Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես անել, որ մարդկանց հաճելի լինի ձեր ներկայությունը

Մայիս 05,2017 14:30

ՄԻ շատ գեղեցիկ ու հոգեւոր օրենք կա: Եթե դուք փոխեք ձեր մտքերը մարդկանց նկատմամբ, ապա դուք աստիճանաբար կփոխեք նաեւ այդ մարդկանց մտքերը: Եթե ձեր մտքերը բարություն ու սեր են, ապա ձեր շրջապատի մարդկանց մտքերն էլ աստիճանաբար կդառնան բարություն ու սեր: Ինչպես է սա կատարվում, ինչպես բարությամբ լցվել մարդկանց նկատմամբ, երբ կան խանգարող հանգամանքներ:
Երբ դուք փոխում եք ձեր մտքերը, մի շատ զարմանալի, բայց բնական ձեւով ձեր շրջապատի մարդկանց մտքերը նույնպես փոխվում են: Եթե դուք իսկապես սիրեք Աստծուն, ապա իսկապես սիրով ու համբերությամբ կլցվեք այն ամենի նկատմամբ, որոնք ստեղծվել են Աստուծո կողմից: Եթե դուք իսկապես Աստծուն ընդունում եք որպես ձեր Երկնավոր Հոր, ապա դուք ավելի համբերատար ու սիրալիր կլինեք ձեր Հոր մյուս զավակների նկատմամբ, ովքեր ձեր քույրերն ու եղբայրներն են, ովքեր ձեր մեծ ընտանիքի անդամներն են, ովքեր ձեր նման ասում են՝ «Հայր ՄԵՐ, որ երկնքում ես…»:
Սերբիայի Վիտովնիցա քաղաքի վանքում մինչեւ 2003 թվականը Թադեւոս անունով մի ծեր վանահայր էր ապրում, որի մոտ տասնյակ հազարավոր մարդիկ էին գնում հոգեւոր կյանքի մասին խորհուրդների համար: Այս մարդը շատ խոնարհ ու հարգված մարդ էր: Ահա թե նա ինչ էր ասում վերոհիշյալ հարցի մասին:

Երբ մենք հաճախ ենք մտածում մի անձի մասին, մենք սկսում ենք սիրել այդ անձին: Դուք հասկանո՞ւմ եք, անհնար է սիրել մեկին, երբ մենք այդ անձին ոչ մի ուշադրություն չենք դարձնում եւ չենք մտածում իր մասին երկար ժամանակ:

Երբ մենք փնտրում ենք մեր սիրելի Տեր Աստծուն ու ավելի հաճախ մտածում Նրա մասին, մեր սրտերը սկսում են ջերմանալ:

Երբ սիրտը ջերմանում է, մեր միտքը սկսում է ավելի ու ավելի կենտրոնանալ Քրիստոսի վրա: Երբ այդ կենտրոնացումը ուժեղանում է, ապա մեր քարացած ու եսասեր սրտերը սկսում են ջերմանալ, փափկել, այդ կրակն ուժեղանում է ու մենք սկսում ենք ամեն ինչ սրտով անել, այսինքն՝ խղճով:

Ու մեկ էլ հանկարծ մենք սկսում ենք մեր շրջապատի իրադարձություններին այլ կերպ նայել: Սկսում ենք տեսնել, որ մեջ շուրջն ամեն ինչ սկսում է աստիճանաբար փոխվել:
Մարդկանց մտքերը նույնպես փոխվում են մեզանից ճառագայթող խաղաղության պատճառով: Նրանք իրենց լավ են զգում մեր ներկայության մեջ: Թերեւս նրանք մեր հետ թշնամանք ունեին, բայց հիմա նրանք զգում են, որ մեզանից խաղաղություն է ճառագայթում:

Իսկ ինչ վերաբերում է մեզ, մենք այլեւս նրանց հետ չենք վարվում «աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ» սկզբունքով, այլ նրանց մասին ունենք միայն բարի ու անկեղծ մտքեր (շեշտում եմ, բարի ՄՏՔԵՐ): Մեր ուզածն արդեն խաղաղություն է: Երբ երկու կոնֆլիկտային կողմեր կան, մի կողմը պետք է արժանապատվորեն զիջի: Դու դառնում ես այդ կողմը: Տերն, ի վերջո, պատվիրեց մեզ սիրել մեր թշնամիներին:
«Եթե դուք իսկապես սիրեք Աստծուն, Նրա մեծ ընտանիքն ու այդ ընտանիքի անդամներին, ապա ձեր մտքերը կսկսեն փոխվել մարդկանց նկատմամբ, շրջակա միջավայրի նկատմամբ, կենդանական աշխարհի նկատմամբ ու ինքներդ ձեր նկատմամբ: Դուք ավելի համբերատար կլինեք: Իսկ համբերությունը սիրո առաջին նշանն է» (Ա Կթ. 13:4): «Դուք մարդկանց այդքան արագ ու արտաքին նշանների հիման վրա չէք դատի, այլ կհասկանաք նրանց ցավը եւ կուզենաք օգնել նրանց: Այս ամենը կանեք, որովհետեւ դուք սիրում էք ձեր Աստծուն, այդ սիրո պատճառով ձեր սիրտը ջերմանում է ու ձեզանից խաղաղություն ու սեր է ճառագում ձեր շուրջը: Չէ՞ որ Տեր Հիսուսն ասաց, որ եթե մենք իրեն իսկապես հավատանք, ապա մեր սրտերից Սուրբ Հոգին կենդանի ջրերի պես է բխելու» (Հովհ. 7:38-9):

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

https://www.facebook.com/armen.hareyan

«Առավոտ»

04.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031