Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն առաջարկում է օրենքով դատապարտել 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը

Փետրվար 21,2017 16:18

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից այսօր՝ փետրվարի 21-ին, շրջանառության մեջ է դրվել «1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ ՉՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում Ռուսաստանի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետության (ՌՍԴԽՀ) կառավարության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջև կնքված «Բարեկամության ու եղբայրության մասին» պայմանագրի` Հայկական պետականությանը վերաբերող ապօրինի հոդվածները:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված «Բարեկամության մասին» պայմանագրի (Հայկական ՍԽՀ, Վրացական ՍԽՀ, Ադրբեջանական ՍԽՀ` մի կողմից, և Թուրքիայի միջև` մյուս կողմից, ՌՍԴԽՀ մասնակցությամբ)` հայրենի բնօրրանի բռնազավթումը վավերացնող հոդվածները:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետությունը դատապարտում և չի ճանաչում 1922 թվականի մարտի 16-ին քեմալական Թուրքիայի ու Խորհրդային Ռուսաստանի և 1922 թվականի մարտի 20-ին Խորհրդային Հայաստանի կառավարության կողմից Կարսի պայմանագրի վավերացումները:

Հոդված 4. Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնազավթված հայրենի բնօրրանում Հայկական պետականության վերականգնման իրավունքը:

Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունը հայրենի բնօրրանի տարածքներին վերաբերող միջազգային օրինական պայմանագրերից ճանաչում է Սևրի հաշտության պայմանագրի Հայաստանի վերաբերյալ դրույթները, վավերական է համարում ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի` 1920 թվականի նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը և միջոցներ է ձեռնարկում կենսակոչելու ուղղությամբ:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728