Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր սուպերմարկետները ժամը 21-ից հետո փակվելու են, 18 տարեկանները առաջնագիծ չեն գնալու. ՕՐՕ-ի ծրագիրը

Մարտ 05,2017 16:01

«Հերի՛ք է, որ մեր քաղաքացիներն ապրեն անարժանապատիվ, հերի՛ք է , որ անարդարությունն ամեն օր բախի նրանց դռները, հերիք է, որ հայ քաղաքացին աղքատության ճիրաններում լինի, հերի՛ք է, որ մենք իշխանություններին հնարավորություն տանք գրպանահատությամբ զբաղվել եւ տարատեսակ տուգանքներով, մոնոպոլիաներով մեզ հարստահարել: Հերի՛ք է»,- ՕՐՕ դաշինքն այսօր ներկայացրեց իր ծրագիրը եւ մեկնարկն այսպես տվեց Արմեն Մարտիրոսյանը:

Նա հայտարարեց. «Մենք գալիս ենք իշխանափոխություն իրականացնելու համար, մենք գալիս ենք մեր արժանապատվությունը վերականգնելու, հայ քաղաքացուն, գյուղացուն հնարավորություն ընձեռելու, որ իր աշխատանքով շենացնի հայ ընտանիքն ու երկիրը, մենք գալիս ենք ու մենք հաղթելու ենք: Մենք խոսելու ենք այն քայլերի մասին, որոնք շատ մեծ ջանք չեն պահանջում, բայց մեծ կամք են պահանջում, մենք այդ կամքն ունենք:

Իսկ թե ինչ քայլեր պետք է անեն, Համախմբում կուսակցության անդամ, պատգամավոր Ստեփան Մարգարյանը ներկայացրեց: Նա ասաց. «Մենք ներկայացնում ենք ընդարձակ ծրագիր: Մենք վստահ ենք, որ այն իրատեսական է: Այն դինամիկ զարգացման ծրագիր է՝ 365 օր անվանումով»: Նա ներկայացրեց ծրագրի առանցքային դրույթները՝ բանակի պայմանագրային զինծառայողի աշխատավարձը բարձրացնել՝ այն հասցնելով 240 հազար դրամ: Սպայական եւ ենթասպայական կազմերի աշխատավարձը 320 հազարից հասցնել 480 հազարի: Նա ասաց, որ այս փոփոխությունները բյուջեի վրա կնստեն 50 մլրդ դրամ ու իրենք գիտեն ինչպես են հայթայթելու այդ գումարը: Դա իրականացնելու արդյունքում նախատեսում են մեծացնել պայմանագրային զինծառայողների քանակը. «Այս քայլերով մենք կկարողանանք 18 տարեկան զորակոչիկներին աստիճանաբար զերծ պահել առաջին գծում ծառայելուց: Դեմոգրաֆիկ խնդիրների լուծման համար մայրական կապիտալի ծրագիրն ենք առաջարկում: Ծնվող առաջին երեխայի պարագայում իրատեսական է միանվագ նպաստը դարձնել 100 հազար դրամ, երկրորդ երեխայի դեպքում՝ 500 հազար դրամ, երրորդի դեպքում՝ 1 մլն, չորրորդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ: Չորրորդ երեխայի ծնվելուց հետո ձեւավորել մայրական կապիտալի անձնական հիմնադրամ, որը ծնողը կարող է օգտագործել իր հայեցողությամբ: Երեխայի ծնվելուց հետո ամենամսյա վճարները երեխայի դարձնել 18 հազար դրամից 30 հազար դրամ եւ ժամկետը 2 տարվա փոխարեն 3 տարի, անկախ նրանից՝ մայրն աշխատում է, թե ոչ: Սա շատ իրատեսական է, եւ մենք սա անելու ենք»:

Նա ասաց, որ մինչեւ 60 մլն շրջանառություն ունեցող բիզնեսները 5 տարով ազատելու են հարկերից: Ըստ «ՕՐՕ»-ի` փոքր բիզնեսը ընտանիքներ են պահում, ու եթե պետությունը չի կարողանում օգնել, գոնե չպետք է խանգարի:

Խոստանում են վերացնել կարմիր գծերը եւ բոլոր տեսակի արհեստական տույժ-տուգանքները: Վարորդն իր ողջ օրվա վաստակը չպետք է մեկ աննշան խախտման պատճառով կորցնի: Տաքսի ծառայությունները եւ ինտերնետային տաքսի ծառայությունները պետք է  ունենան նույն կարգավիճակը եւ նորից մինչեւ 60 մլն շրջանառություն ունենալու դեպքում պետք է ազատվեն հարկերից:

«Սահմանամերձ գյուղերը մենք համարում ենք համահայկական խնդիր»,- ասաց Ստեփան Մարգարյանը եւ խոստացավ, որ իրենք գյուղացուն պետք է պահեն իր հողի վրա: Սպառողական գների համեմատ ուսուցիչների պետական աշխատավարձը շատ ցածր են, աշխատավարձերն ու թոշակները պետք է անպայման ինդեքսավորվեն տարեկան արժեզրկման չափով: Պետք է վերանայվի նոր Հարկային օրենսգիրքը, քանի որ այն աղետալի հետեւանքներ Է ունենալու: ԱԱՀ-ն խոստանում են 20 տոկոսից իջեցնել 18 տոկոսի, որ մրցունակությունն ապահովի: Պետք է ազատվել հսկիչ գներից, որոնք չինովնիկների համար են հնարավորություններ ստեղծում տարատեսակ գործարքների գնալու. «Չի կարելի հանցագործի կանխավարկածով մոտենալ բիզնեսի ներկայացուցիչներին՝ ստեղծելով կոռուպցիոն համակարգ»:

ՕՐՕ-ն խոստանում է արգելել նոր խոշոր սուպերմարկետների կառուցումը, իսկ արդեն գոյություն ունեցող սուպերմարկետների համար աշխատանքային ժամ են սահմանելու մինչեւ երեկոյան ժամը 21.00-ն, որպեսզի դրանից հետո գոնե փոքր խանութները հնարավորություն ունենան աշխատելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031