Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվում է այնպես, որ պատահած հիվանդացությունների պատճառով ընտանիքը հայտնվում է աղքատության եզրին. Հերիքնազ Տիգրանյան

Դեկտեմբեր 22,2023 21:12

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 22-ի աշխատանքային քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը եւ նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը հանձնաժողովի  անդամներին ներկայացրել են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» հայեցակարգը, որը հաստատվել է Կառավարության կողմից: Հայեցակարգին հաջորդելու է օրենսդրական փաթեթի ընդունումը խորհրդարանում:

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշել է, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումը կարեւոր նշանակություն է ունենալու քաղաքացիների,   հատկապես՝ բնակչության խոցելի խմբերի համար: Ըստ Հերիքնազ Տիգրանյանի՝ հարցը հետաքրքրում է հանձնաժողովի անդամներին, քանի որ բնակչության աղքատացումը երբեմն ուղիղ կապվում է բժշկական ծառայությունների հետ: «Այսինքն՝ ստացվում է այնպես, որ պատահած հիվանդացությունների պատճառով ընտանիքը հայտնվում է աղքատության եզրին, ինչը նշանակում է, որ մենք ժամանակին չենք անում բավարար խնայողություններ առողջության պահպանության կամ բժշկական որակյալ օգնություն ստանալու համար»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը հայտնել է, որ նախագծի հիմնական նպատակը բժշկական ծառայությունների հասանելիության մեծացումն է: Այն վերաբերելու է Հայաստանի ամբողջ բնակչությանը եւ լուծելու է բազմաթիվ սոցիալական խնդիրներ:  Համակարգը նախատեսվում է ներդնել 2024 թվականի երկրորդ կիսամյակում, ամբողջապես այն ներդրված կլինի 2027 թվականին:  Առաջին փուլում համակարգում կընդգրկվեն պետպատվերի համակարգում գտնվողները՝ 0-18 տարեկան երեխաները, հաշմանդամություն ունեցող անձինք, նպաստի համակարգում գտնվող անձինք, այնուհետեւ՝ փուլ առ փուլ կենսաթոշակառուները, աշխատող քաղաքացիները, ինքնազբաղվածները եւ այլն:  Այն անձինք, որոնք ընդգրկված չեն լինի համակարգում, նույնպես կօգտվեն առողջության բժշկական ապահովագրությունից, սակայն նվազագույն չափով:

Նշվել է, որ ապահովագրական վճարը լինելու է ֆիքսված, մինչեւ 300 հազար դրամ ստացող քաղաքացիների պարագայում պետությունը սուբսիդիա կիրականացնի:

Լենա Նանուշյանը եւ Սամվել Խարազյանը  պատասխանել են պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031