Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետի հետ

Մարտ 21,2017 10:45

Մարտի 20-ին, Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակներում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հելսինկիի Լյութերական-Ավետարանական Մայր Տաճարում հանդիպեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պետ, Տուրկույի արքեպիսկոպոս Կարի Մեկկինենի հետ:

Արքեպիսկոպոս Կերի Մեկկինենի բարիգալստյան խոսքից հետո ներկա հավատացյալներին ու լյութերական հոգևորականներին իր պատգամն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը:

Նորին Սրբությունն իր խոսքում մասնավորապես ասաց. «Այսօր փառք և գոհություն ենք մատուցում առ Բարձրյալ Տերը, որ կրկին առիթ ընծայեց Մեզ այցելելու ձեր գեղեցիկ երկիրը՝ հրավերով Ձեր և Ֆինլանդիայի Օրթոդոքս Եկեղեցու առաջնորդ, Կարելիայի և համայն Ֆինլանդիայի արքեպիսկոպոս Լեոյի` իբրև մեր Եկեղեցիների միջև հաստատված սիրո և եղբայրական հարաբերությունների վկայություն:

Մենք խորին գոհունակությամբ ենք վերհիշում տասներեք տարի առաջ կատարած մեր այցը Ֆինլանդիա, և փառք ենք բարձրացնում առ Բարեգութն Աստված, որ մեր Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները շարունակում են զորանալ ու ամրապնդվել: …Այսօր, երբ աշխարհը կանգնած է տնտեսական, մարդասիրական ու բնապահպանական ճգնաժամերի, ազգային-կրոնական հակամարտությունների և օրեցօր ավելացող անհանդուրժողականության, ահաբեկչությունների, եղեռնական ոճիրների ցավալի փաստերի առաջ, Մենք խորապես մտահոգված ենք մարդկության կյանքին սպառնացող վտանգներով, հրատապ լուծման կարոտ մարտահրավերներով, ինչպես և Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակով: Այդ տարածաշրջանում իսլամական ծայրահեղական խմբավորումների կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների պատճառով նվազում է քրիստոնյաների պատմական ներկայությունը, որոնց թվում են նաև հայկական համայնքներն Իրաքում և Սիրիայում:

Հայ Եկեղեցին միջեկեղեցական և միջկրոնական երկխոսության ճանապարհով իր կարելին է ներդնում հակամարտությունների օջախներում խաղաղության ու կայունության ամրապնդման, մարդասիրական արժեքները հարգելու և ապահով ու ստեղծարար կյանքն անխաթար պահելու կամքի զորացման համար, ինչպես և հնարավորինս օգնություն հասցնում պատերազմական իրավիճակներից տուժածներին, փախստականներին: Մեր Եկեղեցու խաղաղարար գործունեությունը ծավալվում է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում: Այսօր Ղարաբաղի Մեր ժողովուրդը Ադրբեջանի կողմից հրահրվող ամենօրյա պատերազմի վտանգի ներքո, շրջափակման պայմաններում հաճախ իր զավակների արյան գնով է պաշտպանում իր ազատ կյանքը և անկախությունը պատմական իր հայրենիքի՝ Արցախի Հանրապետության: Այս հիմնախնդրի կարգավորման գործում գնահատելի են Ֆինլանդիայի ջանքերը, որը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջին համանախագահներից մեկը, ինչպես նաև՝ այս գործընթացում ներգավված ֆին դիվանագետների գործունեությունը:

…Մեր հանդիպման և միասնական աղոթքի առիթով գնահատանքի և շնորհակալության Մեր խոսքն ենք ուղղում Ֆինլանդիայի Լութերական և Ուղղափառ քույր Եկեղեցիներին՝ հանձինս Ձեր, սիրեցյալ եղբայր, և Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Լեո արքեպիսկոպոսի, Ֆինլանդիայի բարեխնամ իշխանություններին մեր ժողովրդի զավակների հանդեպ դրսևորվող բարյացակամության ու բարեկամության համար, որ արտահայտությունն է մերձավորի հանդեպ տերունապատվեր սիրո պատգամի՝ վկայված ֆին բարեպաշտ ժողովրդի ողջ պատմության ընթացքին և մարդասիրության, որն առաջնորդել է Ֆինլանդիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցու միսիոներական առաքելության աշխարհի տարբեր երկրներ:

Այս հոգենորոգ պահին Մենք աղոթք ենք բարձրացնում քաղաքական ու տնտեսական խնդիրներից ու հակամարտություններից ալեկոծվող աշխարհի խաղաղության համար, որպեսզի մարդկությունը կարողանա կառուցել իր բարօր ու ապահով ապագան: Թող Երկնավոր Տերն ամրապնդի ու զորացնի եղբայրական ազնիվ զգացումներն ու սերն Իր Սուրբ Եկեղեցում, շնորհ և օրհնություն բաշխի Իր Անվանը հավատացող բոլոր քրիստոնյաներին` ի պայծառություն Ընդհանրական մեկ և միասնական Սուրբ Եկեղեցու, այժմ և հավիտյանս. Ամեն»:

Աշխարհում և մասնավորապես Մերձավոր Արևելքում ու Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար միջեկեղեցական աղոթքից հետո Մայր Տաճարի սրահում տեղի ունեցավ նաև երկու եկեղեցապետերի պաշտոնական հանդիպումն ու նվերների փոխանակումը:

Հանդիպմանը ներկա էր նաև Շվեդիայում և Ֆինլանդիայում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան տիար Արտակ Ապիտոնյանը:

 

Մայր Աթոռ ՍԷջմիածին

Հայաստանյայց Առաքելական ՍԵկեղեցի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031