Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործատուի «ձեռքը բռնող» չկա, գործատուն իրեն անպատիժ է զգում, հսկող մարմին չկա»

Մայիս 03,2017 14:30

Հայաստանում Աշխատանքային օրենսգիրքը, կարելի է ասել, խախտվում է համատարած, եւ այն խախտվում է ոչ միայն մասնավոր հատվածում: Եթե մասնավոր հատվածում ամենատարածված խախտումը աշխատանքային պայմանագիր չկնքելն է, ապա պետական հատվածում պայմանագրից դուրս կամ աշխատողի պարտավորություններից ավելի աշխատանքով ծանրաբեռնելը:

Պետական հատվածում աշխատողներից մի քանիսը, որոնք չցանկացան իրենց անուն-ազգանունները ներկայացնենք՝ աշխատանքը կորցնելու մտավախության հիմնավորմամբ, նշեցին, որ իրենք շատ հաճախ կատարում են աշխատանքներ, որոնք իրենց աշխատանքային եւ մասնագիտական պարտականություններից դուրս են:

«Եթե ես հիմա ձեզ նկարագրեմ, թե իմ պարտականություններից դուրս ինչ աշխատանք եմ անում, մեր վարչության պետն անմիջապես կհասկանա, որ ես եմ, որովհետեւ ես մի քանի անգամ դժգոհել եմ, բայց պատասխան եմ ստացել՝ աղջիկ ջան, էսօր էնքան աշխատանք փնտրող կա, անփոխարինելի աշխատող չկա: Կարող եմ ասել, որ, ճիշտ է, հենց ժամը 6-ին ավարտվում է գործս, ավելի չեմ աշխատում, բայց առավոտից մինչեւ 6-ը էնքան գործ եմ անում, որ դրա կեսը իմ գործը չի»,- պատմեց մեր զրուցակիցներից մեկը:

«Առավոտի» հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունում հիմնականում չեն պահպանվում աշխատանքային պայմանագիր կնքելու պահանջները. աշխատանքի իրավունքը խախտվում է հենց աշխատանքի ընդունվելու պահից: «Դա բացատրվում է նրանով, որ անձը վախենում է աշխատանքը կորցնել: Գործատուն էլ չի կնքում պայմանագիր, որպեսզի որեւէ խախտում անելու դեպքում հետագայում աշխատողին ապացուցելու բազա չտա: Քանի Հայաստանում աշխատաշուկան շատ քիչ հնարավորություն է տալիս պոտենցիալ աշխատողին, գործատուներն էլ, օգտվելով դրանից, եթե պայմանագիր էլ կնքում են, տալիս են առաջադրանքներ, որոնք չեն նախատեսվում պայմանագրով կամ հաստիքի նկարագրությամբ»,- ասաց տիկին Տիգրանյանը:

Վերջերս մեծ աղմուկ հանեց «ՍԱՍ գրուպում» արված հայտնի ձայնագրությունը, որտեղ աշխատակցին գործատուն սպառնում է աշխատանքից հանել ընտրությունների ժամանակ ՀՀԿ թեկնածուի օգտին ձայն չբերելու համար: Սա վառ օրինակն է մեր երկրում տարածված երեւույթի՝ աշխատակիցների վրա գործատուն դնում է պարտականություն, որը պայմանագրով նախատեսված չէ եւ, ինչպես Տիգրանյանն ասաց, հանձնարարություն, որը որեւէ ձեւով կապված չէ այդ աշխատողի մասնագիտական որակավորման հետ. «Գործատուն օգտագործում է աշխատանքը ոչ միայն բիզնեսի, այլեւ քաղաքական նպատակների համար, սպառնում աշխատանքից ազատում: Այս դեպքում աշխատողը որքան էլ չուզի՝ կանի, հակառակ դեպքում կմնա աշխատանքը կորցրածի կարգավիճակում»:

Իրավախորհրդատուն նկատեց՝ գործատուները մեծապես օգտվում են այն հանգամանքից, որ աշխատողների իրավունքները պաշտպանող որեւէ կառույց կամ աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնող մարմին չկա. «Կա առողջապահության տեսչություն, որը աշխատանքի տեսչութան իրավահաջորդն է, բայց չի անում այն գործառույթը, ինչը անում էր աշխատանքի տեսչությունը: Գործատուն չունի «ձեռքը բռնող», գործատուն կաշկանդված չէ պետական հսկող մարմնից, տուգանվելու վախից, որպեսզի իրավաչափ վարք դրսեւորի, եւ հանգիստ ծանրաբեռնում է ավելի աշխատանքով, ու աշխատողը հլու-հնազանդ կատարում է այն, ինչ ասում են»:
Պետական գերատեսչություններում էլ նախընտրական շրջանում ենթականերին, ասենք, ընդամենը հորդորում են կամ խորհուրդ են տալիս քվեարկել իշխող Հանրապետական կուսակցության կամ մեկ այլ թեկնածուի օգտին, հակառակ դեպքում աշխատանքը կորցնելու «օդում կախված» վտանգ կա: Մեր զրուցակիցներից մեկը, որը նախարարություններից մեկում է աշխատում, ասաց, որ ճիշտ է, իրենց հետ, ինչպես «ՍԱՍ գրուպում» ժողով չեն արել, ակնհայտ սպառնալիքներ չեն եղել, բայց ակնարկել են, որ պետք է տվյալ կուսակցությանը ձայն տալ:

Այս առնչությամբ Տիգրանյանն ասաց. «Իրավունքի խախտում է, աշխատողին աշխատանքից ազատելու իրավունքը սահմանվում է օրենսդրությամբ, պայմանագրով են սահմանվում ազատելու հիմքերը, բայց սեռատարիքային, դավանանքի կամ քաղաքական հայացքների համար ազատելը խտրական մոտեցում է, օրենսդրությամբ արգելվում է: Նման արարքում կա այլ հանցակազմ, գործատուն, ի դեմս պետության, ընտրողի ազատ կամքի վրա բռնանում է, պետական հատվածում աշխատող ընտրողը ազատ չի ընտրում: Աշխատանքային հարաբերություններում գործատուն իրավունք չունի տալ այնպիսի հանձնարարություն, որը դուրս է տվյալ աշխատանքային իրավահարաբերությունների առարկայի շրջանակներից, անձը ստորագրում է պայմանագիր, որով պատրաստվում է աշխատանքային եւ իր որակավորման գիտելիքով աշխատել ու դրա դիմաց վարձատրվել: Որեւէ մեկը չի ստորագրում պայմանագիր, որտեղ խոստումներ լինեն հետագա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Սա արգելված գործողություն է, բայց, ցավոք, տարածված, որովհետեւ աշխատողը բողոքելու որեւէ տեղ չունի, որ իրեն տվել են ապօրինի հանձնարարություն: Չկա հսկող մարմին, գործատուն կաշկանդված չէ որեւէ պետական մարմնով, ավելին՝ նրանք իրենց անպատիժ են զգում նման հանձնարարություն տալու պարագայում»:

Ամենախոցելի աշխատավորներից տաքսու վարորդների դեպքում հաճախ ոչ միայն պայմանագիր չի կնքվում, նույնիսկ օրենքով սահմանված 8 ժամից ավելի աշխատելու դեպքում էլ հավելավճարներ չեն ստանում: Մեզ հետ զրուցած վարորդներից շատերը վստահեցրին, որ այն տաքսի-ծառայություններում, որտեղ աշխատում են, հիմնականում պայմանագիր չեն կնքում եւ աշխատում են օրական 10, 11, նույնիսկ 12 ժամ: Նրանք ասացին, որ ճարահատյալ են այդքան աշխատում, քանի որ այլ աշխատանք չեն կարող գտնել: «Դուք նշեցիք մի ոլորտ, որտեղ ընդհանրապես բարձիթողի վիճակ է ոչ միայն աշխատաժամի, նաեւ աշխատավարձի սահմանման դեպքերում»,- ասաց Հերիքնազ Տիգրանյանը: Նա նկատեց, որ այս ոլորտում հսկողություն չկա, եթե կարգավորում էլ կա, ապա գործնականում այն չի պահպանվում. «Տաքսու վարորդներն օրական 12 ժամ աշխատելու դեպքում գործատուն գոնե պետք է կիրառի գումարային աշխատաժամանակի հաշվարկ հասկացությունը, որի դեպքում թույլատրվում է 12 ժամ աշխատել, բայց 6 ամսից ավելի պայմանագիր կնքել չի թույլատրվում: Ես բացառում եմ, որ նրանք գումարային աշխատաժամանակի հաշվարկի մեխանիզմն են կիրառում, նրանք աշխատեցնում են այնքան, որքան կկարողանան «քամել» վարորդից, մանավանդ խախտում են օրենսդրությունը՝ չեն կնքում պայմանագիր, որտեղ ֆիքսված է աշխատավարձը: Հայտարարություններ են տալիս, որտեղ նշում են աշխատավարձի սահմանը՝ 50/50 կամ 60/40, սա անթույլատրելի է: Մեր օրենսդրությունը աշխատավարձի 50/50 մեխանիզմ չի սահմանում: Կա ամսավճար, ժամավճար, գործարքային: Տաքսու վարորդների դեպքում գուցե սահմանվի ժամավճար, բայց 50/50-ը խախտում է, սա նշանակում է՝ շահագործում են վարորդներին»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

02.05.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031