Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթի վերաբերյալ ներկայացում՝ արտագաղթից տառապող Նոյեմբերյանում

Մայիս 16,2017 18:55

Մայիսի 15-ին Նոյեմբերյանի մշակութային կենտրոնում (տնօրեն՝ Մելսիդա Վերանյան) ՀՀ մշակույթի նախարարության Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը բեմադրեց Ա. Սիմոնյանի «44 աստիճանի վրա» ներկայացումը: Մուտքը ազատ էր. ներկայացումը կայացավ համազգային հայ կրթական եւ մշակութային միության հովանավորությամբ, Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ: Ներկայացմանը ներկա էր խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը՝ իր տիկնոջ հետ:

Ներկայացումը հուզիչ պատմություն էր արտագաղթող հայերի պատճառով դատարկվող գյուղի մասին: Ամեն հեռացող իր տան բանալին էր հանձնում մեղվաբույծ Մկրոյին եւ նրա կնոջը՝ Սիրանուշին: Նրանցից բացի այլ գործող անձ  կա՝ հարեւան Կարապետը:

Բեմը համեստորեն, սակայն պատշաճ էր կահավորված, հնչունային ձեւավորումը եւս ճաշակով էր: Չնայած սյուժեն դանդաղ էր զարգանում, շատ ու երկար էին զրույցները,սակայն ներկայացումը, հիրավի, հաջողված էր: Դա պայմանավորված էր դերասանների լավ խաղով, նրանց մարմնավորած կերպարները բնական էին եւ համոզիչ:

Ներկայացման ավարտին հանդիսատեսները երկար ծափահարություններով երախտագիտություն հայտնեցին թատերախմբին: Նրանց ծաղիկներ հանձնեցին, Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, թատերական ռեժիսոր Սամվել Բեգլարյանը Նոյեմբերյանի մշակութային կենտրոնի շնորհակալագիրը հանձնեց թատերախմբին:

Բեմադրությունից հետո հանդիսատեսները դրվատելով ներկայացումը, մեզ ասացին ՝ լավ կլինի, եթե հաջորդ անգամ Նոյեմբերյանում այլ թեմայով ներկայացում բեմադրվի, քանի որ մարդիկ մշտապես տառապում են՝ տեսնելով Նոյեմբերյանի սահմանագոտուց արտագաղթը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031