետաքրքրվեցինք, թե նրա հաշվարկներով՝ «Նաիրիտը» որքա՞ն գույք ունի, եւ արդյոք այն վաճառելով կմարվի՞ բոլոր պարտատերերի պարտքերը, Պարոն Իսրայելյանը պատասխանեց. «Եթե օտարումը բարեխղճորեն կազմակերպեն, կստացվի 40-50 միլիոն դոլար։ Իսկ պարտքը 100 միլիոն դոլար է։ Եթե արվի սովորականի պես, գույքի վաճառքից կմնա մոտ 20-25 միլիոն դոլար։ Մենք հակառակն ենք ցանկանում, որ պարտատերերը մտածեն առողջացման ծրագրերի մասին, որովհետեւ պարզ է` «Նաիրիտի» գույքը վաճառելով պարտատերերը կստանան ընդամենը 20 տոկոսը»:

Երեկ Կարեն Իսրայելյանը, որին էլ գործարանը աշխատավարձի դիմաց պարտք է 784 հազար դրամ, առաջարկեց «Նաիրիտը» սնանկության տանելու գործընթացը դադարեցնել եւ քննարկել կառավարություն ներկայացրած գործարանի առողջացման ծրագիրը: Քանի որ, ըստ պարոն Իսրայելյանի, հենց այդ խոշոր պարտատերերն էլ` «Գազպրոմ Արմենիան», Երեւան ՋԷԿ-ը եւ այլն, պետք է շահագրգռված լինեն, որպեսզի «Նաիրիտն» աշխատի:

Կառավարիչ Ասատրյանը դիմեց դատարանում ներկա գտնվող խոշոր պարտատերերի ներկայացուցիչներին` առաջարկելով Կարեն Իսրայելյանի առաջարկն ընդունել ի գիտություն: Սակայն նրանցից որեւէ մեկն այդ պահին չարձագանքեց:
Կառավարիչը հայտնեց, որ Սնանկության մասին օրենքի համաձայն՝ պարտապանի ֆինանսական առողջացման ծրագիր դատարանում չի ներկայացվել, եւ այդ ներկայացման ժամկետը լրացել է, ուստի օրենքի համաձայն՝ լուծարման գործընթացը պետք է սկսվի:
Դատարանի դահլիճում ներկա էին նաեւ գործարանի նախկին աշխատակիցները, որոնք ոչ մի կերպ չէին ուզում հաշտվել գործարանի, նրանց խոսքերով ասած՝ «խորհրդային տարիներին գիգանտ համարվող, հիմի էլ պոտենցիալ մրցունակ ապրանք արտադրող «Նաիրիտի» մաս-մաս անելու» հետ: Նաիրիտցիների խոսքերով՝ կառավարության սեղանին դրած առողջացման ծրագիրը, որն այդպես էլ անարձագանք մնաց, միանգամայն ի զորու էր գործարանի վերագործարկման խնդիրը լուծելու, քանի որ ներդրող Աշոտ Գրիգորյանը, որը նաեւ Եվրոպական հայերի ֆորումի նախագահն է, պատրաստակամություն է հայտնել փուլ առ փուլ ներդրումներ անել եւ գործարանը ոտքի կանգնեցնել: Սակայն քանի որ պետական մակարդակով ներդրողին լսող չկա, նաիրիտցիները համոզված են, որ գործարանի լուծարումը հենց պետական մակարդակով է որոշված, հակառակ դեպքում պետությունը կարող էր որոշ պարտքեր, որոնք պետական մարմիններին էր, համաներում անել ու հնարավորություն տալ գործարանին ոտքի կանգնելու: Այժմ, երբ սարքավորումները վաճառվեն, գործարանի աշխատելու շանսերը իսպառ կվերանան:

Ի դեպ, երեկ ներկա էին աշխատակիցներ, որոնց չէին ընդգրկել պարտատերերի ցուցակում, մինչդեռ նրանց էլ գործարանը միլիոնների պարտք ունի: Այս առնչությամբ երբ դատարանում ցուցակից դուրս մնացած քաղաքացիները հարց բարձրացրին, կառավարիչ Կարեն Ասատրյանն ասաց, որ օրենքը թույլ է տալիս մինչեւ սնանկության գործի ավարտը ներկայացնել պահանջներ. «Ցանկացած փուլում իրավունք ունեք ձեր պահանջը ներկայացնելու, այսինքն` քանի դեռ ավարտված չէ սնանկության վարույթը, դուք կարող եք ներկայացնել»:

Նաիրիտցիները որոշեցին կրկին դիմել վարչապետին` լուծարման գործընթացը կասեցնելու հորդորով:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

15,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728