Լրահոս
Օրվա լրահոսը

Չի ճշտվել, թե արյունոտված կինոդերասանը որտեղ է ստացել վնասվածքները՝ ոստիկանության բաժնո՞ւմ, թե՞ դեպքի վայրում վիճաբանության ժամանակ

Մարտ 03,2017 14:30

«Պոնչոյի գործով» դատավորը՝ վկային. «Երկու ճիշտ լինել չի կարող. ճիշտը մեկն է»

Ճանաչված կինոդերասան Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» գործով վերջապես Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացան վկաներից Ջուլիետա եւ Դիաննա Գալստյանները: Նրանք տատ ու թոռ էին, այս քրեական գործով տուժող ճանաչված Ռուբեն Գալստյանի մայրն ու դուստրը:

Դատարանը մի քանի անգամ փորձել էր բերման որոշումով նրանց նիստերի մասնակից դարձնել, քանի որ նախաքննության փուլում նրանք ցուցմունք էին տվել, թե ականատես են եղել տուժող հարազատի եւ Վահագն Սիմոնյանի միջեւ ծագած վեճին, որի ժամանակ տեսել են, թե ինչպես է դերասանը քարով եւ էլեկտրաշոկով հարվածել Ռուբենին:
Դեպքը տեղի էր ունեցել 2015թ. օգոստոսի 24-ին: Ըստ տարեց վկայի՝ Ջ.Գալստյանի՝ հայհոյանքներ է լսել, մոտեցել է տան պատուհանին, տեսել է, որ «խելոքը»՝ Վահագնը, հայհոյում է որդուն, որը ավտոտնակում էր, եւ նրան ասում էր՝ «գնա, հեռու»:
Ապա տեսել է, որ ամբաստանվողը՝ Վահագնը, քար է վերցրել եւ հարվածել. «Աչքերիս առջեւը սեւացավ, մեռած վիճակով հասա»: Ու վկան մոտ կես ժամվա ընթացքում չորրորդ հարկից իջել է բակ: Ըստ վկայի, տանն այդ ժամանակ եղել են ինքն ու թոռնուհին:
Եղանակն, ըստ այս վկայի, անձրեւային էր, իսկ պատուհանները՝ բաց: Պատասխանելով դատախազի հարցերին, վկան հայտնեց, թե բակում ոչ մեկն այդ պահին չկար, միայն «Փեթակի» ժողովուրդն էր: «Տղայիս տարան քաղմաս, իսկ «հերոսը» նստել է սկոռի ու փախել»,- ասաց վկան:
Ամբաստանյալի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լիաննա Բալյանի հարցերին պատասխանելիս վկան զայրանում էր: Երբ պաշտպանն ասաց, թե նկարագրիր այրող սարքը, որով վնասվել էր նրա որդին, կամ ժամը քանիսն էր, վկան զայրացավ, թե մոտը ժամացույց չի պահել: Իսկ երբ փաստաբանը հարցրեց, թե՝ տեսե՞լ ես ինչ հեռավորությունից է ամբաստանյալը հարվածել որդուդ, նա պատասխանեց, թե մետր չունի, որ չափեր: Մինչդեռ, այս հարցերը ականատես վկային տրվում էր, որպեսզի հաստատվեր, թե իրոք նա գտնվել է դեպքի վայրում վեճի ժամանակ, ու վկա չեն ճանաչել «պատուհանից նայելու» եւ այլոց պատմածները «լսելու» համար: Ծնկի ցավից դժգոհող վկայի հետ զգույշ էին խոսում, իսկ տղան էլ երբեմն «ինսուլտ» բառն էր օգտագործում՝ «մորս հանկարծ ինսուլտ չխփի, հերիք է»: Վկայն լսել էր նաեւ, թե ինչպես է աներոջ տուն գնացած ամբաստանյալը սպառնացել. «Ամբողջ շենքը քարուքանդ կանեմ»:
Վահագն Սիմոնյանը հրաժարվեց հարցեր տալ վկային, ասելով՝ դաստիարակությունս թույլ չի տալիս:

Երբ հրապարակվեց վկայի՝ 2015 թվականի սեպտեմբերի 28-ի նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը, պարզվեց, որ այն ժամանակ էլ վկան ասել էր, թե չի տեսել տղային քարով ու էլեկտրաշոկով հարվածելու պահը: Դատավորի հարցին, թե որ ցուցմունքն է ճիշտ՝ դատարանում տրվա՞ծը, թե՞ քննիչի մոտ տրվածը, վկան պատասխանեց. «Բոլորն էլ ճիշտ են»: Իսկ դատավորը նկատեց. «Երկու ճիշտ եղավ: Ճիշտը մեկն է, տիկին»:
Հաջորդ վկան՝ տուժողի դուստր Դիաննան ասաց, թե մեկ տարուց ավելի է, ինչ Ղարաբաղում է մնում, սակայն հասցեն այդպես էլ չասաց, որովհետեւ … չգիտեր: Նա ասաց, թե մայրիկի հետ դեպքի օրը բարձրացել են տուն, որտեղ տատիկն էր: Եղանակը տաք էր, պատուհանը՝ բաց: Ավտոտնակի կողմից լսված ձայներից դուրս է նայել, պատուհանից նկատել, թե ինչպես է Վ. Սիմոնյանը «հողից քարը» վերցրել ու հարվածել հոր գլխին: Նա ցույց տվեց՝ գլխի աջ կողմը, ետեւի մասը: Երբ արագ իջել է ցած, մեկ-երկու րոպեի ընթացքում, բակում տեսել է Վահագնին, հորը: Հայրն ասում էր՝ «գնա ստեղից»: Ի դեպ, պատուհանից տեսել էր նաեւ փոքրիկ սարքը, որը հորն էր մոտեցրել ամբաստանյալը, իսկ հայրը հրել է, որպեսզի այն չկպչի: Դերասանի պաշտպանը խնդրեց նկարագրել սարքը. թոռն էլ տատի նման չկարողացավ նկարագրել: Փաստաբանը հարցրեց. «Կրակայրի՞չ էր, արդո՞ւկ», ինչը ժխտեց վկան: Դիաննան ասաց, որ զանգել է եղբորը, որպեսզի գա բակ, ուր այդ ժամանակ ոստիկաններն էին: Վկան չէր հիշում, թե ամբաստանյալի հետ այլ անձ եղել է, թե ոչ:

Չէր հիշում նաեւ, թե Վահագնի հագուստը արյունոտ էր, թե ոչ: Ի դեպ, երբ հրապարակվեց նրա նախաքննության ժամանակ տրված ցուցմունքը՝ 2015 թվականի սեպտեմբերի 14-ին, պարզվեց, որ իջել է բակ, առանց հեռախոսի, պարզվեց, որ բակում վիճաբանությանը ներկա էին եղբայրը, վիճող հարեւանն ու հայրը. «Ամենավերջում եկան մայրս ու տատս»: Նաեւ ցուցմունք էր տրվել մի դրվագի մասին, որը կողմերը կարծես ուշադրություն չդարձրեցին. վեճի ժամանակ նա գնացել է ամբաստանյալի աներոջ՝ Համլետի բնակարան, զրուցել նրա հետ:

Դատարանն էլ փորձեց պարզել՝ ի վերջո, եղբայրը վիճաբանության մասնակից եղե՞լ է, թե՞ ոչ, դեպքի վայր ինչպես է կանչել քույրը, երբ իր ասելով բակ էր շտապել առանց հեռախոսի: Առաջին անգամ հնչեց. «դե, բակից դժվար չէր հեռախոս գտնելը», փորձեց վիճակը փրկել վկան, սակայն արժանահավատ չէր կարող լինել ասվածը մեկի, որն անգամ իր հարեւաններին չէր ճանաչել՝ ծնվել եւ մեծանալով այդտեղ…
Պարզ չդարձավ, թե վկայի եղբայրն ի՞նչ գործողություններ է արել, միջամտե՞լ է, հանգստացրե՞լ, հարվածե՞լ, եթե անգամ ընդունենք, թե մատներով է վկան զանգել ու կանչել եղբորը:

Վկայի հարցաքննությունից հետո կինոդերասանը հրաժարվեց ցուցմունք տալ, ասելով, թե վատ է զգում այս մեղադրանքից, որ նման դեպք չի եղել, ոչինչ չի հիշում:
Դատավոր Գ. Պողոսյանը հայտնեց, թե նախաքննության ժամանակ էլ Վ. Սիմոնյանը ցուցմունք չի տվել, հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին: Իսկ չհիշելու հետ կապված հարցրեց, թե հնարավոր է, որ դա ոչ սթափ լինելու հետեւանք լինի, կինոդերասանն ասաց, թե առհասարակ մեկ բաժակից ավելի չի խմում. «Կյանքում լինում են դեպքեր, որ չեմ հիշում»:

Պաշտպանը երեք միջնորդություն արեց, որից դատարանը բավարարեց երկուսը՝ դատարան կգա դեպքի օրը Վահագնի կողքին եղած ականատեսը՝ փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը եւ շտապօգնության բժիշկ Վարդան Գասպարյանը, որին ոստիկանության Էրեբունու բաժնից կանչով հրավիրել էին «Պոնչոյին» օգնություն ցույց տալու: Նկատենք, որ նախաքննության ժամանակ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն այդպես էլ չի կատարվել այն, չի ճշտվել, թե արյունոտված Վահագնը որտեղ է ստացել վնասվածքներ՝ ոստիկանության բաժնո՞ւմ, թե՞ դեպքի վայրում վիճաբանության ժամանակ, արդյոք ստացե՞լ է, ի՞նչ աստիճանի, ի՞նչ բնույթի:

Երկու միջնորդություններին առարկություն արեց մեղադրողը, մի դեպքում մեղադրելով, թե փաստաբանը «զարտուղի» ճանապարհներով, ոչ իրավաչափ գործողություններով փորձ է կատարել ներգրավվել որպես պաշտպան, եւ «նման վարքագծով չի կարող օբյեկտիվ ցուցմունք տալ», ինչի կապակցությամբ «բռնկվեց» նախագահողը. «Մեղադրողը ընդունեց, որ ականատես է: Կարծես թե փորձ արեց գնահատել վկայի ցուցմունքը»: Երկրորդ առարկությունն էլ շտապօգնության բժիշկների գալուն էր վերաբերում: Մինչդեռ, տվյալ միջնորդությունն անելիս Լիաննա Բալյանը շեշտեց. «Նշված բժիշկը, բուժքույրը նախաքննության փուլում չեն հարցաքննվել, անընթեռնելի են այն գրառումները, որտեղ նրանք կարծես թե խոսում են Վ. Մարտիրոսյանին ցույց տված օգնության մասին»:
Երրորդ միջնորդությունը վերաբերում էր տուժողի կնոջը դատարան հրավիրելուն, ինչի կապակցությամբ դատավորն ասաց, թե ձեռք չեն բերվել ապացույցներ, թե վիճաբանության ժամանակ նա այնտեղ է գտնվել: Մինչդեռ, րոպեներ առաջ, հենց տուժողի դուստրն ասաց, թե մայրն ու տատն էլ են գտնվել բակում, իսկ փաստաբանը փորձեց նկար ցույց տալ դատարանին:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

02,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031