Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյան. Եգիպտահայերը էական ներդրում ունեն երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում

Մարտ 13,2017 20:11

Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սամեհ Հասան Շուքրին ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Էդվարդ Նալբանդյանն իր ուղերձում արձանագրում է, որ անցած քառորդ դարը եղել է միջպետական հարաբերությունների վերընթաց զարգացման և երկու ժողովուրդների միջև բարեկամության շարունակական խորացման ժամանակաշրջան։

Նախարար Նալբանդյանը շեշտում է, որ եգիպտահայերը պատմականորեն կարևոր դերակատարում են ունեցել Եգիպտոսի նորագույն պատմության մեջ և այսօր էլ էական ներդրում ունեն երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում:

Էդվարդ Նալբանդյանը նշում է, որ հպարտ է, որպես Եգիպտոսում Հայաստանի առաջին արտակարգ և լիազոր դեսպան, անմիջականորեն մասնակցելու մեր միջպետական հարաբերությունների սկզբնավորմանն ու ամրապնդմանը։

Հայաստանի արտգործնախարարը համոզմունք է հայտնում, որ միասնաբար զարգացնելու ու խորացնելու ենք մեր համագործակցությունը՝ հանուն մեր երկու բարեկամ ժողովուրդների բարօրության։

Սամեհ Շուքրին իր ուղերձում նշում է, որ երկու պետությունների ժողովուրդների միջև ջերմ հարաբերությունները գալիս են պատմության խորքից:

Նախարար Շուքրին շեշտում է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը հիմնված են փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա: Եգիպտոսի արտգործնախարարը հավելում է, որ սա հանգեցրել է բազմաթիվ, այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ երկխոսության՝ ի հավելումն երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների:

Սամեհ Շուքրին վստահություն է հայտնում, որ երկու երկրների միջև բարեկամությունը և համագործակցությունը հետագա տարիների ընթացքում կշարունակեն զարգանալ և խորանալ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031