Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Լինելով սկաուտ և ՀՍՇ կոմիտեի անդամ, չեմ օգտագործում սկաուտական համազգեստը»

Մարտ 28,2017 18:06

Օրեր առաջ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ տարածեցին այն մասին, որ Հայաստանի ազգային սկաուտական շարժման՝ ՀԱՍԿ հասարակական կազմակերպության գրասենյակը նախընտրական քարոզչության օրերին ծառայեցվում է որպես Հայ Հեղափոխական Դաշնակցության նախընտրական շտաբ: Նշվում էր, որ Սկաուտական շարժման գրասենյակում փակցված են ՀՅԴ նախընտրական պաստառները, ինչպես նաև ՀԱՍԿ-ում երկար տարիներ տարբեր վարչական պաշտոններ զբաղեցրած, այժմ թիվ 4 ընտրատարածքում ՀՅԴ-ից որպես պատգամավորի ռեյտինգային թեկնածու առաջադրված Բագրատ Եսայանի նախընտրական պաստառները:

Հարցի վերաբերյալ զրուցեցինք ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի և Համաշխարհային սկաուտության կոմիտեի անդամ Բագրատ Եսայանի հետ՝ հասկանալու, թե շրջանառվող լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը:

Եսայանը նշեց, որ խնդրի էությունը հասկանալու համար՝ նախ պետք է անդրադառնա առնվազն երեք հարցի՝ ի՞նչ է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը, ի՞նչ է Համաշխարհային սկաուտությունը և ի՞նչ է ապաքաղաքական պահանջը սկաուտության մեջ:

Ըստ նրա՝ Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ) ստեղծվել է 99 տարի առաջ՝ 1918-ին և Հայաստանում վերահիմնադրվել է 1989-ին: Այն, ինչպես տեղեկացրեց Եսայանը, հիմնականում գործել է Սփյուռքում և եղել է ազգային դաստիարակություն սերմանող սկաուտական կազմակերպություն: «Այն գաղափարակից է եղել ՀՅԴ-ին, քանի որ այդ ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր, և, այո, կար մանկական Պիոներական շարժումը, Սփյուռքում ևս կային տարբեր կազմակերպություններ, տարբեր սկաուտական շարժումներ, որոնց համար, սակայն, ազգային դաստիարակությունը կարծես երկրորդ պլանում էր: Այդ պատճառով էլ որպես գաղափարակից կազմակերպություն՝ ՀՄԸՄ-ը Սփյուռքում միշտ գործել է Դաշնակցության հետ ձեռք-ձեռքի, բայց չի եղել դրան ենթակա կազմակերպություն: Հայաստան վերադառնալուց և Հայաստանի անկախանալուց հետո ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ը որպես իր հիմնական խնդիր` որդեգրեց ՀՀ պարտաճանաչ, գիտակից և կարգապահ քաղաքացիների դաստիարակության գործը: Այս առումով ո՛չ Դաշնակցությունը, ո՛չ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ն երբեք չեն շեղվել իրենց որդեգրած ավանդական այս ուղղությունից»,-ասաց Եսայանը` հավելելով, որ կազմակերպությունը հետագայում անդամակցեց նաև Համաշխարհային սկաուտական շարժմանը:

Անդրադառնալով Համաշխարհային սկաուտական շարժմանը, որի կոմիտեի անդամ է ինքը`Եսայանը, նշեց, որ 1995-ից հետո, երբ սկսվեցին բանակցությունները ՀՍՇ անդամագրվելու համար, սկաուտական շարժման հիմնական պահանջներից էին, որ շարժումը ցանկացած երկրում պետք է լինի ապաքաղաքական, ապառազմական և պետք է ծառայի պարտաճանաչ, գիտակից քաղաքացիների դաստիարակությանը: Այս առումով, ըստ Եսայանի, կարծես որևէ հակասություն չկար: «Հոդվածը, որ լույս է տեսել լրատվամիջոցներից մեկում և հղում է արվում մեր կազմակերպության նախկին մի քանի անդամներին, խնդրո առարկա է դարձնում, թե արդյոք որևէ սկաուտական կազմակերպության շենքում որևէ մեկի նախընտրական շտաբի գոյությունը նշանակում է ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի քաղաքականացում, այսինքն՝ Համաշխարհային սկաուտական շարժման սկզբունքի խախտում: Պաշտոնապես հայտարարում եմ` ինչ-որ ձևով որևէ սկաուտի մասնակցությունը նախընտրական քարոզարշավին, ցանկացած կուսակցության կողմից, ցանկացած երկրում` չի կարող դիտարկվել որպես այդ երկրի սկաուտական կազմակերպության քաղաքականացում: Ընդհակառակը, սկաուտությունը որպես հիմնական խնդիր` իր առջև դնում է ոչ միայն կարգապահ քաղաքացիների դաստիարակությունը, այլև իր կազմակերպության անդամներին տարբեր երկրներում իրենց հասարակության մեջ նախապատրաստում է լիդերությանը»,-ասաց Եսայանը:

Նա նկատեց` պատահական չէ, որ տարբեր՝ հիմնականում արևմտյան երկրներում այդ երկրների քաղաքական, տնտեսական, մտավորական, գիտական էլիտաների մեծամասնությունը կազմում են նախկին սկաուտները: Որպես այդպիսին` Եսայանը բերեց ԱՄՆ ներկայիս պետքարտուղար Ռեքս Ուեյն Թիլերսոնի, Միացյալ թագավորությունների նախկին վարչապետեր Ջոն Մեյջերի և Թոնի Բլերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան կի Մունի օրինակները. «Ես անուններ եմ տալիս, ովքեր թե՛ իրենց երկրների, թե՛ միջազգային քաղաքական ասպարեզում հայտնի դեմքեր են, և երբեք որևէ հակասություն չի եղել, որ նրանք իրենց սկաուտական կազմակերպությունների մեջ լինեն, իսկ հետագայում լիդերություն ստանձնեն որոշակի քաղաքական ուղղություններում: Արդյոք Հայաստանում սկաուտական շարժման անդամներից որևէ մեկին արգելված է մասնակցել նախընտրական քարոզարշավին: Ուղղակի ասեմ՝ ո՛չ, այդպիսի բան չի կարող լինել, մանավանդ` մեր երկրի ընտրական օրենսգիրքը և Սահմանադրությունը նախատեսում են 100 տոկոսով կուսակցական համամասնական ընտրություններ»:

Դրա համար էլ, ըստ Եսայանի, սկաուտական կազմակերպությունից ինքը և մեկ ուրիշը` «ԵԼՔ» դաշինքից, այսօր մասնակցում են քարոզարշավին:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք նախընտրական շտաբ կարող է գոյություն ունենալ գրասենյակի առաջին հարկում, ապա, Եսայանի հավաստմամբ, սկաուտական շարժման անդամներից որևէ մեկը, եթե իր քարոզարշավն իրականացնում է առանց սկաուտական համազգեստի, և դրա ընթացքում չի օգտագործում սկաուտների մարդուժն ու կազմակերպության ֆինանսները, ինչպես նաև եթե սկաուտական կազմակերպությունը հայտարարություն չի անում, որ ինքը սատարում է քաղաքական այս կամ այն գործչին, ուրեմն` նրա նախընտրական արշավը չի կարող համարվել սկաուտության քաղաքականացում. «Սկաուտական շարժումը բոլոր երկրներում շահագրգռված է, որ իր անդամները լինեն աչքի ընկնող քաղաքական գործիչներ և, ընդհակառակը, մտնեն իրենց երկրի պառլամենտները, որպեսզի շատ ավելի մեծ ուշադրություն դարձնեն հասարակության, երիտասարդության հիմնական խնդիրներին: Ես կամ որևէ մեկն, ով ցանկանում է նախընտրական քարոզարշավի ընթացքում օգտագործել սկաուտական գրասենյակի կամ կազմակերպության որևէ տարածք, սեփականություն` պարտավոր է պայմանագիր կնքել կազմակերպության ղեկավար մարմնի հետ՝ տվյալ տարածքը վարձակալելու համար: Ինչը և իմ պարագայում արվել է. ես այդ տարածքը վարձակալել եմ` իմ ու ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչության միջև շատ պարզ հարաբերություն է: ՀԱՍԿ-ը որևէ ձևով չի առնչվում նախընտրական քարոզարշավին, դա իմ նախընտրական քարոզարշավն է և ես` լինելով սկաուտ և ՀՍՇ կոմիտեի անդամ, չեմ օգտագործում սկաուտական համազգեստը, ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի սկաուտները քարոզչություն չեն իրականացնում իմ նախընտրական քարոզարշավին, սկաուտության ֆինանսական միջոցները չեմ օգտագործում և ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի կենտրոնական վարչությունը որևէ քաղաքական հայտարարություն չի արել ինչ-որ թեկնածուի աջակցելու վերաբերյալ»:

Եսայանն, ամփոփելով իր խոսքը, նշեց, որ եթե կա ինչ-որ լրատվամիջոց, պետական մարմին, կազմակերպության անդամ կամ կազմակերպության համար սրտացավ մեկը, որ կասկածի տակ է առնում այս ամենը, կարող է նամակով դիմել սկաուտության ղեկավար մարմիններին և պաշտոնական պարզաբանում ստանալ նրանցից:

Նկատառմանը, որ այնուամենայնիվ պատրաստվում է արդյո՞ք հանել պաստառները գրասենյակից, Եսայանը պատասխանեց, թե՝ ո՛չ, քանի որ ամեն ինչ օրինական է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031