Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավախք» հայրենակցական միության հայտարարությունը. զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին

Ապրիլ 19,2017 16:36
javaxq

Օրերս միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի մասնակցելու նպատակով Բաքու էր այցելել Ախալցխայի քաղաքապետը: Այս փաստը խիստ դժգոհություն առաջացրեց Ախալցխայի հայության մեջ, ովքեր իրավամբ գտնում են, որ առնվազն 50%-ով իրենց քվեներին պարտական քաղաքապետը պարտավոր էր հարգել հայերի ազգային զգացմունքները և ապրիլյան քառօրյա պատերազմի և Հայոց ցեղասպանության տարելիցների համապատկերին չպետք է մեկներ Ադրբեջան: Առավել վրդովեցուցիչ է այն, որ ցուցահանդեսի շրջանակներում տեղի է ունեցել քաղաքապետի հանդիպումը նախագահ Ալիևի հետ:

Ինչ խոսք, այս ամենը կմնար զուտ զգացմունքային հարթությունում և մեր կողմից քննարկման առարկա չէր դառնա, եթե բացահայտ տեսանելի չլինեին այն վտանգները, որոնք պարզորոշ երևում են նմանատիպ իրադարձությունների ֆոնին: Խոսքը պանթուրքիզմի վտանգի մասին է: Պարզից էլ պարզ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերակայություն հանդիսացող պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու առաջին և ամենակարևոր քայլերից մեկը Ադրբեջանի հետ ցամաքային երաշխավորված կապ հաստատելն է: Թուրք-ադրբեջանական տանդեմը այդ կապը փորձեց բացել հարավից, սակայն հերոսական Արցախը վստահորեն դիմակայեց այդ ոտնձգությանը, հյուսիսում Ջավախքն է անսասան պահում Վրաստանի սահմանը, հետևաբար միակ հնարավորությունը մնում է Ախալցխան, որի վրայով նրանք կարող են միանալ մեծամասամբ թուրքաբնակ վրացական Քվեմո Քարթլի նահանգին, որից արևելք արդեն Ադրբեջանն է:

Այս դեպքում Ալիևը պատրաստ է ցանկացած քայլի, անգամ Ախալցխայի քաղաքապետին շողոքորթելը, միայն թե բազմապատկեն իրենց ներկայությունն ու ազդեցությունը Սամցխեում: Իսկ այդ ազդեցությունն արդեն նկատելի է: Ախալցխայի համլսարանում գործում է թուրքագիտության բաժին, որտեղ տասնյակ ադրբեջանցի երիտասարդներ են ուսանում: Թուրքերը լայնածավալ ներդրումներ են սկսել այնտեղ տարբեր ոլորտներում: Թուրքիան ձգտում է իրականացնել թուրք-մեսխեթցիներին Սամցխեում վերաբնակեցնելու ծրագիրը: Այս ամենի մեկնարկը տրվել էր Մ. Սահակաշվիլու տխրահռչակ կառավարման տարիներին, երբ կուրացած թուրքական ոսկուց, անգամ թույլ տրվեց թուրքացնել Բաթումը:

Այսօր Վրաստանը շատ դանդաղ և դժվարությամբ է հաղթահարում նախկին քաղաքականությունը և սա շատ զարմանալի է, քանզի վրաց ժողովուրդը հազարամյակներ շարունակ աչքի է ընկել իր պետությունը սիրելու, ամրապնդելու և պաշտպանելու բացառիկ հատկություններով և ցանկացած շահախնդրություն չի կարող ավելին լինել նրա համար, քան սեփական հայրենիքն ու նրա անվտանգությունը: Մինչդեռ ակնհայտ է, որ տեսանելի ապագայում, վերջնականապես թուրքացնելով Աջարիան, Թուրքիան և Ադրբեջանը իրենց ողջ ուժերը կնետեն Ախալցխա: Բաքու-Ջեյհան նավթամուղը և Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը կդառնան համաշխարհային չարիք հանդիսացող պանթուրքիզմի միջանցքը, որի հետևանքով Վրաստանի բարեխիղճ քաղաքացի հանդիսացող Ախալցխայի բազմահազար հայությունը կկանգնի ֆիզիկական գոյության և հայրենազրկման սպառնալիքի առջև, իսկ Վրաստանն ու Հայաստանը՝ կործանարար մարտահրավերների: Համենայնդեպս պատմության դառը դասերը դա են ցույց տվել:

Ուստի, զգոնության կոչ ենք անում Հայաստանի և Վրաստանի իշխանություններին և հորդորում երկկողմ հարաբերությունների օրակարգը համալրել փոխգործակցության այնպիսի կառուցակարգերով, որոնք կբացառեն պանթուրքիզմի տարածումը մեր տարածաշրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930