Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ»

Ապրիլ 24,2017 11:34

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

«Սիրելի հայրենակիցներ,

այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ տարբեր երկրներում շարունակվող պետական ահաբեկչության, մարդկային կյանքերի նկատմամբ իրականացվող ոտնձգությունների ու բռնությունների դեմ, որովհետեւ ոչ ոք, քան նրանք՝ Հայոց ցեղասպանության զոհերը, ավելի լավ չգիտի, թե ինչ է պետականորեն քարոզվող ազգային խտրականությունը, թշնամանքի քաղաքականությունը, ինչ են կենսազրկումը, հայրենազրկումը եւ ունեզրկումը: Ավելի քան 100 տարի առաջ նրանք իրենք էլ չգիտեին այդ մասին, որովհետեւ թվում էր, թե մարդկությունը զարգանում է առաջընթաց քաղաքակրթության ճանապարհով: Իրականում հենց այդպես էլ կար, միայն թե ոչ տարբեր ազգերի ու ժողովուրդների հայրենիքների բռնազավթման հետեւանքով առաջացած թուրքական պետության մեջ, որտեղ քաղաքակրթությունն այսօր էլ շարունակում է մնալ այլատյացության ու անհանդուրժողականության, մարդկային առաջադեմ արժեքների ուրացման ու ոտնահարման մակարդակում:

Հարյուրամյակի հեռավորությունից քաղաքակիրթ մարդկությանն առավել քան հասկանալի է, որ այդ ամենը հանգեցնում է մարդկության դեմ մեծագույն հանցագործության՝ ցեղասպանության: Հասկանալի է, սակայն դեռեւս բավարար չեն կանխարգելիչ ու պատժիչ գործողությունները ցեղասպանների դեմ՝ անկախ հանցագործության վաղեմության ժամկետից:

Հարյուրամյակի հեռավորությունից Հայոց ցեղասպանության զոհերը քաղաքակիրթ մարդկությանը պատգամ են հղել՝ իրականացված Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի: Բարոյականության դատն առոչինչ է առանց իրավական դատի, որն իրականություն դարձնելը ժամանակակից մարդկության պարտքն է թե Հայոց ցեղասպանության եւ թե նրանից հետո աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների զոհերի հանդեպ:

Սիրելի հայրենակիցներ,

մենք ապացուցել ենք, որ անհնար է նենգափոխել պատմությունը կամ սակարկել դրա շուրջ: Որեւէ պետության, առավել եւս ցեղասպան պետության ղեկավար, անկախ բռնակալի իր հավակնություններից, որեւէ պետություն, անկախ սահմանադրորեն ամրապնդվող իր բռնատիրական կարգերից, չի կարող այնքան զորեղ լինել, որ պարտակի կամ կեղծի փաստերը, որոնք ոչ թե տարեցտարի, այլ օրեցօր են ավելի ակնհայտ ու անհանդուրժող դառնում: Մենք իրական ու ճշմարտացի պատմության, արդար դատի եւ արդարների հիշատակի պաշտպանն ենք, ցեղասպանություն իրողության ու երեւույթի մոռացումը բացառողը, ինչպես մեր սահմանը պաշտպանող զինվորն է այլեւս բացառում հայի ցեղասպանումն ու հայրենազրկումը:

Սիրելի հայրենակիցներ,

արդարությունն ու ճշմարտությունը վերականգնելուց զատ՝ ապրողներս մի լուռ խոստում ունենք տված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերին՝ 20-րդ դարասկզբին տեղի ունեցած հայրենազրկումը փոխհատուցել հզոր ու միասնական հայրենիքի վերստեղծմամբ, կենսազրկումը ազգովի բազմապատկվելով, ունեզրկումը՝ բարգավաճմամբ եւ հզորանալով: Ցեղասպանության դժոխքը վերապրածները եւ ցեղասպանության զոհերի հիշատակները հորդորում են ու պարտավորեցնում մեզ՝ ոգեկոչել ու հիշել ուժեղանալով, երբեք չկորցնել ոչ միայն հույսն ու ոգին, այլեւ ամենածանր պահին անգամ հավատարիմ մնալ ինքներս մեզ, մեր արժեքներին եւ, որ ամենակարեւորն է, հայրենիքին»:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն​​

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930