Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ շաբաթ. բացառիկ խոնարհության պատմություն

Ապրիլ 14,2017 14:00

Որ վերանորոգեց ու փրկեց մարդկային մեռնող բնությունը

Ավագ շաբաթվա ընթացքում շատ կարեւոր իրադարձություններ են կատարվում, բայց կա մի առաքինություն, որ ընդգծված անցնում է այս շաբաթվա բոլոր դեպքերի միջոցով: Այդ առաքինությունը կռանալով հասնում է մինչեւ մահվան ու հարության միջոցով բարձրացնում մինչեւ Աստուծո աջ կողմը: Դա կոչվում է խոնարհություն: Ավագ շաբաթը խոնարհության մի բացառիկ պատմություն է, որ վերանորոգեց մարդկային վնասված բնությունն ու հաղթեց մահվան: Եկեք նայենք Քրիստոսի խոնարհության բացառիկ այդ օրինակներին:

Ով որ կամենա մեծ լինել, նա պիտի ծառայի

Երբ որ Տեր Հիսուսը Երուսաղեմ էր բարձրանում եւ իր աշակերտներին պատմեց, որ նա մի քանի օրից պետք է ծաղրվի, ծեծվի, մահվան դատապարտվի ու 3-րդ օրը հարություն առնի, նրան մոտեցավ Զեբեդեոսի որդիների մայրն ու խնդրեց, որ իր երկու որդիները Տեր Հիսուսի արքայության մեջ նստեն իր աջ եւ ձախ կողմերում: Տեր Հիսուսը բացատրեց, որ այս աշխարհի ձեւն է, որ մարդիկ փառք, պատիվ ու իշխանություն են փնտրում ու դրան ձգտում: Բայց մենք այդպես չպիտի վարվենք, որովհետեւ Աստուծո արքայության մեջ կարգը տարբեր է: Այնտեղ կարգը խոնարհությունն է: Տեր Հիսուսն աշակերտներին ասաց. «Ձեզնից ով կը կամենայ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի» (Մտ 20:26-28): Ահա մենք այստեղ տեսնում ենք, որ սիրելու օրենքը խոնարհությունն է՝ խոնարհաբար ծառայել մարդկանց, նրանց բարիքի համար:

Մուտքը Երուսաղեմ ավանակի, այլ ոչ թե սպիտակ ձիու վրա

Խոնարհության հաջորդ չտեսնված օրինակը Տեր Հիսուսի՝ Երուսաղեմ մուտքի ձեւն է: Ծաղկազարդին շատ բան կա սովորելու, բայց մի բան անսովոր է ու բացառիկ ուշադրություն է պահանջում: Նկատեք, որ Աստուծո Որդին՝ Տիեզերքի Թագավորը քաղաք մտավ ավանակի վրա նստած, այլ ոչ թե ընտիր սպիտակ ձիու: Չէ՞ որ այս աշխարհի մեծերը հաղթանակից հետո գրաված քաղաք են մտնում կամ սպիտակ ձիու վրա նստած, կամ շքեղագույն մեքենաների շարասյուներով: Իսկ ամեն ինչի Տերը քաղաք էր մտնում ավանակի վրա նստած: ԽՈՆԱՐՀՈՒԹՅՈՒՆ՝ ահա մեր կյանքի դասը, որ մենք պետք է քաղենք այս օրինակից: Չկա ճշմարտություն առանց սիրո: Չկա սեր՝ առանց խոնարհության:

Թագավորների թագավորը լվանում է իր ծառաների ոտքերը

Ո՞վ է այսպիսի բան երբեւէ տեսել: Աստուծո Որդին կռանում ու լվանում է իր աշակերտների ոտքերը: Ավագ հինգշաբթին, դա օր էր, երբ Աստված խոնարհվեց մարդու առաջ ու լվաց նրա ոտքերը, իսպառ սիրեց մարդուն ու իր մարմինը տվեց նրան, որպեսզի մարդը հաղորդվի աստվածային բնությանը: Մեզ էլ պատվիրեց, որ այդպես սիրենք մեկս մեկին: Մենք պարտավոր ենք իրար ոտքերը լվանալ, պատվիրեց Քրիստոսը:

Նա թողեց, որ մարդն իրեն ապտակի, ծեծի ու ծաղրի

Ո՞վ է տեսել նման բան: Չտեսնված բան էր, որ Աստված թույլատրի, որ մարդն իրեն ապտակի, ծեծի ու ծաղրի: Նա պատասխան չէր տալիս իրեն ամբաստանողներին, թեեւ Ինքը ճշմարտությունն էր: Նա չէր սպառնում իրեն ծեծողներին ու ծաղրողներին, թեեւ ուներ իշխանություն:

Բոլորին ներել ու խաչվել

Նույնիսկ խաչի վրա էին իրեն ծաղրում ու նախատում: Նա իրեն ծաղրողների բոլորի անունները գիտեր, բոլորի կենսագրություններն ու մեղքերը հատ-հատ գիտեր: Բայց խոնարհաբար տարավ: Առավել եւս, հոգին ավանդելուց առաջ բոլորին ներեց (Ղկ. 23:34), ու խնդրեց, որ Հայրն էլ ների: Ապա հոգին ավանդեց հոր ձեռքերի մեջ: Ահա խոնարհության չտեսնված չափանիշ ու խոնարհ գործերի բացառիկ շղթա: Արդյունքում եղավ հարություն: Երրորդ օրը նա հարություն առավ: Ցույց տվեց, որ մահը իշխանություն չունի իր վրա: Ցույց տվեց, որ նա տառապանքի միջոցով վերանորոգեց ու կատարյալ դարձրեց մարդկային մեր վնասված ու ապականված բնությունն ու իր մարմինը մեզ տվեց, որպես հաղորդություն: Որպեսզի մարդը նույնպես հաղորդվի աստվածային անմահ բնությանն ու վերանորոգվելով աճի դեպի Երկնքի Արքայություն: Ճանապարհն արդեն գիտեք: Դա Քրիստոսն է: Իսկ թե ինչպես ենք այն անցնում, դա էլ գիտեք: Դա սերն է Աստուծո ու մարդկանց նկատմամբ: Իսկ չկա սեր այնտեղ, որտեղ չկա խոնարհություն:
Սիրելի մարդիկ, խոնարհության մեջ ավելի ու ավելի առաջանալը պիտի լինի մեր նպատակը: Խոնարհության մեջ է, որ տեղի է ունենում իրական մտքի ու վարքի փոփոխությունը: Խոնարհության մեջ է, որ մարդը ձեռք է բերում Քրիստոսի խոստացած խաղաղությունը: Խոնարհների վրա է գալիս Աստուծո Սուրբ Հոգին եւ խոնարհներինն է Երկնքի Արքայությունը:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ
https://www.facebook.com/ armen.hareyan

«Առավոտ»

13,04.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930