Լրահոս
Օրվա լրահոսը

Մովսես Շահվերդյան. «700 հազար ձայն երբեք փողով ոչ ոք չի կարող գնել» (Տեսանյութ)

Մարտ 03,2017 17:59

«Նոր ընտրական օրենսգիրքը, որն իբրեւ թե իշխանության եւ ընդդիմության կոնսենսուսի արդյունք է, բավական անհաջող է: Ես անգամ զարմանում եմ, թե ինչպես է ընդդիմությունը համաձայնվել նման ընտրական օրենսգրքի կիրառմանը: Այս օրենսգիրքն ունի բազմաթիվ թերություններ, որոնց հետեւանքներից մեկն էլ բախումներն ու քարոզարշավը դեռ չմեկնարկած՝ ծեծուջարդերն են»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ, «Ծառուկյան» դաշինքով  առաջադրված պատգամավորության թեկնածու Մովսես Շահվերդյանը՝ անդրադառնալով Արարատի եւ Արագածոտնի մարզերում արձանագրված նախընտրական բախումներին:

Մեր զրուցակիցը չի ընկալում, թե ինչպես կարելի էր  Հայաստանի պայմաններում ներդնել ռեյտինգային ընտրակարգ՝ նկատի ունենալով նաեւ հասարակական հարաբերությունները: Ինքը տեղյակ է, որ Ֆրանսիայում նման ընտրակարգ գործում է: Բայց չի էլ հանդգնում համեմատել Հայաստանն ու Ֆրանսիան: Ռեյտինգային ընտրակարգը մեզանում Մովսես Շահվերդյանը արդարացված չի համարում ու իր տպավորությունն է, որ անգամ օրենսգրքի հեղինակները իրենք էլ մինչեւ վերջ չեն պատկերացրել այս ընտրակարգի եւ օրենսգրքում ներդրված տարբեր դրույթների կիրառումը:

«Ի՞նչ  է նշանակում, որ նույն կուսակցության ռեյտինգային կարգով առաջադրված անդամները վեճեր են ունենում այն պարագայում, երբ հայտարարվում է, որ նրանք նույն կուսակցությունում նույն գաղափարի համար են պայքարում: Դա նշանակում է, որ ռեյտինգային կոչված ընտրակարգը ժամանակից շուտ է, նախապատրաստված չէ, անտեղի է, եւ ընտրական բոլոր խնդիրները առաջանում են ու առաջանալու են այն պատճառով, որ սխալ օրենսգիրք է ընդունվել»,- ասաց մեր զրուցակիցը:

Այս համատեքստում Մովսես Շահվերդյանը չի բացառում, որ  Հայաստանում սպասվող, պայմանականորեն ասված՝ ընտրությունները մեզ կարող են բերել ֆորսմաժորային իրավիճակի՝ խնդիրների առաջ կանգնեցնելով թե՛ հասարակությանը, թե՛ պետությանը:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Պատասխանելով Aravot.am-ի դիտարկմանը, որ առաջարկվող ընտրակաշառքների շեմը հատում է արդեն 100 դոլարի սահմանը, մեր զրուցակիցը նկատեց, որ իշխանության համար ավանդույթի պես բան է դարձել բոլոր ընտրություններին 10-15% ձայն գնելը: Մի այդքան էլ իշխանական լծակներով են ապահովում: Բայց ընդդիմության համար ձայն գնելը Մովսես Շահվերդյանն անթույլատրելի է համարում: Ինքը գիտի՝ կան ընդդիմադիր ուժեր, որոնք փորձել են ու հիմա էլ փորձելու են ձայն գնել: Կոռեկտության սահմանը չի հատում ու չի բարձրաձայնում նրանց անունները: Բայց կարծում է, որ եթե այդ ուժերը ցանկանում են իշխանության մեջ լուրջ լծակներ ունենալ կամ նոր իշխանություն ձեւավորել, պետք է հասկանան, որ գնված 10-15%-ը դեր չի խաղալու: Իրենց պետք է 50-60% ունենալ: Իսկ դա մոտ 700 հազար ձայն է. «700 հազար ձայն երբեք փողով ոչ ոք չի կարող գնել: Իրենք պետք է այնպիսի տեխնոլոգիաներ կիրառեն, որոնք համաժողովրդական շարժում կառաջացնեն եւ համակրանք իրենց հանդեպ: Իսկ դա փողով հաստատ չի լինելու: Հիշեցնեմ, որ երբ մեր կուսակցությունը առաջադրեց Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը, որեւէ գումար չբաժանվեց Դեմիրճյանի կողմից, ամեն ինչ եղավ ինքնաբուխ: Նույնը վերջին նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում էր: Այնպես որ, ժողովուրդը միայն փողով չի կողմնորոշվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031